Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի միջուկային ծրագրերի «ոդիսականը». Էմմա Բեգիջանյան

Մայիս 17,2022 14:44

 ՄԱՍ 2
 Սկիզբը՝ այստեղ։

JCPOA-Ն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Իրան-5+1-ի համաձայնությունում մնացած մասնավորապես ԵՄ անդամ երկրները ջանքեր գործադրեցին պահպանել JCPOA-ն Իրան-4+1-ի ձևաչափով: Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու նպատակով խոստացան միջոցներ ձեռք առնել դրանց վերականգնման երկրորդ փուլի համար (2018թ. նոյեմբեր), ինչը չիրականացվեց խոստացված ժամկետում: Ավելի ուշ ԵՄ-ը ձեռնամուխ եղավ եվրոպական ընկերություններն ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու նպատակով «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծելուն, որը կհեշտացներ ապրանքների տեսքով այդ երկրի դրամական փոխանցումների հարցը՝ արտահանված նավթի դիմաց, սակայն կյանքի չկոչվեց: Մինչ Իրանը պահանջում էր արագացնել SPV-ի գործիքակազմի իրականացումը եվրոպական երկրները փնտրտուքի մեջ էին գրասենյակ բացելու առնչությամբ, քանի որ տարբեր պատճառաբանություններով եվրոպական որևէ երկիր չհամաձայնեց SPV-ի գրասենյակի հյուրընկալ դառնալ:

Վաշինգտոնը, արձագանքելով SPV-ի գործիքակազմին, հայտարարեց, թե Իրանին աջակցելուն ուղղված Եվրոպայի որևէ նախաձեռնություն ու գաղափար ԱՄՆ-ին չի մտահոգում, քանի որ վերջինիս գլխավոր նպատակն այս հարցում օտարերկրյա բանկերի ու ընկերությունների հեռացումն է Իրանից, ինչը և տեղի է ունենում: Այդ նախաձեռնությունը որպես հարցի լուծում օրակարգից դուրս եկավ: Այնուհետև 2019թ. հունվարի 31-ին Եվրոպայի եռյակի մասնակցությամբ Փարիզում հիմնադրվեց «Առևտրական փոխանցումները հովանավորող գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges, INSTEX) անվամբ ընկերություն: Իրականում սա ևս չկարողացավ JCPOA-ի համար դառնալ փրկօղակ:

2019թ. մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ի՝ դրանից հեռանալու տարելիցին, Իրանն INSTEX-ի անդամներին վերջնագիր ներկայացրեց առ այն, որ եթե 60 օրվա ընթացքում վերջիններս քայլ  չանեն այն կյանքի կոչելու ուղղությամբ, ապա Թեհրանը քայլ առ քայլ կհրաժարվի համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից: Հուլիսի 7-ին ավարտվեց ԵՄ-ին Իրանի ներկայացրած 60-օրյա վերջնագրի ժամկետը, և Իրանն առաջին քայլով ստանձնած պարտավորություններից նահանջեց երկու կետով՝ բարձրացնելով ուրանի հարստացման տոկոսը, այն է՝ 3,67-ից 4,5-ի, սկսեց Արաքսի «ծանր ջրի» արտադրության վերագործարկումը: Ապա, ինչպես հայտարարել էր Իրանը, նահանջի քայլեր կատարեց յուրաքանչյուր երկու ամիսը մեկ:

