Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպը չունեցող էկո-քաղաք Գյումրիում

Մայիս 17,2022 20:33

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծայրամասային Բուլվարային թաղամասում գտնվող «Ուռի գունդ» նախկին զորամասի տարածքում կկառուցվի էկոլոգիական թաղամաս, որտեղ կան կյանքի բոլոր հարմարավետ պայմանները՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ։

Ներդրողը Նյու Յորքից է՝ Թոդդ Ֆաբաքերն է, որը ներկայացնում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը։

Այսօր Գյումրի այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջիկայում  ներդրումային  այս ծրագիրը կհաստատի, քանի որ կարծում է՝ գործ ունի լուրջ ներդրողի հետ և այնպիսի միջավայր պիտի ստեղծել, որպեսզի տաղանդավոր մարդիկ ապրեն, արարեն, ստեղծագործեն։

«Այս նախագիծը երևի թե 1-1,5 տարի է՝ հայտարարվել է, ծրագիրը ներկայացվել է տարբեր միջավայրերում, տարբեր ներդրումային համաժողովներում, այդ թվում «Դուբայ 2020 էքսպո»-ի ժամանակ ենք խոսել նաև դրա մասին։

Կառավարությունը շատ տրամադրված է լինելու այդ ծրագրի իրականացման մեջ, որովհետև մենք տեսնում ենք որակյալ ներդրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք արդեն մեծ բիզնես են անում Գյումրիում, և կարելի է ասել Գյումրիից ծառայությունների արտահանում են անում Չինաստան խոշոր չափի, ինչպես նաև տեսնում են Գյումրին որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու հնարավորություն։ Իսկ տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու միջավայրի մեջ շատ կարևոր է, որպեսզի տաղանդավոր մարդիկ արարեն ու աշխատեն Գյումրիում, ունենա լավ միջավայր, որտեղ պետք է ապրեն»,- ասաց նախարարը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ իրենք կողմ են ծրագրի՝ փուլային տարբերակի իրագործմանը կամ այլ տեղանքի հատկացմանը։

«Եղել են շատ ծրագրեր, որոնք եկել են, առաջարկել են, չեն ստացվել, ուզում եք նման ռիսկերից ապահովագրված լինել,  չստացվի խոստանան, ծրագիրը կիսատ կամ թերի մնա, մենք  դառը փորձ ունենք, մանրամասնորեն կքննարկենք, թեև հուսաք, որ տվյալ դեպքում նման խնդիր չի լինի»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենիկ Գասպարյանը դեռ անցած տարի մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանում Հանրապետությունում առաջին անգամ է կանաչ քաղաքի ծրագիր իրականացվում։

«էկո քաղաքը պիտի ունենա բոլոր բաղադրիչները՝ և՛ բնակելի, և՛ հասարակական կառույցներ, և՛ լանդշաֆտային ճարտարապետություն պիտի լինի, և՛ արտադրություն, և՛ բիզնես, կարող է լինել նաև գյուղատնտեսություն։ Այս ամենը պիտի կենտրոնացվի, կարող է աղբի վերամշակման ծրագիր իրագործվել, հագեցած լինի արևային վահանակներով։ Հիմնականում պիտի օգտագործվի բնական լանդշաֆտը, որովհետև «Ուռի գնդի» տարածքում աղբյուրներ կան, լճային տարածքներ կան»,-մանրամասնել էր Հենրիկ Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031