Հունիսի 3-ից հունիսի 18-ը Հայաստանում կկայանա «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որին կմասնակցեն 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհիներ։
«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթը մասշտաբային ծրագիր է, որը երկրորդ անգամ է կայանում Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց մրցույթի կազմակերպիչ եւ հիմնադիր Նաիրի Մնացականյանը: Նա ընդգծեց, որ ի սկզբանե նպատակ էր դրվել անպայման մրցույթն անցկացնել Հայաստանում, ինչը կարեւոր է մեր երկրի ճանաչելիության բարձրացման եւ PR-ի առումով:
«Տարբեր երկրներից ժամանած գեղեցկուհիների միջոցով, որոնք իրենց երկրներում արդեն ունեն անցած ճանապարհ, համարվում են տվյալ ոլորտի հաղթող, ունեն տվյալ ոլորտի հետեւորդներ, ցանկություն կա ներկայացնել մեր երկիրը, մեր մշակույթը, մեր պատմությունը»,-ասաց Նաիրի Մնացականյանը: Հավելեց, որ մրցույթի շրջանակում գեղեցկուհիները 15 օր շարունակ մնալու են Հայաստանում, եւ տուրիզմի կոմիտեի հետ միասին նրանց համար զբոսաշրջային հետաքրքիր երթուղի է մշակվել. «Մրցույթին մասնակցում է 16 երկիր` այդ թվում ոչ ԱՊՀ անդամ երկրներից: Մասնակից կա նաեւ Կուբայից, Լատվիայից, Լիտվայից եւ Էստոնիայից»: Գեղեցկուհիների հետ եւ գալա շոուի վրա աշխատող մասնագետները դրսից են հրավիրված: Ժյուրին բաղկացած է 13 անդամից, որոնցից 2-ն են Հայաստանից: Ժյուրիի կազմը միջազգային չափանիշների համաձայն` ամենավերջին պահին կհրապարակվի:
Անդրադառնալով մահմեդական երկրներից մասնակից գեղեցկուհիների` լողազգեստով հանդես գալուն, Նաիրի Մնացականյանն ասաց, որ որոշվել է ավելի զուսպ հանդես գալ, թեեւ այդ երկրների ներկայացուցիչները չէին էլ հրաժարվի լողազգեստով համարից. «Իրենք տասնյակ անգամ ավելի հետաքրքրված են մեր միջոցառմամբ, քան Հայաստանը` որպես կազմակերպող երկիր»:
Կարդացեք նաև
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի տնօրեն, «Արմմուդ Ֆեշն» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանի խոսքով. «Աղջիկները 15 օր կլինեն Հայաստանում եւ մրցութային փուլեր, որպես այդպիսին, չեն լինի այդ ընթացքում: Փորձել ենք այդ ժամանակաշրջանը հօգուտ մեր երկրի ծառայեցնել:Մենք ունենալու ենք ճանաչողական տուրեր, որովհետեւ առհասարակ գեղեցկության շուրջ շատ են կենտրոնանում, դրա համար մտածեցինք, որ աղջիկների միջոցով կարելի է ճանաչելի դարձնել Հայաստանը իրենց երկրներում: Կարեւորագույն ուղերձներից մեկն այն է, որ մեր երկրում կայանա միջազգային մրցույթ, որը ամեն տարի զբոսաշրջիկների հոսք կբերի մեր երկիր»:
Հայտնեց, որ մրցույթի գալա շոուի ժամանակ կլինի 3 փուլ, աղջիկները նախ կներկայանան այսպես կոչված` բոդիի տարբերակով եւ ոչ թե լողազգեստով: «Այն ներկայացնելու ենք մշակութային տեսանկյունից, գեղարվեստորեն, մեր հայ դիզայներների զարդերով համադրված: Մի խոսքով, շատ էսթետիկ համար է լինելու: Դրան հաջորդելու է ազգային տարազը, իսկ վերջին փուլում` երեկոյան հագուստը»,-ասաց Ռուբինա Գրիգորյանը:
Հաղթող գեղեցկուհին կարժանանա թագի, որը նրան նվեր կմնա: Հավելենք, որ մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է «Նաիրի Թրավել» ընկերությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