Լրահոս
Օրվա լրահոսը

Պրիմիտիվիզմի գագաթնակետ

Մայիս 18,2022 12:00

Բաքուն ՀՀ իշխանությունների ներկայացրած 6 կետերը հիմք ընդունելով՝ արդեն իսկ արձանագրում է, որ Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Մայիսի 12-ին Դուշանբեում կայացավ հերթական եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման եւ բարգավաճման գոտու, այս մասին ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Դուշանբեում նշեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է կողմերի միջեւ վստահության մեծացմամբ եւ հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմամբ։ «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առաջ ընթանալ այն ճանապարհով, որը նախանշել են մեր ղեկավարները»,- ասել է Լավրովը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։ Նա միեւնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռեւս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։ «Գիտեմ, որ գործընկերների միջեւ շփումները շարունակվում են: Կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն արդյունքի հասնելու եւ եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ իրականացնելու համար»,- նշել է Բայրամովը՝ հավելելով, որ վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ են ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի ուղղությամբ. «Կարծում եմ, որ լավ զարգացումներ, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի եւ ներկայացուցչականության առումով, նաեւ կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսել այս գործընթացը»։

Արարատ Միրզոյանը հանդիպման մեկնարկին շեշտել է՝ Հայաստանը եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջեւ բոլոր պայմանավորվածությունների եւ հայտարարությունների իրականացմանը. «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձեւաչափերի ուղղությամբ. տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման եւ խաղաղության պայմանագրի կամ, ինչպես երեւի ավելի ճիշտ է ասել՝ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, հարաբերությունների հաստատման ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման եւ այլ խնդիրների, որոնք մնում են չլուծված»:

Եռակողմ բանակցություններից հետո ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր: Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների եւ ազատությունների երաշխավորման, ինչպես նաեւ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Միրզոյանը նաեւ շեշտել է՝ «44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարեւորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը»։

Ինչպես նկատում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը ուշադրություն են հրավիրել առայժմ չլուծված հարցերի վրա: Ընդ որում, եթե Ադրբեջանը բարձրաձայնում է «տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում» առաջընթացի բացակայության մասին, ապա հայկական կողմը, թեեւ խոսում է արցախահայության անվտանգության, իրավունքների եւ ազատությունների երաշխավորման, ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ու հայ ռազմագերիների վերադարձման մասին, բայց դրանք չեն ներկայացնում որպես հստակ պահանջներ, կամ նախապայմաններ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման առումով:

Հատկանշական է, որ Դուշանբեի եռակողմ հանդիպումից մեկ օր անց պաշտոնական Երեւանը գաղտնազերծեց Բաքվին ներկայացրած հայկական կողմի առաջարկները, որոնցից պարզ դարձավ, որ Հայաստանը՝ «երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ», հայկական կողմի համար հիմնարար է՝ «ԼՂ-ի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը», հայկական կողմը կարեւորում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու, եւ որ բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Հայկական կողմի 6 կետանոց պատասխան-փաստաթուղթը Հանրայինի եթերում ներկայացրեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Այսպես, հայկական կողմը հաստատում է, որ երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ պաշտոնական Երեւանը որեւէ պահանջ չունի՞ ադրբեջանական ստորաբաժանումների՝ արդեն մեկ տարի ՀՀ տարածք ներխուժելու փաստի առնչությամբ: Եթե հայկական կողմը շեշտում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը, ինչո՞ւ է արդեն իսկ համաձայնություն տալիս Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը ըստ Բաքվի պատկերացումների՝ իրավական տեսանկյունից փակելու է (Ադրբեջանն արդեն իսկ համարում է ԼՂ-ի կարգավիճակի թեման փակված հարց) Արցախի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկման հնարավորություն:

Նույնը վերաբերում է գերիների վերադարձին. եթե հայկական կողմը որոշեց բանակցել Բաքվի հետ, ուրեմն պատրաստ պետք է լիներ նաեւ այն իրողությանը, որ Ադրբեջանի իշխանությունները շահարկման առարկա են դարձնելու գերիների վերադարձման թեման հայկական կողմից իրենց համար ձեռնտու այլ զիջումներ կորզելու ճանապարհին:

Լավ է, որ ուշացումով պաշտոնական Երեւանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կատարման մասին է հիշատակում: Այդ սկզբունքները խախտողը մնում է Ադրբեջանը, հետեւաբար՝ ինչո՞ւ մինչ այժմ պաշտոնական Երեւանը չի կարողանում աջակցություն ստանալ գործընկեր պետություններից Ադրբեջանի ուղղությամբ հասցեական քննադատությունների առումով: Եվ ինչ երաշխիքներ, որ Բաքուն նույն գործելաոճը չի որդեգրելու անգամ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո: 44-օրյա պատերազմից հետո էլ Ալիեւը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացնում ու սպառնում է նոր պատերազմով, Հայաստանին «կրկին պատժելու» վերաբերյալ պարբերաբար ելույթներ է ունենում:

