Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետ չստացվեց, հաջողեց թատրոնում, գուցե նաեւ գրի

Մայիս 18,2022 12:30

Հարցազրույց դերասանուհի Էմմա Մանուկյանի հետ

– Էմմա, մեր դիտարկմամբ՝ դուք այսօր պահանջված դերասան եք եւ նկատենք, որ սիրված՝ հանդիսատեսի կողմից։ Ստացվել է այնպես, որ դրամատիկական թատրոնում ձեզ հանդիպել ենք միայն Գրիգոր Խաչատրյանի ռեժիսուրայով բեմադրված ներկայացումներում, այդ թվում՝ «Գանգստեր Մաքը», «Անկոչ Աննան», «Ֆիգարոյի ամուսնությունը», ընդ որում՝ տարբեր հոգեվիճակներով, մեկը մյուսից բացառապես տարբեր կերպարներում։ Վերջերս էլ հանդես եկաք նույն ռեժիսորի բեմադրած «Չուչել» ներկայացման մեջ՝ Յարոլիկայի դերում։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ռեժիսորը ստացել էր բարձրարվեստ գործ։ Բայց մի դիտարկում. «Չուչելում» ներկայացաք այնպես, կարծես վերապրում էիք ձեզ հետ կատարվածը։ Ովքեր դեռ ներկա չեն եղել ներկայացման պրեմիերային, ասենք, որ այն բեմադրված է ըստ Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի։ Իսկ հայտնի կինոռեժիսոր Ռոլան Բիկովի 1984թ. նկարահանած համանուն ֆիլմը քաջածանոթ է շատերին։ «Չուչելի» մասին՝ փոքր-ինչ ուշ։ Հարցազրույցներում մեկ-երկու անգամ կրկնել եք Մարչելո Մաստրոյանիի խոսքերը՝ եթե ուզում ես դերասան դառնալ, առաջին հերթին սովորիր սպասել, ինչը չենք ասի ձեր դեպքում, քանի որ եւ թատրոնում, եւ սերիալներում ցանկալի դերասան եք։ Կա՞ այնպիսի մեկը, որ պարզապես բռնելով ձեր ձեռքը, ճանապարհ է հարթում։

– Շփումս արվեստի հետ սկսվել է մանկապարտեզից. 5 տարեկան էի, երբ մանկապարտեզ եկան մեր օպերային թատրոնի բալետի առաջատար արտիստներ Գարուշ Խունոյանը, որը ժամանակ անց դարձավ կնքահայրս, եւ Ռուբեն Տոնոյանը։ Նրանք փնտրում էին «բալետային» տվյալներ ունեցող երեխաների։ Ընտրեցին նաեւ ինձ, բայց դա այն շրջանն էր, երբ մայրս վնասել էր ոտքը, բժիշկը խորհուրդ էր տվել անկողնային ռեժիմ, ես էլ, բնականաբար, չէի կարող մասնակցել խմբակի փորձերին։ Պատկերացնո՞ւմ եք, այնքան մեծ էր սերս դեպի պարը, որ հազար ու մի պատճառ էի փնտրում, որպեսզի թեկուզ մի քանի րոպե ծիկրակեմ, հետեւեմ փորձերին։ Դա նկատել էր մանկապարտեզի տնօրենի տեղակալը։ Որոշ ժամանակ անց նա եկավ մեր տուն ու հայտարարեց՝ եթե դուք չեք կարող երեխային տանել-բերել խմբակի փորձերին, ինքս կվերցնեմ այդ պարտականությունն ինձ վրա։ Դրանից հետո հաճախեցի փորձերին, խորհուրդ տվեցին ուսում առնել պարարվեստի քոլեջում։ Այդպես հայտնվեցի նշանավոր բալետի արտիստ ու դասատու Աննա Մարիկյանի դասարանում։ Դասընկերներիցս ոմանք դարձան բալետի անվանի արտիստներ, այդ թվում՝ մեր թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը, այսօր Իսրայելի առաջատար բալետի արտիստներից Լյուդվիգ Իսպիրյանը եւ այլն։ Այ, դուք ասացիք, որ «Չուչելում» ներկայացա այնպես, կարծես վերապրում էի ինձ հետ կատարվածը։ Փաստորեն ձեր դիտարկումը մեկը մեկին համընկնում է։ Կասեմ ուղիղ. ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ քոլեջում ուսումնառության տարիներին համադասարանցիներս «բուլլինգի» էին ենթարկում ինձ (որեւէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի կիրառում այլ անձի նկատմամբ- Ս. Դ.)։ Իմ դեպքում հոգեբանական գործոնն էր, քանի որ, չգիտես ինչու, ես սկսեցի գիրանալ ու տարբերվել մյուսներից։ Եվ դա այն դեպքում, երբ, հավատացնում եմ՝ համարյա չէի սնվում։ Իհարկե, հնարավոր է, որ շրջապատիս նման ճնշումներն էին պատճառը։ Քոլեջն ավարտելուց հետո հասկացա, որ օպերային թատրոնի դռները չեն բացվի իմ առջեւ։ Ու քանի որ իրատես եմ եղել դեռեւս պատանեկան տարիքից, հասկացա, որ ժամանակն է երկրորդ մասնագիտություն ընտրել, սովորել։

