«Ամեն օր գալու ենք այստեղ կանգնենք, մենք էլ ենք մարդ։ Ճիշտ է, կիսատ մարդ ենք․․․մեր երեխաների կորստի ցավը դեռ չենք կարողանում տանել։ Եկել ենք տեսնենք՝ դավաճանը վերջապես պետք է կանչվի՞, թե ոչ։ Կանչում են, դատ նշանակում։ Ո՞նց կարելի է նման գործով նիստ նշանակել եւ մեկ ժամ տրամադրել ընդամենը»,-վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում անմահացած հերոսներից մեկի մայրը․ ծնողները, վրդովված դատական նիստի հերթական հետաձգումից, փակել են Գարեգին Նժդեհի փողոցը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս հարցաքննվելու է։
«Սա մի ժամվա գո՞րծ է։ Ամեն ինչ անում են, որ խուսափեն, հետաձգեն, որ մենք հոգնենք, հիասթափվենք ու էլ չգանք։ Ո՞նց կարելի է։ Ո՞վ կարող է ուրանալ իր երեխայի արյունը։ Սա հոգնել չի։ Սենց ապրո՞ւմ ենք․․․ ո՞վ է ասել, որ մենք ապրում ենք։ Այսքան բանից հետո խեղճ ծնողներիս ցավը չեն ուզում հասկանալ։ Թող գան պատասխան տան, ասեն, որ գործը մինչեւ վերջ քննվելու է»,-վրդովված ասաց տիկինը։
Հայրն էլ հավելեց․ «Եթե դատավորի երեխա զոհվեր, ինքն իրեն այսպե՞ս կպահեր։ Կամ դատախազը։ Իրենք իրենց երեխաներին փեշի տակ պահել են, չեն թողել գնան կռվի, իսկ մենք թողել ենք։ Դե եկեք պատասխան տվեք։ Փախչելով որքա՞ն կարող են։ Եթե փախչող են, թող գնան Թուրքիա։ Մենք հայ ենք, եւ հայի երկրում հայի դատաստան պետք է լինի»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ զոհված զինվորի ծնող Անահիտ Մանասյանը հայտարարեց․ «Դատախազի տեղակալ պարոն Հակոբյանը հենց նոր զանգեց։ Ասաց, որ բոլորիս պատրաստ է հիմա ընդունել իր մոտ, բոլոր հարցերին պատասխանել։ Իրենք ընդհանրապես ծանուցված չեն»։ Ծնողները դժգոհեցին նման պատասխանից։ «Թող մեզ էլ մի քիչ հարգեն, գան այստեղ։ Թող հենց այս գործով դատախազը գա, ոչ թե դատախազի տեղակալը»,-ասաց պատերազմում հարազատներին կորցրած Արսեն Ղուկասյանը։
Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում հստակեցրեց․ «Զինվորական գծով դատախազի տեղակալ Հակոբյանն ասաց՝ դատախազությունն առհասարակ ծանուցված չի եղել, որ այսօր նիստ կա նշանակված։ Այս գործով ներգրավված դատախազը զինվորական դատախազությունից է՝ Արշակ Մարտիրոսյանը։ Մեզ մոտ էլ է հարց առաջանում, թե ինչու են գործն ուղարկել զինդատախազություն, թե ինչու է վարույթն այդ մարմնում ընթանում։ Մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայց է ներկայացրել դատախազության անգործության վերաբերյալ»։
Ավելի ուշ Անահիտ Մանասյանը հայտնեց՝ նորից է խոսել զինդատախազ Հակոբյանի հետ, ներկայացրել ծնողների պահանջը, նա էլ ասել է, որ գալիս է։
Հավելենք, որ խոսքը ՀՀ զինվորական դատախազի տեղակալներից Գուրգեն Հակոբյանի մասին է։ Նա ներկայացավ այս գործով դատախազ Արշակ Մարտիրոսյանի հետ ու հենց փողոցում զրուցեցին ծնողների հետ։
Արշակ Մարտիրոսյան-«Ես վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել։ Ոչ գրավոր եմ ծանուցվել, ոչ բանավոր։ Տեղեկացել եմ առավոտյան, երբ ժամը տասին նիստ է նշանակված եղել։ Իհարկե, մենք հիմա առանձին կպարզենք, թե ինչն է եղել պատճառը, որ ծանուցագիրը չի հասել ճիշտ ժամանակին։ Նաեւ տեղեկացել եմ, որ նիստը հետաձգվել է եւ նշանակվել վաղը չէ մյուս օրը։ Այդ օրն անձամբ ներկայանալու եմ։ Իրավական գործընթացի հետ կապված հարցերը, որոնք ենթակա են դատարանում քննարկման, կքննարկենք դատարանում։ Մենք մշտապես կազմակերպում ենք ընդունելություն, զինվորական դատախազությունում մշտապես խնդիրներին լուծումներ տրվել են»։