Մյուս կողմից Թեհրան-Վաշինգտոն փոխհարաբերություններն էլ ավելի էին լարվում ոչ միայն միմյանց հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնելով ու ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելով, այլև 2019թ. հունիսի միջադեպերը, այդ թվում՝ հունիսի 20-ին Պարսից Ծոցում ԱՄՆ ԱԹՍ-ի խոցումն Իրանի օդային սահմանը խախտելու մեղադրանքով պատերազմի վտանգը դարձրել էր իրական: Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումն արդեն ոչ թե սեղանի վրա դրված տարբերակ էր, այլև նախագահ Թրամփը խոսում էր հարձակման հստակ նախագծի ու երեք գլխավոր թիրախների մասին: Այս հանգամանքի պատճառով օրեցօր ակնհայտորեն մեծանում էր Վաշինգտոնի ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում: Ուստի Իրան-4+1-ի շրջանակներում ԵՄ-ը, ինչպեսև Չինաստանն ու Ռուսաստանը JCPOA-ը փրկելու նպատակով լուրջ ջանքեր էին գործադրում: Բայց և այնպես ի սկզբանե ռազմական առճակատումը բացառվում էր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Այս առնչությամբ հատկանշական է իրաքյան պատերազմի փորձառու զինվորներից Կոնգրեսի անդամ Թուլսի Գաբարդի տեսակետը։ Նա շեշտել էր, թե Թրամփին շրջապատել են նեոպահպանողականները, Սաուդյան Արաբիան ու Իսրայելը և նրան մղում են դեպի պատերազմ, իսկ Իրանի հետ պատերազմն անչափ դժվար հարց է։ Նա հավելել էր, որ Իրաքի դեմ պատերազմն Իրանի համեմատությամբ «պիկնիկ էր», ուստի ամեն ինչ կախված է նախագահի որոշումից։  Ի պատասխան՝ Զարի‎ֆը, խոսքն ուղղելով Թրամփին, շեշտել էր, որ Իրանի դեմ կարճատև պատերազմը «սոսկ երևակայություն է»: Իսկ սա, թերևս, ճշմարտությունից հեռու չէր: Ավելին, հուլիսի 28-ին Օսակայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների ժամանակ Թրամփը հայտնել էր, որ «Իրանը դեռևս ժամանակ ունի», ինչը մեկնաբանվեց Իրանի հանդեպ դիրքորոշման մեղմացում:

2019թ. սեպտեմբերի 6-ին Թեհրանը կատարեց 3-րդ քայլը՝ վերսկսելով միջուկային ոլորտում հետազոտությունները: Հաջորդ քայլով նոյեմբերի 7-ին Իրանը վերսկսեց Ֆորդոյի միջուկային կենտրոնում ուրանի հարստացման գործընթացը: Հանգամանք, ինչն արժանացավ ԵՄ-ի խիստ և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հակազդեցությանը: Վերջինիս ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը նոյեմբերի 27-ին Իրանին սպառնաց գործի դնել «Ձգանի մեխանիզմը», այն է՝ JCPOA-ի 36 և 37 կետերով նախատեսված տարաձայնությունների վերացման գործիքակազմը, որով վերականգնվելու են Իրանի դեմ նաև ՄԱԿ-ի սահմանափակումները:

Ի պատասխան դրա՝ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Աբբաս Մուսավին նոյեմբերի 28-ին նշել էր, որ ներկա պայմաններում ԵՄ-ն ի զորու չէ կիրառել «Ձգանի մեխանիզմը»: JCPOA-ը  միջազգային պայմանագիր է, քանի որ այն հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 2231 բանաձևով: «Ձգանի մեխանիզմին» անդրադարձ կա նաև այդ բանաձևի 11 և 12-րդ կետերում, որոնց համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը դեմ լինի սահմանափակումների առկախմանը, ապա դրանք վերականգնվելու են: Թերևս հենց JCPOA-ի միջազգային լինելով է պայմանավորված դեկտեմբերի 1-ին Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչիի՝ Չինաստանում արած հայտարարությունը, որտեղ այն գնահատվել էր որպես միջազգային դիվանագիտական կարևոր համաձայնագիր, ինչի պահպանման ու իրագործման համար պատասխանատու են բոլոր երկրները:

Մյուս կողմից, նոյեմբերի 29-ին ԵՄ 6 անդամ՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հոլանդիան և Բելգիան հայտարարեցին, որ միանում են INSTEX-ին, ինչի առիթով ԵՄ եռյակը, հանդես գալով հայտարարությամբ, ողջունեց՝ միաժամանակ կրկին շեշտելով «Ձգանի մեխանիզմի» հնարավոր կիրառումը: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսական գերակա դերը՝ ակնհայտ էր, որ 6 նոր երկրների միացումը ևս արդյունք չէր տալու: Թեև ԵՄ-ն Իրանին սպառնում էր «Ձգանի մեխանիզմով», սակայն միաժամանակ ցանկանում էր պահպանել համաձայնությունը, որը դե ‎ֆակտո չէր գործում, իսկ նախագահ Թրամփը ցանկանում էր օր առաջ այն դե յուրե պատմության գիրկն ուղարկել, որն առաջիկա նախագահական ընտրություններին կարող էր դրական ազդեցություն ունենալ:

Հաշվի առնելով վերջնական փլուզման խիստ բացասական ազդեցությունը՝ Իրանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դեմ էր դրան: Թեև այն դե յուրե չփլուզվեց, սակայն 2020թ․ փետրվարին Իրանի ընտրություններում JCPOA-ի կողմնակից բարենորոգիչները լուրջ պարտություն կրեցին՝ խորհրդարանում ունենալով շատ պասիվ ներկայություն, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պարտվեց Թրամփը, հաղթեց JCPOA-ի վերականգնման կողմնակից Ջո Բայդենը։ Այսուհանդերձ, Թրամփը մինչև իր իշխանության վերջին օրը ջանք չխնայեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում ԱՄՆ-ի վերադարձը JCPOA դժվարացնելու նպատակով։ Թերևս նույն նպատակով Իրանի գրեթե լիովին պահպանողական խորհրդարանը 2020թ․ դեկտեմբերի 2-ին ընդունեց միջուկային ծրագրերի վերաբերյալ 9 կետից կազմված «Ռազմավարական քայլ հանուն սահմանափակումների վերացման և իրանցիների իրավունքների պաշտպանության» անվամբ օրինագիծ, ինչը լուրջ պատնեշ էր հոգեվարք ապրող JCPOA-ը փրկելու ճանապարհին։ Այն ոչ միայն առաջացրեց գործադիրի զայրույթը, այլև արժանացավ INSTEX-ի  անդամների սուր քննադատությանը: Ընդ որում, 8-9 կետերը գործադիրից պահանջում են անհապաղ և ճշգրիտ կյանքի կոչել այն, որով սառեցվել է NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) լրացուցիչ արձանագրությունը, ինչը սահմանափակում է այդ երկրի միջուկային օբյեկտներում IAEA-ի տեսուչների ստուգումները։ Բացի այդ Միջուկային էներգիայի կազմակերպությանը հանձնարարվեց ԱԷԿ-ների վառելիքն ապահովելու համար տարեկան 120 կգ 20 տոկոսանոց ուրան հարստացնել, ինչպես նաև գործարկել Սպահանի մետաղային ուրանի հարստացման կենտրոնը։ Մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանը միայն իրավասու էր հարստացնել 3,67 տոկոսանոց  ոչ մեծ քանակով ուրան:

JCPOA-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ԱՆՈՐՈՇ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ինչպես նշվեց, Ջո Բայդենը դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավին տարբեր առիթներով հայտարարել էր JCPOA-ին վերադառնալու իր մտադրության մասին։ Հաշվի առնելով, որ նա իր գլխավորած կառավարության կազմում ներգրավել է 2015թ․ ԱՄ-ի բանակցող թիմում ընդգրկված և դրա ճարտարապետներ հայտնի քաղաքական գործիչների, այսպես օրինակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, պետքարտուղարության Իրանի հարցերով պատասխանատու Ռոբերտ Մալիին, փոխպետքարտուղար Վենդի Շերմանին, Ազգային անվտանգության քարտուղար Ջիկ Սոլիվանին և այլն, վերլուծաբանները շեշտեցին, թե դա ևս վկայում է Բայդենի՝ JCPOA-ին վերադառնալու հաստատակամության մասին։

