Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում՝ բացառել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի և բռնությունների կիրառումը

Մայիս 17,2022 21:40

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Մշտադիտարկման արդյունքների և արձանագրված կոպիտ խախտումների վերաբերյալ մայիսի 14-ին Կոմիտեն հրապարակել է հրատապ զեկույց: Կոմիտեն արձանագրում է, որ զեկույցում բարձրաձայնված խնդիրները շարունակում են մնալ արդիական, դրանց լուծման ուղղությամբ չեն իրականացվում պատշաճ գործողություններ։ Ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտությունները շարունակվում են։

Մայիսի 16-17-ին դիտարկված մի շարք հավաքներ ոստիկանությունը դադարեցրել է առանց նախնական պահանջով մասնակիցներին և հավաքի ղեկավարին դիմելու, ոստիկանության գործողությունները եղել են կամայական, բազմաթիվ դրվագներում կիրառվել է անհամաչափ և բռնի ուժ։ Ոստիկանության գործողությունների արդյունքում հավաքի մասնակիցները, ստացել են վնասվածքներ ։ Մայիսի 17-ին ոստիկանության գործողությունների հետևանքով ձեռքի կոտրվածքներ են հավաքների մասնակիցներ Մհեր Ստեփանյանը , 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը ։ Որոշ դեպքերում ոստիկանները հավաքի մասնակիցների նկատմամբ օգտագործել են կոպիտ , հայհոյախառը բառամթերք ։

Մայիսի 17-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքների վայրերից բերման է ենթարկվել աննախադեպ թվով, շուրջ 414 անձ ։ Մայիսի 17-ին Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ոստիկանությունը բերման ենթարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, թեև հավաքի վայրում գտնվողները մի քանի անգամ ոստիկանությանը տեղեկացրեցին պատգամավորի անձեռնմխելիության մասին։ Պատգամավորին բերման ենթարկելուց հետո ոստիկանության մայոր Իսախանյանը պնդում էր, որ Թ․ Ավետիսյանին բերման են ենթարկել վարչական իրավախախտում կատարելու համար , ինչը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածին։

Ի թիվս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից մայիսի 14-ին հրապարակված հրատապ զեկույցում տեղ գտած առաջարկների, կոչ ենք անում ՀՀ իրավապահ մարմիններին․

1. Բացառել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի և բռնությունների կիրառումը։

2. Ցանկացած միջամտության պարագայում խստորեն պահպանել համաչափության Սահմանադրական սկզբունքը, հավաքների ազատության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերը։ Բացառել անհավասար մոտեցումը անցկացվող խաղաղ հավաքների նկատմամբ։

3. Մշտապես կրել ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ՝ հավաքի մասնակիցներին համար տեսանելի կերպով։

4. Հավաքի մասնակցի ազատությունը սահմանափակելու ցանկացած դեպքում պատշաճ ներկայացնել իրավական հիմքերը։

5. Զերծ մնալ պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական նորմի խախտումներից։

6. Անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև Սահմանադրության և օրենքների բոլոր կոպիտ խախտումների դեպքերում իրականացնել պատշաճ քննություն և պատասխանատվության ենթարկել խախտումները թույլ տված ծառայողներին։

 

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իսկ Հելսինկյան կոմիտեն ինչու էր լռում Գյումրիում ծերուկներին ծեծի ենթարկելու փաստի առիթով։ Ընտրովի իրավապաշտպանություն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031