Հարց հնչեց՝ ապրիլի 18-ի նիստի մասին ծանուցված եղե՞լ եք։
Արշակ Մարտիրոսյան․ «Չէի կարող ծանուցված լինել, որովհետեւ այդ ժամանակ հսկողությունը դեռեւս դատախազության կողմից չէր իրականացվում։ Քրեական գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ վարույթ է ընդունվել ՔԿ զինվորական քննչական վարչություն՝ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Այդ պահից հսկողությունը մեր կողմից է։ Ձեւավորված է դատախազական խումբ, որը գլխավորում է զինդատախազի տեղակալ պարոն Հակոբյանը»։
Ծնողները եւ ներկաները այլ հարցեր էլ հղեցին․
Հակոբ Մարտիրոսյան, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրանք պաշտպանած դատախազ, այժմ՝ փաստաբան-«Հաղորդում է ներկայացված պետական դավաճանության փաստի առիթով։ Սա զինդատախազության ենթակա խնդիր չի։ Ինչո՞ւ եք զինդատախազությունն ընտրել»։
Արշակ Մարտիրոսյան-«Ինձ ճիշտ հասկացեք։ Գործի փաստական հանգամանքների եւ իրավական ընթացակարգերի քննարկումն այս պայմաններում նպատակահարմար չեմ գտնում, բայց զինդատախազությունում կարող ենք հանդիպում կազմակերպել ցանկացած հարցի դեպքում։ Վստահեցնում եմ, որ դատախազության կողմից որեւէ ապօրինի գործողություն հնարավոր չէ։ Հնարավոր է վիճարկել որեւէ գործողություն, բայց դա կողմերի իրավունքն է»։
Կարին Տոնոյան-«Մենք պնդում ենք, որ զինդատախազությունը սրանով չպետք է զբաղվի, սա ԱԱԾ-ի տիրույթում է»։
Հակոբ Մարտիրոսյան, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրանք պաշտպանած դատախազ, այժմ՝ փաստաբան-«Տարակուսելի է, որ գործը տրվել է զինվորական դատախազությանը։ Դատախազությունը սխալ է թույլ տվել։ Արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ դատախազության խախտումն արձանագրված է»։
Արշակ Մարտիրոսյան-ձեր դիրքորոշումը կհայտնեք դատարանում, մենք էլ փաստարկներ կներկայացնենք։ Հարգելի ծնողներ, սրտանց հրավիրում ենք ձեզ հանդիպման զինդատախազությունում, ոչ այս պայմաններում։ Վստահ եմ՝ այստեղ են ծնողներ, որոնք կփաստեն՝ այս ողջ ընթացքում մենք ապահովել ենք անմիջական շփում։ Չկա խնդիր, որին դատախազությունը պատշաճ չի արձագանքում։ Վստահեցնում եմ, որ իրավական հարցերը քննարկվելու են դատական նիստերում: Հաղորդումն ուղարկելուն միաժամանակ՝ դատախազության կողմից տրվել է հստակ հանձնարարություն՝ քննության առարկա դարձնելու համար բոլոր հանգամանքները։ Վստահեցնում եմ, որ տվյալ քրեական գործի շրջանակներում պարբերաբար կիրառվել են դատախազական հսկողության միջոցներ։ Եւ ոչ միայն մեկ անգամ, այլ պարբերաբար։ Ավելին, փակագծերը բացելով նշեմ, որ նախաքննական մարմնին հանձնարարվել է քրեական գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարել։ Մանրամասները չեմ կարող ասել, բայց հստակ հանձնարարականներ են տրվել։ Քրեական գործով բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրգործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին»։
Հակոբ Մարտիրոսյանը պնդեց, որ պետական դավաճանության հանցակազմը ՀՔԾ-ի ենթակայության ներքո չպետք է քննվի, Արշակ Մարտիրոսյանն էլ իր հերթին պնդեց, որ նման հարցերն այս պայմաններում չեն քննարկվում․ «Այս ընթացքում չի եղել մի խնդիրը, որը դատախազությունն աչքաթող արած կլինի։ Մենք պատրաստ ենք հարցերը քննարկել, բայց ոչ այս ձեւաչափում»։ Կարին Տոնոյանը դժգոհեց՝ մեկ ու կես տարի է, որ սպասում են, ինչո՞ւ են դանդաղում։ Ապա Մարտիրոսյանը մտավ դատարան՝ պարզելու չծանուցման պատճառը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