– Եվ, բնականաբար, ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։

– Ոչ, սկսեցի հաճախել Գեւորգ Մարկոսյանի ղեկավարությամբ գործող լատինաամերիկյան պարերի ստուդիա։ Այստեղ էլ մարզիչս, ինչպես ասացիք՝ ձեռքս բռնած, ինձ տարավ առաջ, հասցնելով ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային մրցելույթների։ Բայց այստեղ էլ հասկացա, որ սպորտային պարերը ամբողջ կյանքի համար չեն եւ որոշեցի, դարձյալ չհեռանալով մշակույթի ոլորտից, ընտրել թատերագիտությունը։ Մայրս չողջունեց ընտրությունս, ասելով, թե ինչու գրել դերասանների մասին, եթե դու ինքդ կարող ես լինել բեմում։ Սկսեցի դասեր առնել Մարգարիտա Մնացականյանից, հետո ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ Հրաչյա Աշուղյանի կուրս։ Թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ առաջին կուրսի վերջում քննությունները հանձնելիս Սաթենիկ Մաթեւոսյանը կանգնեցրեց ինձ եւ պարզապես հրավիրեց իր ղեկավարած կուրս։ Ես հավատացի նրան ու հասկացա, որ, թեեւ խորին հարգանք տածելով պարոն Աշուղյանի նկատմամբ, պիտի գնամ։ Այդպես էլ վարվեցի, քանի որ զգացի, որ հիմա էլ նա պետք է ձեռքս բռնի, օգնի ու վեր բարձրացնի։

– Շուրջ հինգ տարի դրամատիկական թատրոնում եք։ Այստեղ ո՞վ նկատեց ու ձեր ձեռքը բռնեց… Եվ ինչո՞ւ հենց դրամատիկական թատրոն։

– Ինստիտուտում ուսումնառության առաջին օրից գլխումս միտք էր պտտվում, որ պիտի գնամ հենց դրամատիկական։ Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա համակուրսեցուս՝ Վիլեն Սարգսյանի հետ։ Հետո երեխայի էի սպասում։ Այդ վիճակը, բնականաբար, թույլ չէր տալիս ազատ տեղաշարժվել։ Եվ ես սկսեցի կարդալ ու կարդալ, ինչի արդյունքում գիտական թեզ պաշտպանեցի «Խորեն Աբրահամյանը՝ շեքսպիրյա՞ն դերասան» թեմայով։ Հետո աղջիկս՝ Սառան, ծնվեց ու հասկացա, որ պիտի գնամ իմ երազած դրամատիկական թատրոն։ Գնացի։ Իսկ դրամատիկականի «դուռը բացեց» ինքը՝ Գրիգոր Խաչատրյանը ու անմիջապես ինձ վստահեց Կատյայի դերը Դոստոեւսկու «Անկոչ Աննա» ներկայացման մեջ, որն ինձ համար «տրամպլինային» հանդիսացավ։ Հերոսուհիս 9 տարեկան էր։ Ընդ որում՝ մինչեւ այսօր էլ խաղում եմ Աննա։ Գիտե՞ք, այս ներկայացման մեջ ինձ զգում եմ 18-րդ դարի վերջ, 19-րդ դարի սկզբում, պետերբուրգյան միջավայրում։ Առանց մանրամասնելու նշեմ, որ փորձերի ընթացքում եղել են պահեր, երբ ցանկացել եմ Գրիգորին ասել, որ հրաժարվում եմ այդ դերից։ Բայց եղավ հակառակը. նա կարողացավ իր ռեժիսորական մտահղացումներն այնպես իրականացնել, նաեւ իմ կերպարն այնպես «հավաքել», որ ստացվեց այն, ինչ ստացվել է։ Կներեք ամպագոռգոռ բառերի համար՝ արդյունքն ինձ գոհացնում է։

