Լրահոս
Օրվա լրահոսը

«3,5 ժամվա մեջ պաշտոնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրականում թիվը մոտ է 600-ի․սա է ժողովրդավար իշխանությունը»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 17,2022 21:25

«Այն, ինչ այսօր առավոտ արեցիք, հրաշալի էր։ Սա է իրական անհնազանդության գործողությունների շղթան»,- Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց՝ Երևանում շուրջ 60 խումբ առավոտյան ժամը 08․00-ից մինչև 11։30 շրջափակել է փողոցները, կասեցրել երթևեկությունը, կաթվածահար արել մայրաքաղաքը։ Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ նրանք ցույց են տվել, որ ժողովուրդն է իրադրության տերը։ Այնուհետև խոսելով ոստիկանության գործողությունների մասին՝ նա հանրահավաքի մասնակիցներին հայտնեց․ «Լուր ստացվեց, որ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է  վարձահատույց լինել ոստիկանությանը, որպեսզի իր իշխանությունը պահի»։

Դիմելով ոստիկանության ծառայողներին՝ նա ասաց․ «Տղե′րք, Նիկոլն ուզում է ձեզ գնել, ուզում է շողոքորթել, գումարով ձեզ ներգրավել իր ապօրինի գործունեության մեջ։ Մի տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին, իսկ եթե ձեզնից ոմանց ինքը երաշխիք է տվել՝ արեք, ինչ ուզում եք, միևնույն է, չեք պատժվելու, ինքը ձեզ խաբել է։ Ինքը չի լինելու, հետևաբար մի ներգրավվեք այդ ապօրինի բռնաճնշումների մեջ»։ Անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից քաղաքացիների բերման ենթարկման դեպքերին՝ նա ասաց․ «Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման դեպք չի եղել, ինչպես այսօր։ 3,5 ժամվա մեջ պաշտոնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրականում թիվը մոտ է 600-ի։ Սա է ժողովրդավար իշխանությունը, ՀՀ-ի իրական պատկերը, բայց բաժիններում, քաղաքի բոլոր վայրերում հնչում էին «Նիկո′լ դավաճան, Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսները։ Սա էր այսօր քաղաքի իրականությունը»։

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ոստիկաններ կան, որ իրենց վրա ցուցմունք են տալիս ու շարունակեց․ «Փորձում են մեր ընկերներին կեղծ ցուցմունքներով տանել ձերբակալության։ Արդեն անիմաստ է։ Ժողովրդի պայքարն անկասելի է։ Գնալու ենք մինչև վերջ և հաղթանակ։ Տղերք, հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի արյունոտեք և նոր քրեական գործեր մի շալակեք»։

Ելույթից հետո դիմադրության շարժման մասնակիցները երթով շարժվեցին Բաղրամյան, Պռոշյան պողոտայով, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ կանգնելու են կառավարական ամառանոցի դիմաց, քանի որ ասելիք ունեն, այնուհետև վերադառնալու են և շարունակելու հանրահավաքը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031