Հայկական կողմը հայտնել է, որ բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այստեղ եւս չի նշվում, թե կոնկրետ ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը պատկերացնում այդ ձեւաչափի բանակցություններ կազմակերպելու թեմաներից սկսած, մինչեւ բուն տեխնիկական պահը՝ ՌԴ-Արեւմուտք լարվածության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմի ներկայացրած 6 կետերը ոչ առաջարկություններ են, ոչ սկզբունքներ, ոչ էլ գաղափարներ, դրանք ընդհանրական, մակերեսային մտքեր են այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ պաշտոնական Երեւանին սկզբունքներ է ներկայացրել՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Ամենատարրական պատկերացումներ ունեցող, տրամաբանող մեկը կգիտակցեր, եթե Հայաստանը Ադրբեջանի պահանջով ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ի կարգավիճակի թեմայով ցանկացած հարցի վրա վերջակետ է դրվում, սկսած կարգավիճակի վերջնական որոշումից մինչեւ ռուս խաղաղապահների առկայությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ դեպքում հայկական կողմը պետք է ներկայացներ մի շարք առաջարկություններ, կամ առարկություններ՝ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետերին ի պատասխան:

Եթե պաշտոնական Երեւանը կարեւորում է ԼՂ-ի կարգավիճակի հստակեցումը, ապա ո՞րն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, Արցախի կարգավիճակն ինչպիսի՞ն պետք է լինի, եւ պակաս կարեւորն չէ հարցը՝ ինչպե՞ս պետք է որոշվի այդ կարգավիճակը:
Հաջորդը, հայկական կողմի նշած եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների վրա հղում կատարելով՝ Ալիեւը Հայաստանից Զանգեզուրի միջանցք է պահանջում, պաշտոնական Երեւանը դրան կո՞ղմ է արդեն: Ու բացի այդ, այդ պայմանավորվածությունները Բաքուն չի խախտե՞լ մինչ այժմ, ինչո՞ւ Երեւանը չի առաջարկում հստակ մեխանիզմներ պայմանավորվածությունները չհարգող կողմի պատասխանատվության առումով:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ու Արցախի համար այս վճռորոշ հարցերում ՀՀ արտաքին քաղաքականությամբ, անվտանգության մշակմամբ զբաղվում են ուղղակի դիլետանտներ, որոնք անգամ չեմ ընթերցել ԼՂ-ի կարգավորման պատմությանն առնչվող անգամ հրապարակված փաստաթղթերը, օրինակ՝ կարգավորման տարբերակները:

Նկատենք, որ պաշտոնական Բաքուն արդեն իսկ արձագանքել է պաշտոնական Երեւանի առաջարկած 6 կետերի թեմային՝ անթաքույց ծաղրելով դրանք: «Ադրբեջանը դեռ փետրվարին է խաղաղության պայմանագրի 5 բազային սկզբունքների վերաբերյալ առաջարկ արել Հայաստանին, իսկ վերջինս հայտարարել է, որ այդտեղ իր համար որեւէ անընդունելի կետ չկա՝ ներկայացնելով 6 կետից կազմված արձագանք։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի կողմից ընդունված փաստաթուղթը։ Բայց եթե նայենք այդ փաստաթղթին, ապա դրանք չի կարելի անվանել առաջարկներ։ Հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հանդիսանում է ադրբեջանական առաջարկներին արձագանք։ Ես կարող եմ թվարկել այդ արձագանքի 6 կետերից մի քանիսը, եւ դուք եւս կարող եք ենթադրություններ անել, թե որքանով դա կարելի է առաջարկներ անվանել»,- օրեր առաջ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հստակեցրել է. «Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ 1992 թվականին երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամներ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ չափով Ադրբեջանի բազային սկզբունքի կրկնությունն է»։

Այսինքն, պաշտոնական Բաքուն ՀՀ իշխանությունների ներկայացրած 6 կետերը հիմք ընդունելով՝ արդեն իսկ արձանագրում է, որ պաշտոնական Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ Բայրամովն արդեն ասում է՝ «հայկական կողմի ներկայացրած առաջարկներից մեկը Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի կրկնությունն է»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարն անմիջապես հակադարձել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին որեւէ կապ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ. «Կարելի է ասել, այդ խումբը կաթվածահար է»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031