Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք

Մայիս 17,2022 21:15

ՄԻՊ արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների վերաբերյալ ամփոփ

 

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններ.

Արձանագրվել են հետևյալ խախտումները.

  1. Իրականացված այցերի և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ այսօր առավել քան նախորդ օրերին շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք։

Ըստ առանձնազրույցի ընթացքում հայտնված տեղեկությունների՝ ոստիկանների կողմից մարմանական վնասվածք հասցնելը, քաշքշելը իրականացվել է նաև ոստիկանական մեքենայում կամ ոստիկանության բաժնի դիմաց՝ անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, եղել են նաև ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և անձի ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ։ Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է ՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որևէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական։

  1. ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումները բացահայտել են նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ հավաքների մասնակիցների կողմից վիրավորանքի, արժանապատվությունն ու ծառայությունը նսեմացնելուն միտված արարքներ։

Մշտադիտարկումն արձանագրել է նաև մի շարք դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։

Արձանագրվել են նաև հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։ Սա ծայրահեղ վտանգավոր ու դատապարտելի գործելակերպ է։ Հավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները պարտավոր են առավելագույն ջանքերը ներդնել այլ անձանց իրավունքների իրացման խոչընդոտներն ու առօրյա կյանքին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու և բռնությունը կանխարգելելու համար։

  1. Ոստիկանության Աշտարակի բաժնում լրացված չի եղել «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանը», այսինքն՝ այցի ժամանակ բաժնում գտնվել են թվով 12 անձինք, մինչդեռ՝ վերջիններիս վերաբերյալ որևէ տվյալ այդ մատյանում լրացված չի եղել։
  2. Ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում համատարած բնույթ է կրել ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու, ոստիկանության կողմից ընդհանրապես պահանջ ներկայացված չլինելու կամ պահանջը ներկայացնելուց հետո դրա կատարման համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքերը, որոնք, ի սկզբանե վարչական ձերբակալումը դարձնում են ոչ իրավաչափ, ուստի, նման գործելակերպը անթույլատրելի է։
  3. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձի լռելու իրավունքից օգտվելու դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հնչել է սպառնալիք ոստիկանության բաժնում ավելի քան 24 ժամ պահելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նման դեպքերը հատկապես շատ են եղել Ոստիկանության Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։

Նման արարքը հատկապես անթույլատրելի և դատապարտելի է, երբ իրականացվում է ոստիկանության բաժնի պետի կամ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ վերջինիս լուռ համաձայնությամբ։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել անձի լռելու իրավունքը և որևէ պարագայում այդ իրավունքից հրաժարվելուն պարտադրելը օրինական կամ արդարացված չի կարող լինել։

  1. Ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք։ Եվ միայն Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում է անձն անհապաղ ազատ արձակվել։

Պաշտպանը կրկին արձանագրում է, վարչական ձերբակալման շրջանակում 3 ժամից ավելի պահման ցանկացած դեպք ապօրինի է, և պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի։

  1. Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները, ընդ որում նույն խնդիրը բարձրացվել է տարբեր ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների կողմից։

Վերջիններս հատկապես դժգոհել են կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց։

Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ Ոստիկանության ծառայողը պետք է գործի բացառապես ոստիկանի կարգավիճակից բխող սահմանափակումների շրջանակում, մասնավոր վեճերի կամ իր կարգավիճակից չբխող խոսակցություններ չնախաձեռնի կամ դրանց մասնակից չդառնա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031