– Մի առիթով ասել եք, որ 24 ժամ կարող եք առանց դադարի գտնվել բեմում։ Եթե ձեր ասածին գումարենք սերիալներում զբաղվածությունը նույնպես, ապա այդպես էլ կա։ Իսկ ժամանակ մնո՞ւմ է ձեր դստեր՝ փոքրիկ Սառայի համար։

– Սառան սիրահարված է դրամատիկական թատրոնին։ Բոլոր ներկայացումներն անգիր գիտի։ Հաճախում է նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Թատրոնում ընկերներս շատ են սիրում նրան։ Մի խոսքով՝ կուլիսներում է մեծանում։ Ինքն էլ իր աշխարհն ունի…

– Ստացվում է՝ մայր ու դուստր միասին եք անցկացնում օրվա մեծ մասը։ Իսկ Սառայի հայրը…

– Հայրն էլ է զբաղված. փորձեր, նկարահանումներ… Մեզ համար բնական է դարձել մեր կենցաղը։ Ճիշտ է, կողքից մեկ-մեկ լսում եմ, թե՝ ձեր ընտանիքում յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում։ Մեզ համար դա դարձել է սովորական, առօրյա։ Այո, դա մեր կյանքն է եւ մենք երջանիկ ենք։

– Այնուամենայնիվ, հայ ենք եւ չի բացառվում, որ ձեր դերերից մեկը չընդունվի ձեր ամուսնու կողմից։

– Արվեստում մեր հայացքները նման են, եթե չասեմ՝ նույնը։ Եթե ես կարդում եմ ու հասկանում, որ տվյալ դերն ինձ համար ընդունելի չէ կամ, ուղիղ ասած՝ ամուսնուս սրտով չի լինի, միանգամից մերժում եմ։

– Վերադառնանք «Չուչելին»։ Գիտենք, որ Գրիգոր Խաչատրյանի հետ աշխատել եք տեքստի վրա։ Ռեժիսորն ինչո՞ւ հենց ձեզ ընտրեց։

– Գրիգորն է թարգմանել Ժելեզնիկովի վիպակը եւ ապագա ներկայացումը առաջնային տարբերակով ամբողջությամբ հիմնված էր դրա վրա։ Հետո մի անգամ «սեղանի շուրջ» ընթացող փորձերից հասկացանք, որ այն շա՜տ սովետական է, հետեւաբար՝ ժամանակավրեպ եւ որոշեցինք այդ կմախքի վրա նոր բառամթերք օգտագործել եւ ռեժիսորի հետ միասին նորովի այն գրել։ Արդյունքում ստացել ենք մի ստեղծագործություն, որն ամբողջովին նոր է ու ժամանակակից։ Մյուս կողմից, եթե հանդիսատեսը ցանկություն ունենա տեսնել իր սիրելի վեպը, միանգամից ասեմ՝ հիասթափություն կապրի, քանի որ այն հիմնովին փոխված է, սակայն եթե ցանկություն ունենա հնի մոտիվներով նոր բան տեսնելու, կարծում եմ՝ կհավանի։ Փորձել ենք լինել անկեղծ, իրականացնել մի ներկայացում, որը հնարավորություն կտա խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց ինչ-որ մի պահից սկսեցինք միասին աշխատել տեքստի վրա եւ, որ ամենակարեւորն է, որոշում կայացրինք այդ աշխատանքը սկսել ամենասկզբից։ Ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռվեց։ Փաստորեն, ակամայից սկսեցի այլ աշխատանքով եւս զբաղվել։ Մի բան էլ ասեմ. գրել սկսել եմ դպրոցական տարիքից, բայց այդ մասին ընտանիքս չի իմացել։ 9 տարեկան էի, երբ տպավորված «Ամադեուս» ֆիլմով, գրիչ վերցրի ու գրեցի էսսե։ Անկեղծ ասած՝ սա առաջին անգամ եմ բարձրաձայնում։ Ունեմ ինքնակենսագրական հումորային գրվածքներ…

– Բալետի պարուհի, սպորտային պարեր, դերասանուհի, իսկ հնարավո՞ր է մի օր էլ ներկայանաք որպես գրող։

– Հնարավոր է։ Դա կլինի հավանաբար 50 տարեկանից հետո։ Կարծում եմ՝ գիրք գրելու, հրատարակելու համար պետք է ապրել, վերապրել, հետո միայն նստվածքը՝ եթե կարելի է այդպես արտահայտվել, հանձնել թղթին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031