Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ «չոր նավահանգի՞ստ»․ նախարար Վահան Քերոբյանի խոստացած ծրագիրը

Մայիս 17,2022 18:17

Այսօր Գյումրի էր այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նա նախևառաջ հանդիպեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ու փոխմարզպետների հետ, այնուհետ հյուրընկալվեց Գյումրու քաղաքապետարանում՝ քննարկելով ներդրումային ծրագրերը։

Այդ ծրագրերն, ըստ էության, նորություն չէին։ Դրանցից մեկը Գյումրիում Նյու Յորքցի Թոդդ Ֆաբաքերի ներդրմամբ՝ «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Նախարարը բավական ճոխ ներկայացրեց այս ծրագիրը՝ մանրամասներ ներկայացնելով թե ՛ Շիրակի մարզպետարանում և թե՛ Գյումրու քաղաքապետարանում։

Վահան Քերոբյանն ասաց, որ արդյունաբերական պարկը կամ չոր նավահանգիստը կստեղծեն օդանավակայանի տարածքում։

«Հիմա կառավարությունը քննարկում է Գյումրիում արդյունաբերական պարկի ստեղծումը, իսկ դա օդանավակայանին մոտ ընկած հատվածում է․ օդանավակայանի և երկաթգծի արանքում գտնվող եռանկյունին է՝ այսպես ասած։ Այն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

Այնտեղ մոտ 400 հեկտար տարածքի վրա պլանավորում ենք ստեղծել արդյունաբերական պարկը։ Մեր մասնագետներն աշխատում են, դա պետք է լինի արդյունաբերական պարկ, այլ անվանում ևս ունի՝ չոր նավահանգիստ։

Այդ ենթակառուցվածքում ներդրողները կարող են առանց շինարարության մեջ ներդրումներ անելու, գալ, պատրաստի տարածքներում սկսել իրենց արտադրական գործընթացները։ Կան նաև պահեստային տարածքներ, որոնք կօգնեն, որ կարողանանք օդանավակայանով, օդով տեղափոխել բեռները մեր ուզած ուղղություններով»,-մանրամասնեց Վահան Քերոբյանը։

Նա ասաց, որ իրենց նպատակն է վերականգնել Գյումրիի՝ երբեմն արդյունաբերական քաղաք լինելու համբավը ու այնպես անել, որ արդյունաբերական խոշոր ընկերությունները գան Գյումրի, ներդրումներ կատարեն, Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն էլ հենց այդտեղ գոյանա։

Այս ծրագրի վրա աշխատում է Վահան Քերոբյանի սփյուռքահայ խորհրդականը, որ Անգլիայից վերադարձել է հենց այդ նպատակով։ Նախարարի բնութագրմամբ՝ նա աշխարհում արդյունաբերական պարկ հիմնելու ամենահայտնի մասնագետներից է․ արդյունաբերական բազմաթիվ պարկեր է ստեղծել Իրաքում , Եթովպիայում, Եգիպտոսում։

Գյումրու քաղաքապետարանում նախարարը հստակեցրեց ծրագրի ժամկետը՝ նշելով, պարկը կսկսի մյուս տարի արդեն աշխատել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031