«Միջազգային իրավունքում կա ծովային բլոկադա հասկացություն ու դա համարվում է իրավաչափ, երբ որ այն արդյունավետ է: Շատ կարելի է իհարկե խոսել պարալիզացված լինելու վերաբերյալ, բայց ինձ թվում է՝ պարալիզացվել է աշխատանքը մեր ընդդիմադիր գործընկերների համար, որովհետեւ հանձնաժողովի մեր մյուս պատգամավորները բնականոն կատարում են իրենց աշխատանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերին ու հանձնաժողովի նիստերին չմասնակցելու մասին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նա հայտարարեց. «Ես չեմ որոշելու՝ նրանց բացակայությունները հարգելի՞ են, թե՞ ոչ: Ես դրա մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին ու ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող անձ, համապատասխան որոշումներ է կայացնում դրա վերաբերյալ: ԱԺ հանձնաժողովի նիստերին մասնակցելը պատգամավորի պարտականությունն է»:
Իսկ թե որքա՞ն բացակայություն պետք է ունենա պատգամավորը, որ մանդատից զրկելու հարց առաջանա՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Մեկ օրացուցային կիսամյակի քվեարկությունների կեսից ավելին»:
Անդրադառնալով ոստիկանների կիրառած բիրտ ուժի դեպքերին՝ Վարդանյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի բացառապես օրենքով ու պետք է իրականացնի իր գործառույթները. «Ինչ վերաբերում է դրվագներին, ցանկացած դրվագ, որը տեղի կունենա, պետք է դրան տրվի համապատասխան գնահատական՝ իրավական գործընթաց անցնելուց հետո: Բայց փորձել հանգեցնել նրան, որ ոստիկանները չկարողանան կատարել օրենքով նախատեսված իրենց իրավունքները, դա անընդունելի է: Ի վերջո երբ դուք քայլում եք Երեւանի փողոցներում ու անվտանգության, հասարակական կարգի պահպանության մթնոլորտում, դա ոստիկանության շնորհիվ է: Իհարկե, ոստիկանությունը գտնվում է ծանր վիճակում որովհետեւ ցանկացած ոչ կայուն իրավիճակում իր դերակատարումը պետք է իրականացնի, լավամարդ կամ վատամարդ չպետք է լինի»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց նաեւ, որ քաղաքական ճգնաժամ չկա, արհեստականորեն ցույց են տալիս, թե պարալիզացրել են. «Շատ դժվար է որոնել սեւ կատու մութ սենյակում, մանավանդ, որ այդ սեւ կատուն մութ սենյակում չէ: Քաղաքական ճգնաժամ չկա, կան նույնիսկ ոչ քաղաքական ակցիաներ: Այն, ինչ ես տեսնում եմ, ավելի շատ նման է քեմպինգի (վրանային հանգիստ) եւ մշակութային բանի»:
Պատգամավորը նշեց, որ չի տեսնում ոչ քաղաքական պահանջ, ոչ քաղաքական օրակարգ ու չկա նաեւ օրենսդրական գործընթացին մասնակցելու ցանկություն, ուստի հարկատուների կողմից հարց է բարձրացնում՝ ի՞նչ պետք է անեն մարդկանց հետ, որոնք չեն աշխատում ու վարձատրվում են. «Եթե դուք մի քանի անգամ անհարգելի պատճառով չներկայանաք, հաստատ ձեր հետ պայմանագիրը կամ կխզեն, կամ բարդ խոսակցություն կունենաք: Ինչու է այդ արտոնությունը վերապահված պատգամավորին, ես չեմ կարող հասկանալ: Ամեն ինչ հասկանալի է, քաղաքական ակցիաները հասկանալի են, բայց կներեք, ժողովրդավարությունը առանց իրավունքի գերակայության գոյություն չունի: Եթե խուլիգանական դրսեւորումները փորձելու են ձեւել ժողովրդավարական պրիզմայի ներքո, դա ժողովրդավարություն չի, դա ամբոխավարություն է»:
Նա հորդորեց ընդդիմադիրներին իրենց հայրենասիրական-մշակութային միջոցառումները վերանայեն ու վերականգնեն մայրաքաղաքի կենտրոնի մի հատվածի երթեւեկությունը, որովհետեւ քաղաքացիները ուշանում են աշխատանքից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