Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա, քաղաքացի՞ են ձերբակալում, թե՞ կոնկրետ իմ որդուն». Գեղամ Մանուկյան

Մայիս 17,2022 18:55

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 400-ից ավելի ցուցարարների: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ոստիկանների գործողությունները՝ պատասխանեց. «Մի խելագարի ձեռքը ոստիկանությունն ընկել է կրակը: Կատարում է անմիջական հանձնարարություն: Սա խոսում է մեկ բանի մասին՝ այսօրվա իշխանությունը եւ վարչապետի աթոռը զբաղեցնողը գտնվում են ցայտնոտային վիճակում ու միակ գործիքը, որ կարող են հակադրվել, բերման ենթարկելն է: Բայց այստեղ շատ ավելի մեծ սրիկայություն կա. հասկանում են, որ բերման ենթարկելը 3 ժամանոց գործողություն է, երբ հայտնվում են քաղաքացիները ոստիկանատներում, իմ երկարատեւ փորձից կարող եմ ասել, որ ոստիկանատներում հայտնվելուց հետո փոքրիկ հանրահավաքներ են այնտեղ տեղի ունենում եւ հետաքննիչների, ծառայողների հիմնական հարցը նույնն է, ինչ ժողովրդինը՝ սրան ե՞րբ եք լարելու»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ արդեն երկրորդ անգամ է պատգամավորի են բերման ենթարկում. «Հասցնում են ոստիկանատուն ու հարյուր անգամ ներողություն խնդրում, որովհետեւ այնտեղ աչքերը կուրացած՝ պատրաստ էին կարմիր եւ սեւ բերետավորները ծառայել այս իշխանություններին ու օրենքի ցանկացած դրույթ ոտնահարել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր որդին ու փեսան կալանավորված են, ի՞նչ վիճակում են: Հիշեցնենք, որ իշխանական մամուլում էլ հրապարակում եղավ, որ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը եւ ակտիվիստ, նրա փեսա Գոռ Սարգսյանը կալանավորվել են: Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Նախ, Գոռը իմ փեսան չի, դա էլ է իշխանական սրիկայություն, մեր լավ ընկերն է, աղջկա ընկերն է, բայց փեսան չի: Թվով 5 երիտասարդներ այսօր գտնվում են անազատության վայրերում՝ միայն մեկ դեպքով, իսկ շատ ավելի մեծ թվով մեր ընկերներ ու զինակիցներ տարբեր ազատազրկման վայրերում են: Պատգամավորները ամեն օր այցելում են: Մենք ենք շատ ավելի ոգեւորված դուրս գալիս այնտեղից, իրենք հասկանում են՝ ինչի համար է սա: Գիտակցել են առաջին իսկ պահից պայքարի մեջ մտնելուց, որ դա էլ կարող է լինել: Բանտով մեզ հաստատ չեն վախեցնի ու չեն կոտրի: Զարմանում եմ, թե ուղեղներին ինչ էին զոռ տվել քաղաքական պատվեր տվողները, որովհետեւ առաջին պահից քննչական մարմինների ձեւակերպումների մեջ նույնիսկ դեպք է եղել, երբ լրագրողները զանգել հարցրել են ՔԿ-ին, թե ում եք ձերբակալել, ասել են՝ Գեղամ Մանուկյանի որդուն: Չհասկացա, քաղաքացի՞ են իրենք ձերբակալում, թե՞ կոնկրետ իմ որդուն: Մի բան կարող եմ ասել՝ պատրաստ են նստել՝ մեզանից սկսած ու դրանով մեզ չեն կարող վախեցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031