Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Եգիպտոսի գլխավոր դատախազները համագործակցության հուշագիր են ստորագրել

Մայիս 17,2022 18:25

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ամրապնդված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության 5 տասնյակից ավելի ստորագրված փաստաթղթերով: Դրանց կարևոր մաս է կազմում նաև 2007թ. Կահիրեում կնքված քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագիրը, որով կարգավորվում են հարաբերությունները իրավական փոխօգնության ոլորտում և որի հենքին ՀՀ դատախազությունը տարիներ շարունակ ՀՀ արտգործնախարարության միջոցով համագործակցել է ԵԱՀ իրավասու մարմինների հետ:

Ներկայում երկու երկրների դատախազությունների միջև գործակցության խորացման անհրաժեշտությունը Արթուր Դավթյանը պայմանավորել է նաև վերջին շրջանում քաղաքացիների փոխայցելությունների կտրուկ ավելացման հանգամանքով, ինչը առաջ է քաշում նաև միմյանց երկրներում նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն միջոցների և երաշխիքների ապահովման խնդիր:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին իր երկրում գտնվելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների դատախազությունների միջև հարաբերություններին նոր մեկնարկ տալու համար:

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազներն արժևորել են Եգիպտոսի հայկական համայնքի դերը ինչպես երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտների, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև կապերի ամրապնդման, իրավական փոխօգնության, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը և Համադա Էլ Սավին ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջինս ուղղված է ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների, ներառյալ՝ կազմակերպված հանցավորությանն, կոռուպցիայի, կիբեռհանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործակցությանը, երկու երկրների իրավական համակարգի, օրենսդրության, ահաբեկչության, փողերի լվացման և այլ հարցերով փորձի փոխանակմանը, իրավական օգնության և հանձնման հարցումների շուրջ խորհրդատվությանը:

Փորձի հարստացման, կարողությունների զարգացման, դատախազական գործառույթների իրացման արդյունավետության բարձրացման շրջանակներում հուշագրով նախատեսվում են նաև դատախազների, փորձագետների փոխայցելություններ:

Հուշագրի ստորագրումը գնահատելով որպես  գործընկերային հարաբերությունների իրավական հիմքերի ամրապնդման կարևոր քայլ՝ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական քննարկելու հետագա համագործակցության հնարավորություններն ու եղանակները:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031