2021թ․ փետրվարի 23-ին Իրանը կյանքի կոչեց «Ռազմավարական քայլ հանուն սահմանափակումների վերացման և իրանցիների իրավունքների պաշտպանության» մասին օրենքը։ Հենց սրանով էր պայմանավորված փետրվարի 20-ին IAEA-ի գլխավոր տնօրեն Ռա‎ֆաել Գրուսիի Թեհրան ժամանումը, քանզի այն խստորեն կսահմանափակեր IAEA-ի ստուգումները, ընդհուպ կարգելվեր որևէ ստուգում, ինչը կարող էր փակել JCPOA-ին վերադարձի ճանապարհը։ Նրա բանակցություններն Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպության տնօրեն, երկրի փոխնախագահ Սալեհիի և ԱԳ նախարար Զարի‎ֆի հետ եղան արդյունավետ: Կողմերի միջև 3 ամիս ժամկետով 3 կետից կազմված համաձայնություն ձեռքբերվեց, ըստ որի՝ Իրանի միջուկային գործունեության IAEA-ի վերահսկողությունները 20-30 տոկոսով կրճատվեցին, այդ թվում՝ առանց ստուգումների մասին զգուշացման: Բացի այդ միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների տվյալներն այդ ընթացքում պահպանվելու էին Իրանում, սակայն Թեհրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո կտրամադրվեին IAEA-ին, այլապես կոչնչացվեին: Այլ կերպ ասած՝ արգելվել էին NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) լրացուցիչ արձանագրությամբ պայմանավորված ստուգումները։

Վերլուծաբանների կարծիքով՝ դա հնարավորություն էր և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի համար, որպեսզի ժամանակ ունենային JCPOA վերադառնալու ուղղությամբ քայլեր կատարել, ինչը բավականին բարդ էր: Մանավանդ որ ակնհայտորեն ակտիվացել էին տարածաշրջանում  JCPOA-ին ոխերիմ հակառակորդները՝ առաջին հերթին՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում և այժմ էլ չեն խնայում խոչընդոտելու ԱՄՆ-ի վերադարձին JCPOA-ի վերականգնումը վիժեցնելու ուղղությամբ: Ավելին, վերջիններս պահանջում էին իրենց մասնակցությամբ նոր բանակցություններ սկսել, նոր պարտավորություններ պարտադրել Իրանին, ինչի պատճառով հարցը փակուղի էր մտել: Բացի այդ երկու երկրներում էլ դրա դեմ բավական հզոր ուժեր կան: Ահա թե ինչու Բայդենի նախագահությունից երկու ամիս անց սայլը տեղից չէր շարժվել: Թեև սկզբում Թեհրանը դեմ չէր, որ միաժամանակյա քայլերով կողմերը վերաստանձնեին իրենց համաձայնագրային պարտավորությունները, սակայն վերջնական որոշումն ընդունվեց երկրի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի՝ այս առնչությամբ արտահայտած տեսակետների, ներքին ճնշումների և պահպանողական խորհրդարանի ընդունած որոշումների թելադրանքով։ Ըստ որի՝ Թեհրանը լիովին կկատարի ստանձնած պարտավորությունները, երբ վերացվեն սահմանափակումները՝ շեշտելով, թե անառարկելիորեն որևէ ձեւաչափով դեմ է նոր բանակցություններին: Իրանը մերժեց նաև ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացը դադարեցնելու դիմաց այդ երկրի հաշիվներից մեկ միլիարդ դոլարի ապասառեցման առաջարկը: Մյուս կողմից, Վաշինգտոնը սահմանափակումների վերացումը պայմանավորել էր Իրանի JCPOA-ով ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Փաստորեն, ինչպես նշում էին միջազգային ԶԼՄ-ները, կողմերը կանգ էին առել «առաջինը դու» փակուղու առաջ:

Այդուհանդերձ Եվրամիության ջանքերով ապրիլի 6-ին Վիեննայում տեղի ունեցան Իրան-4+1 ձևաչափով բանակցություններ, որոնց անուղղակիորեն մասնակցում էր Վիեննայում գտնվող Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ռոբերտ Մալին։ Չհամաձայնելով ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ վարելուն՝ Իրանի մասնակցությունը միջնորդավորված էր, միջնորդի դերը գլխավորապես իրականացնում էր բանակցությունները համակարգող ԵՄ-ը։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ գոհունակություն էին հայտնել ու կառուցողական բնորոշել JCPOA-ի գլխավոր դերակատարներ Իրանն ու ԱՄՆ-ը: Ռոհանին, ապրիլի 7-ին գնահատելով բանակցությունների արդյունքները, նշել էր, որ JCPOA-ը նոր կյանք է ապրում, նոր էջ է բացվել, որտեղ Իրան-4+1 և ԱՄՆ-4+1 ձևաչափերով բոլոր կողմերը միաձայն եկել են այն եզրակացության, որ Իրանի միջուկային հարցի լուծումը JCPOA-ից ավելի լավ այլընտրանք չունի, չկա այլ ուղի, քան դրանով ստանձնած պարտավորությունների իրականացումն է, ինչը նա համարել էր Թեհրանի հաղթանակը:

Նույն օրը ԱՄՆ-ը հայտարարել էր, որ վերացնելու է JCPOA-ին հակասող նախատեսված սահմանափակումները: Դա փաստորեն ԱՄՆ-ի կողմից նահանջի քայլ էր «առաջինը դու»-ի սկզբունքից, որը կխթաներ նաև բանակցությունների հաջողությունը, ինչը մասամբ պայմանավորված էր Իրանում հունիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններով։

Ռոհանիի գլխավորած բարենորոգչա-չափավորական կառավարությունը ջանք չէր խնայում օր առաջ JCPOA-ի վերականգնման ուղղությամբ, ինչը լուրջ հաղթաթուղթ կլիներ այդ հոսանքի ձեռքին նախագահական ընտրությունների ժամանակ։ Սակայն բանակցություններն ընթանում էին դրանց ներքին ու արտաքին հակառակորդների կողմից պատնեշվող քայլերով, արգելակվում էր բանակցությունների արդյունավետությունը։

2021թ․ ապրիլի 14-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի նախօրեին՝ ապրիլի 11-ին, Իրանի խոշորագույն միջուկային կենտրոն Նաթանզի էլեկտրաէներգիա մատակարարող հատվածում տեղի ունեցավ պայթյուն, ինչի հետևանքով ընդհատվեց էներգիայի սնուցումը կենտրոնախույս սարքերի սրահներում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ շուրջ 5000 սարք շարքից դուրս եկավ: Իրանն այն բնութագրեց որպես միջուկային ահաբեկչություն, ինչի համար մեղադրեց Իսրայելին, իսկ վերջինս, ինչպես միշտ, ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց մեղադրանքը: Մինչդեռ «Նյու Յորք թայմս» օրաթերթը, հենվելով ԱՄՆ-ում ու Իսրայելում անվտանգության ոլորտի իր աղբյուրներին, նշեց, որ դա Իսրայելի ձեռքի գործն է, ինչի հետևանքով 9 ամսով հետ է մղվել Իրանի միջուկային ծրագրերի գործընթացը:

Բացի այդ, ինչպես նշել էին իսրայելական որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Fa.timesofisrael.com կայքը, Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոխավին պայթյունից ժամեր անց անուղղակիորեն հաստատել է այդ երկրի մասնակցությունը Նաթանզի միջուկային կենտրոնի և Կարմիր ծովում իրանական նավի պայթյուններին: Այս հանգամանքի պատճառով ոչ միայն բանակցությունները մեկ օր ուշացումով սկսվեցին, այլև Իրանն ավելի թույլ դիրքերով ներկայացավ, մանավանդ որ պահպանողականները շահագրգիռ չէին մինչև ընտրությունները JCPOA-ի վերականգնմանը։ Ինչպես նշվեց, «Ռազմավարական քայլ հանուն սահմանափակումների վերացման և իրանցիների իրավունքների պաշտպանության» օրենքի հաստատումն ու կյանքի կոչումը ևս նման նպատակ էին հետապնդել, ինչի առնչությամբ տարբեր առիթներով գործադիրն իր դժգոհությունն էր արտահայտել։

Ահավասիկ, 2021թ․ հունիսի 24-ին նախագահ Ռոհանին, անուղղակիորեն մատնանշելով հիշյալ օրենքը, հայտարարել էր, թե Իրանի ժողովուրդն ԱՄՆ-ին հարկադրեց բանակցությունների սեղանի շուրջ նստել, ինչը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից անուղղակի կերպով բանակցություններին մասնակցությանը, ապա վերջինս ի սկզբանե ավելի արդյունավետ է համարել անմիջական բանակցությունները։ Ռոհանին շարունակել է՝ եթե չլինեին որոշ արարողակարգային բնույթի ու բյուրոկրատական խնդիրներ, այդ թվում՝ խորհրդարանական, այժմ արդեն սահմանափակումները վերացած կլինեին։ Նա, ի սկզբանե էլ քննադատելով այդ օրենքը, այն վնասակար էր համարել դիվանագիտական փոխառնչությունների համար։

