«Կառավարությունում նստած վախկոտը արդեն խուճապի մեջ է: Դա է վկայում այն փաստը, որ նա բոլորին հրահանգել էր բերման ենթարկել: Մայթին կանգնած սովորական մարդուն էլ էին տանում: Նշանակում է՝ իսկապես խուճապի մեջ է: Իսկ դա նշանակում է, որ վաղը ավելի մեծ ակցիաներ են լինելու, ավելի շատ մարդիկ են գալու, վաղը ավելի ուժեղ ենք լինելու»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ներկաներին հորդորելով մի քանի օր թողնել բոլոր գործերը եւ վաղն ավելի մեծ վճռականությամբ դուրս գալ փողոց:
«Մեր պայքարն անկասելի է եւ սա պետք է մեկընդմիշտ հասկանալ»,- շարունակեց նա եւ անդրադարձավ իր բնութագրմամբ՝ շատ վտանգավոր եւ իր մեջ սպառնալիքներ պարունակող սահմանագծման եւ սահմանազատման խնդրին: «Հանձնաժողով պետք է ստեղծվեր, որը մինչեւ հիմա չի ստեղծվել: Թե ինչ հիմունքներով եւ ինչ սկզբունքներով պետք է ստեղծվի, ոչ-ոք դրա մասին չգիտի: Բայց ինչ են ասում սրանք: Ասում են՝ այդ գործընթացի համատեքստում կարելի է հայելային հետքաշում իրականացնել: Ոչ: Պետք է բացառել հայելային հետքաշումը, որովհետեւ դա նշանակում է փաստացի վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ: Դա կարող է ասել մարդ, որը ընդհանրապես չի ճանաչում սեփական երկրի տարածքը, որը չի տիրապետում սեփական երկրի քարտեզին: Պետք է բացառել հայելային հետքաշումը, դա լինի Երասխում, Սոթքում, Խոզնավարում, Հայաստանի ցանկացած հատվածում:
Սահմանազատում, սահմանագծում անթույլատրելի է քանի դեռ ադրբեջանական զորքեր կանգնած են մեր երկրի տարածքում: Սեւ Լճում դեռ ադրբեջանական զորքեր են, Գեղարքունիքում դեռ ադրբեջանական զորքեր են: Ուժի, սպառնալիքի ներքո սահմանագծում, սահմանազատում չի լինելու:
Երրորդ հանգամանքը: Սրանք իրենց ամբողջ ռեսուրսներով լծված խոսում են, թե մեր տարածքներում կան ինչ-որ անկլավներ: Մեր երկրում ադրբեջանական տարածքներ չկան եւ թող լավ լսեն իրենց աթոռներից կառչած այս մարդիկ. Տիգրանաշենը հայկական է եւ հայկական մնալու է, Տավուշի յոթ գյուղերը մերն են ու չենք զիջելու: Զիջել Տիգրանաշենը, նշանակում է՝ զիջում ես քո հիմնական զարկերակը դեպի Սյունիք եւ Արցախ: Դա չպետք է լինի:
Կարդացեք նաև
Ինձ հաճախ են հարցնում, թե հնարավո՞ր է, որ իսկապես զիջի: Պատասխանում եմ. լավ, ինձ չեք հավատում, ձեր աչքի առաջ Գորիս-Կապան ճանապարհը չզիջվե՞ց: Տարիներ առաջ կպատկերացնեի՞նք, որ միջպետական ճանապարհը զիջվելու է Ադրբեջանին: Սրանք սեփական աթոռը պահելու համար ամեն բան են զիջելու: Մեր գործն է՝ թույլ չտալ դա եւ թույլ չտալ սրանց հեռացնելով»,-հայտարարեց պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