Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դատախազի որդուց տուժած կինը 22 օր է հացադուլ է հայտարարել՝ գլխավոր դատախազության շենքի մոտ

Մայիս 17,2022 15:17

Այսօր լրացավ 22-րդ օրը, որ Մարիաննա Սահակյանը հացադուլ է հայտարարել: Նա գիշերում է ՀՀ գլխավոր դատախազության շենքի  մոտ՝ առանց վրանի։ Մարիաննա Սահակյանը պնդում է, որ դատախազ Աշոտ Կոստանյանի որդին՝ Մուշեղ Կոստանյանը, իրենից 45 հազար դոլար գումար է շորթել: Ըստ տիկնոջ, գումարը երրորդ անձի միջոցով փոխանցել է դատախազի որդուն՝ «օրինական բիզնեսի մեջ ներդրման նպատակով», սակայն, վերջինս վերցրել է գումարն ու անհետացել։ Կինը պնդում է, որ գումարը գոյացել է իր բնակարանի վաճառքից, ու հիմա ինքը հայտնվել է փողոցում։

«Մարտի 16-17-ը եղել եմ հացադուլի մեջ, ցուրտ եղանակ էր, իրենց հորդորով տուն գնացի: Հետո հացադուլի մեջ եմ գտնվել մարտի 29-ից ապրիլի 1-ը: Այդ ժամանակ ինձ ընդունել է գլխավոր դատախազը, դատախազի խորհրդական պարոն Բաղդասարյանը. լսել են իրենց աշխատակցի հետ կապված խնդրի մասին։ Դատախազությունը խնդրին ծանոթ է  փետրվարի 10-ի՝ իմ գրավոր դիմումից»,- պատմում է կինը՝ հավելելով, որ մինչ այդ ծայրահեղ միջոցին դիմելը, ինքը հանդիպել եւ զրուցել է Աշոտ Կոստանյանի հետ: Վերջինս, թեև ծանոթ է եղել խնդրին, բայց երկու օր ժամանակ է խնդրել՝ ճշտումներ անելու համար: Երկու օրից խոստացել է, որ երկու ամսվա ընթացքում գումարը կվերադարձնի տիկնոջը, սակայն, մինչ օրս չի վերադարձրել: Դեպքից 2,5 տարի է անցել:

«Դատախազությունից ինձ հարցնում են, թե ինչո՞ւ չեմ ցանկանում, որ խնդիրը իրավական ճանապարհով լուծվի, ես էլ շատ հստակ բացատրել եմ. երկու տարի առաջ հենց դատախազ Աշոտ Կոստանյանն էր ինձ խնդրել, որ հարցը լուծենք առանց աղմուկի, ինքը խոսք էր տվել, որ որդու հետ կապված խնդիրները կկարգավորի, բայց փաստացի մինչեւ հիմա ոչ մի քայլ  էլ չի ձեռնարկել։ Ինձ հիմա ընդհանրապես ձեռք չի էլ տալիս, որ  իրավական ճանապարհով գնանք, քանի որ, արդեն ասացի, անտուն եմ մնացել, փողոցում եմ, իսկ իրավականով պրոցեսը հաստատ շատ երկար կտեւի»,- պատմեց Մարիաննա Սահակյանը՝ հավելելով, որ դատախազի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ կալանավորման որոշումով, նրա վրա տարբեր քրեական գործեր կան հարուցված, բայց արդեն երեք տարի է՝ նրան ոչ գտնում են, ոչ էլ կալանավորում: Կինը չի բացառում, որ դատախազ հայրն է իր լծակներն օգտագործել՝ որդուն օգնելու համար:

Մարիաննա Սահակյանը 22 օր առաջ վերսկսել է հացադուլը, քանի որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պահել իր խոսքը. «Ինձ ասել էր, որ գործին բարոյական հարթության մեջ ընթացք է տրվելու, որ կմիջամտեն Կոստանյան Աշոտին, որ էդ գումարները փոխանցի ինձ: Իրենց հորդորով, չորս օրից դուրս եկա հացադուլից, բայց ոչինչ էլ չեն արել։ Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանն էլ է ինձ մի քանի անգամ ընդունել, խոստացել, որ հարցը կլուծվի, ես պատճառ չունեմ իրենց չհավատալու, քանի որ իրենք իբրեւ անկեղծ են, բայց փաստացի ունենք այն, ինչ ունենք։ Հիմա փաստորեն ինձ նորից դրդեցին այս ծայրահեղ քայլին: Արդեն դժվարությամբ եմ խոսում, չգիտեմ ՝ ի՞նչ է լինելու: Իրոք ծայրահեղ վիճակում եմ՝ թուլացած, քայքայված»:

Դատախազությունից Մարիաննա Սահակյանին փոխանցել են, որ Աշոտ Կոստանյանի առջեւ աշխատանքից հեռացնելու պահանջ է դրված: Կինն ուսումնասիրել է օրենսդրությունը եւ գիտի, որ իրավապահ համակարգում, այն էլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց ընտանիքի անդամների հետ կապված համանման խնդիրների առկայության դեպքում, տվյալ անձը պետք է աշխատանքից հեռացվի՝ կարգապահական վարույթի հարուցմամբ: Հիմա էլ պարզվել է, որ հեռացման հարցն օրակարգից դուրս է եկել, Աշոտ Կոստանյանը 15 օրով արձակուրդ է մեկնել, թե հետո ի՞նչ կլինի՝ շատ հստակ չէ:

Ի դեպ, թեեւ այս հարցը Մարիաննա Սահակյանը նաեւ լրատվամիջոցներով է բազմիցս բարձրաձայնել, նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից որեւէ արձագանք չի ստացվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031