Կապանցի գործարար Վահե Պետրոսյանը, երբ իր մտահղացման մասին պատմեց ընկերներին ու մտերիմներին, վերջիններս տարակուսեցին, բայց ծանոթ լինելով Վահեի բնավորությանը՝ չառարկեցին։ Իսկ Վահեի երազանքը ծննդավայրում՝ Կապանում բնակելի նորաոճ շենք կառուցելն է։ Մտահղացումը վաղուց էր՝ մինչեւ COVID-19-ի համավարակն ու 44-օրյա պատերազմը, սակայն հասկանալի պատճառով հետաձգվեցին ծրագրերը։ Պատերազմից հետո, երբ վերսկսեց նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմելը, մտերիմներն այս անգամ փորձեցին միջամտել՝ հիշեցնելով, որ սահմանային համայնք է Կապանը։ «Ես միշտ լավատես եմ։ Ինչո՞ւ ներդրում անել, շենք կառուցել այլ քաղաքում, եթե ոչ իմ հայրենի քաղաքում։ Եթե միշտ մտածենք վտանգի մասին՝ պիտի ոչինչ չանենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է գործարարը։
Պետության եւ միջազգային որեւէ կառույցի աջակցություն չկա։ Վահե Պետրոսյանը իր անձնական միջոցներով, նաեւ վարկային ֆինանսավորմամբ է ձեռնամուխ եղել բնակելիների կառուցմանը։ Ըստ նախագծի՝ 14 հարկանի երկու շենք է կառուցվելու՝ 94 բնակարանով։ Բնականաբար, շենքը ունենալու է խաղահրապարակ, ավտոկայանատեղի։ Այս պահին դեռ հիմքն է փորվում, բայց Վահե Պետրոսյանը վստահ է, որ երեք տարի անց՝ 2025 թվականին կապանցի շատ ընտանիքներ կապրեն նորակառույցում։
«Նախապես չենք հերթագրել, բայց կարծում եմ ցանկացողներ կլինեն։ Եթե չգնեն էլ, վարձակալությամբ կտանք։ Նահանջ չկա, պիտի ռիսկով սկսես ամեն ինչ»,-ասում է Վահե Պետրոսյանը։ Շինարարությունը իրականացնելու է իր իսկ գլխավորած « Լիա-Շին» ընկերությունը։ Նախատեսվում է 30 աշխատատեղ՝ ամսական միջինը 400-500 հազար դրամ աշխատավարձով։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը շենքի մակետն է մանրամասն ներկայացնում՝ համոզված լինելով, որ այս կերպ նաեւ՝ արտագաղթը կկանխվի։ «Մարդիկ կտեսնեն, որ նոր բանի, նորակառույցի հիմք է դրվում, կլցվեն լավատեսությամբ, կմտածեն մի բան էլ իրենք անեն՝ քաղաքը շենացնելու համար»,-ասում է Վահե Պետրոսյանը։ Վերջինս նաեւ հորդորում է արտերկրում ապրող սյունեցիներին չմոռանալ հայրենիքը՝ կոչ անելով նոր ներդրումներ անել Սյունիքում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