«Իշխանությունները կարող են իրենց ցանկում եւս մեկ աննախադեպ ցուցանիշ գրանցել։ Այսօր ընդդիմության շարքերից բերման ենթարկվածների քանակը, կամ շատ ու քիչ լինելն այնքան կարեւոր չէ։ Կարեւոր է, թե ինչպես են բերման ենթարկել եւ ինչի համար, եւ որքանով է դա եղել ողջամիտ եւ համաչափ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Այսօր «Դիմադրություն» շարժման բողոքի ցույցի ժամանակ մեծ թվով ցուցարարներ են բերման ենթարկվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը այսօրվա բերման ենթարկվածների մասին ասել է՝ բերման ենթարկվածների քանակով այսօրը արդեն ռեկորդային էր` 2008 թվականից հետո։ 400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին։
Շարժման առաջնորդներից Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ այսօր ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման արդյունքում 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց, ձախ բազկոսկրի կոտրվածք է ստացել: Նինա Կարապետյանցի խոսքով՝ այսօր կային իրավիճակներ, որտեղ ոստիկանների գործողություններն անտրամաբանական էին․«Խաղաղ երթով ընթացող մարդկանց կանգնեցնել, ուղղակի երկրորդական փողոցներից բերման ենթարկել, ես դրա իմաստը չեմ տեսնում։ Թող քայլեն մարդիկ, քանի դեռ իրավախախտում չեն արել։ Մնացած դեպքերում, մեղմ ասած, ոչ ցուցարարների պահվածքն էր ադեկվատ, եւ ոչ էլ ոստիկանության։ Որովհետեւ մի կողմից իրենց խուլիգանավարի էին պահում ցուցարարները, փորձում էին ոստիկանի գլխարկը հանել, շպրտել, տարբեր դրվագներ կային՝ հայհոյել, բանավեճի մեջ մտնել։ Մյուս կողմից էլ ոստիկանները շատ անհասկանալի եւ անբացատրելի, չհիմնավորված, չարդարացված ուժ էին կիրառում։ Սա կանխատեսելի էր, ես սպասում էի, որ ինչ-որ փուլում ցուցարարները փորձելու էին գնալ բախումների, որովհետեւ քաղաքում արդեն շրջում են խմբեր, որոնք իրենց վարքագծով ոչ մի լավ բան չէին հուշում։ Մոտ երկու շաբաթ է՝ ընդդիմության աջակիցների մեջ այդպիսի վարքագծով, մարմնեղ երիտասարդներ են երեւում, հատուկ արտաքին ունեցող խմբեր են, որոնք պարբերաբար հայտնվում են քաշքշոցների մեջ, բռնության էլեմենտներ կիրառում։ Սրանք այն նույնատիպ խմբերն էին, որոնք նախկին իշխանության ժամանակ հայտնվում էին, հարցեր էին լուծում իշխանության պատվերով, հիմա փորձում են նույն մեթոդով խնդիր լուծել, ինչ -որ իրենց առաջադրվել են»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ ոստիկաններն այսօր ստացել էին բռնություն կիրառելու, ուժային գործողությունների դիմելու հրահանգ, եւ այսօր կիրառած այս անբացատրելի ուժը հրահանգի հետեւանքն է։
Կարդացեք նաև
Շատ է խոսվում ոստիկանության բարեփոխումների մասին, արդյոք վերջին տարիներին նկատելի չէ՞ն ոստիկանության բարեփոխումները, այս հարցին ի պատասխան, Կարապետյանցն ասում է՝ ունենք բացարձակ չբարեփոխված ոստիկանություն․«Արդեն մի քանի տարի է, որ ես եւ իմ գործընկերը, մեր կազմակերպության փաստաբաններն անընդհատ խոսում ենք այն մասին, որ մենք ունենք բացարձակ չբարեփոխված ոստիկանություն՝ խորքային եւ բովանդակային իմաստով։ Ի հակառակ դրան, այլ իրավապաշտպաններ եւ կազմակերպություններ պնդում էին, թե գործընթացը սկսված է, ընթանում է։ Ես շարունակում եմ պնդել՝ որեւէ բովանդակային փոփոխություն չի եղել, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նախկինում կատարված բազմաթիվ հանցագործությունների համար, այդ թվում՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու, անհամաչափ ուժ կիրառելու համար։
Հետեւաբար, ոչինչ չէր հուշում, որ տեղի է ունեցել բարեփոխում կամ սկիզբ է դրվել։ Մեծ աշխատանք է տարվել, մեծ ռեսուրս է ծախսվել պարեկային ծառայություն ստեղծելու համար, եւ իրենք առայժմ մի փոքր առանձնանում, բայց իրենք էլ ինչ-որ փուլում կարող են սահմանն անցնել, եթե աչքի առաջ չունենան պատասխանատվության ենթարկված ոստիկաններ։ Սա այն թակարդն է, որի մեջ ընկավ իշխանությունը, որովհետեւ մի փոքր հատվածի փոփոխություն ես անում եւ դա ներկայացնում ես իմաստով փոփոխություն, դա թակարդ է։ Պարզվեց, որ ոչինչ էլ իրականում չի արել։ Լավ չէ, որ մեր կազմակերպության փաստաբանների պնդումները՝ ոստիկանությունում որեւէ փոփոխություն չի եղել, այս գնով է ապացուցվում է, բայց լավ է, որ շատերը տեսան, որ իրապես ոչինչ չի արվել։
Կապ չունի թե ում նկատմամբ է տեղի ունենում բռնություն, որքանով եք համաձայն կամ ոչ , ոստիկանությունը պետք է լինի բարեփոխված, բարեկիրթ ու պրոֆեսիոնալ, ոչ թե 16 հոգով հարձակվեն միջին կազմվածքով մի մարդու վրա, կամ կնոջը քաշքշելով տանեն։ Այսպիսի ոստիկանություն մեզ պետք չէ։ Մեզ պետք է պրոֆեսիոնալ, պաշտպանված ոստիկանություն, եւ նույն ոստիկանն էլ պետք է լինի պաշտպանված, անվտանգության երաշխիքներով։ Այլապես մենք պարբերաբար տեսնելու ենք ձեւական փաթեթավորված փոփոխություններ, բայց արդյունքում ունենալու ենք այս պատկերը, որը հատկապես այսօր շատ ակնառու էր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