Վիեննայում բանակցությունները Ռոհանիի կառավարության հետ շարունակվեցին։ 2021թ․ հունիսի 12-20-ը տեղի ունեցավ 6-րդ փուլը, որից հետո հայտարարվեց, թե դրանց ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն դեռևս կան չլուծված որոշ խնդիրներ, որոնց շուրջ պետք է բանակցել։ Թեև բանակցող կողմերը ջանքեր էին գործադրում, որպեսզի համաձայնության գան մինչև Իրանի նախագահական ընտրությունները, սակայն չհաջողվեց։

ՆԱԽԱԳԱՀ ՌԱՅԻՍԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիսի 18-ի ընտրություններին նախագահ ընտրվեց պահպանողական Մոհամեդ Ռայիսին, ով պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2021թ․ օգոստոսի 3-ին։ Այնուհետև բանակցությունները շուտափույթ վերսկսելու Արևմուտքի և Ռուսաստանի հորդորներին ի պատասխան՝ Թեհրանը հայտարարում էր, թե նոր կառավարությունն ուսումնասիրում է տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ Բացի այդ Թեհրանն ընդգծում էր, թե պետք է նաև որոշում ընդունի բանակցող թիմի ձևավորման մասին։

Միաժամանակ Իրանը հայտարարում էր, որ եթե ԱՄՆ-ը «վերադարձի» ցանկություն ունենա, ապա նախագահ Բայդենը կարող է դա անել պատժամիջոցները վերացնելով։ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, Իրանին սպառնաց, թե անվերջ բաց չեն լինելու բանակցությունների պատուհանները։ Ի վերջո, Իրանը հայտնեց, որ բանակցող թիմը գլխավորելու է ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քյանին, ով Ահմադինեժադի նախագահության օրոք Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաաիդ Ջալալի հետ նշյալ բանակցություններին մասնակցել էր ավագ բանակցողի կարգավիճակով։ Որպես նախապատրաստական քայլ՝ նա հարցի շուրջ բանակցեց Ռուսաստանի ԱԳ նախարարի, Բրյուսելում ԵՄ արտաքին հարցերի ու անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցչի, ապա Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ  նախարարների, իսկ վերջիններս էլ իրենց հերթին Վաշինգտոնի հետ, որից հետո հայտարարվեց, թե բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում նոյեմբերի 29-ին։

Նոյեմբերի 8-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին բանակցությունների առնչությամբ ներկայացրեց իրանական կողմի պահանջները. ա) ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ ստեղծված իրավիճակի համար այդ երկիրն է մեղավոր, բ) բոլոր պատժամիջոցները պետք է միաժամանակ վերացվեն, գ) Վաշինգտոնը պետք է երաշխավորի, որ հաջորդ ցանկացած կառավարություն ծաղրի չի ենթարկի միջազգային պայմանագիրը, և չի կրկնվի ստեղծված իրավիճակը։ Սա այն դեպքում, երբ Թրամփի կառավարությունն իր իշխանության վերջին օրերին սահմանել է այնպիսի պատժամիջոցներ, որոնց չեղարկումը խիստ դժվար է լինելու։ Մյուս կողմից, որպեսզի համաձայնությունը երաշխավորված լինի, պետք է Կոնգրեսը հաստատի, մինչդեռ նոյեմբերյան ընտրություններին դեմոկրատների հաջողությունը հարցականի տակ է, հետևաբար նման երաշխիք տալը բացառվում է։ Իսկ ԱՄՆ-ն իր հերթին շեշտել էր, որ քանի դեռ Իրանը կրկին չի ստանձնել համաձայնությամբ ամրագրված իր պարտավորությունները, որևէ սահմանափակում չի չեղարկվի։ Այլ կերպ ասած՝ կողմերն իրենց պահանջները ներկայացրեցին առավել չափով, ինչը նշանակում էր, որ բանակցությունները վերսկսվելու են բարդություններով։ Մանավանդ, եթե նշվածին հավելենք նաև, որ Թեհրանը պահանջում էր բանակցությունները սկսել նոր ելման կետից՝ իր առաջ քաշած պայմաններով, իսկ 4+1-ը, մասնավորապես Եվրոպան ու ԱՄՆ-ը, պնդում էին, որ դրանք կվերսկսվեն հունիսի 20-ի դրությամբ։

Ահավասիկ նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կրկին շեշտեց, թե բանակցությունները վերսկսվելու են ընդհատված կետից։ Բացի այդ պահանջվում էր նաև, որ Իրանը սերտորեն համագործակցի IAEA-ի հետ։ Այս հարցը կարևորվում էր նոյեմբերի 22-26-ի տնօրենների խորհրդի նիստով, որտեղ Իրանի դեմ որոշում ընդունելը փորձագետները չէին բացառել։ Ավելին, բանակցությունները 29-ին վերսկսելը եղել էր Իրանի պնդմամբ, ինչը նպատակամղված էր կանխարգելել հնարավոր որոշումը։ Այլ խոսքով, ինչպես ենթադրվում էր, վերսկսվող բանակցությունների ճանապարհը լի էր խոչընդոտներով։ Դեռևս նոյեմբերի 2-ին իսրայելական «Հաարերց» օրաթերթը գրել է, թե վարչապետ  Բենիամին Նաթանյահուն և Պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը ջանքեր են գործադրում, որպեսզի կառավարության անդամներին համոզեն, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումն անհրաժեշտություն է: Բացի այդ սպառնալիքներ էին հնչեցրել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Նաթանյահուն:

2021թ․ նոյեմբերի 29-ին՝ հնգամսյա ընդմիջումից և Արևմուտքի սպառնալից պահանջներից հետո Վիեննայում վերսկսվեց բանակցությունների 7-րդ փուլը, որը շարունակվեց մինչև դեկտեմբերի 17-ը։ Ինչպես նշվեց, Իրանը բանակցություններին մասնակցեց ավելի խիստ դիրքորոշմամբ՝ պահանջելով սկսել նոր էջից, ինչն էլ ավելի բարդացրեց բանակցությունների ընթացքը։

Իրանի 30 հոգանոց պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար, ավագ բանակցող Ալի Բաղերի Քյանին, իսկ 4+1-ը ներկայացել էր դեսպանների ու ԱԳ նախարարության աշխատակազմի ղեկավարների մակարդակով։ Նիստերը նախագահում էին բանակցությունները համակարգող ԵՄ-ի արտաքին հարցերի ու անվտանգության քաղաքականության բարձր փոխներկայացուցիչ Էնրիկե Մորան և Բաղերի Քյանին։

Բանակցությունների այս փուլը, թերևս, կարելի է գնահատել նոր բանակցողի ներկայացրած տեսակներին ու պահանջներին ծանոթանալու փուլ։ Մորան դրանց ավարտից հետո հայտարարեց, թե բանակցություններն ունեին իրենց տրամաբանությունն ու առանձնահատուկ նպատակը, որոնք տեղի ունեցան երեք փուլով։ Արդյունքում ստեղծվել է հետագա աշխատանքների համար մեկ ընդհանուր հիմք։ Նա նշել էր, որ հարջորդ՝ 8-րդ փուլը, բարդ ու դժվար է լինելու։ Բաղերի Քյանին էլ ընդգծել էր, որ սահմանափակումները վերացնելու հարցում նոր կառավարության տեսակետներն ընդգրկվել են համապատասխան փաստաթղթում։

Իրան-4+1-ի բանակցությունների 8-րդ փուլը սկսվեց 2021թ․ դեկտեմբերի 27-ին, որին ընդառաջ Իրանի ավագ բանակցող Բաղերի Քյանին հանդիպել էր Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացուցիչների, ինչպեսև ԵՄ համակարգող Էնրիկե Մորայի հետ։ ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլահյանն էլ հայտարարել էր, թե նախորդ կառավարության հետ բանակցությունների փաստաթուղթը մի կողմ է դրվել, և այժմ սեղանին է կողմերի համար ընդունելի համատեղ փաստաթուղթ, որն ընդունվել է դեկտեմբերի 1-15-ին։ Նա հավելել է, որ բանակցություններն այդ փաստաթղթի շուրջ են ընթանալու, որի օրակարգում կլինի փաստերի ստուգման (Fact-cheking) հարցը, ապա շեշտել, թե պետք է հասնել նրան, որ Թեհրանը նավթ վաճառի առանց որևէ արգելքի։

Դեկտեմբերի 30-ին ամանորյա արձակուրդների պատճառով բանակցություններում դադար հայտարարվեց։ Բանակցողները քառօրյա բանակցությունների ընթացքը գնահատեցին ընդհանուր առմամբ կառուցողական ու դրական։ Իրանի ավագ բանակցող Քյանին հայտնել էր, թե այդ ընթացքում սահմանափակումների վերացման հարցի շուրջ քննարկումները համեմատաբար լավ առաջընթաց են արձանագրել։

Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան էջում դրանք գնահատել էր օգտակար ու կառուցողական։ Այս տեսակետն Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, չէին կիսում։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, ի պատասխան Ռուսաստանի լավատեսության, հայտարարեց, թե դեռ վաղ է բանակցությունների դրական առաջընթացի մասին խոսել։ Նա նշել էր, որ դրանցում առաջընթացն Իրանի միջուկային ոլորտի զարգացումների համեմատությամբ շատ դանդաղ է։ Ավելին, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել էին, որ եթե Վիեննայում բանակցությունները ձախողվեն, ապա Վաշինգտոնը նոր, ավելի խիստ պատժամիջոցներ է կիրառելու Իրանի դեմ։ Իսկ ԱՄՆ դաշնակից Իսրայելը, որն ի սկզբանե դեմ է եղել JCPOA-ին և այնուհետև դրա վերականգնմանը, հայտարարել էր, որ պատրաստվում է Իրանի միջուկային օբյեկտները ռազմական գործողությունների թիրախ դարձնել, ինչի նպատակով մի քանի դիպաշար է մշակվել։ Զինվորական պաշտոնյաներն էլ նշել են, թե հենց կառավարությունը համաձայնի, գործողությունները կսկսվեն։

Հավելենք նաև, որ JCPOA-ի գլխավոր դերակատարների միջև միջնորդական ակտիվ գործունեություն է ծավալել ու ծավալում նաև Կատարը, մասնավորապես համաձայնության շրջանակներում բանտարկյալների փոխանակման առնչությամբ, ինչի շուրջ ևս առաջընթաց է արձանագրվել։

2022թ․ հունվարի 3-ին վերսկսվեցին 8-րդ փուլի բանակցությունները, որոնք շարունակվեցին մինչև հունվարի 28-ը, և կրկին դադար հայտարարվեց, ինչի կապակցությամբ Մորան հայտնեց, թե վրա է հասել քաղաքական որոշումներ ընդունելու պահը, ուստի անհրաժեշտ է, որ բանակցողներն իրենց երկրի ղեկավարության հետ խորհրդակցելու նպատակով վերադառնան։ Ինչպես նշել էր Մորան, 8-րդ փուլն ամենաերկարատևն էր, միաժամանակ բարդ ու մարտահրավերներով լի։ Արևմուտքը պահանջում էր հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները՝ շեշտելով, թե Իրանը միայն շուրջ 3 շաբաթ բանակցելու հնարավորություն ունի։ Իսկ եթե համաձայնության չգան, այլընտրանքային քայլեր են կյանքի կոչվելու Իրանի միջուկային զենքի արտադրությունը խափանելու նպատակով։ Այնուամենայնիվ բանակցությունների այս փուլը, ընդհանուր առմամբ, կողմերը գնահատեցին հուսադրող, միաժամանակ հնչեցին նաև հոռետեսական տեսակետներ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հունվարի 25-ին հայտարարել էր, թե բանակցությունների ընթացքը դանդաղ է, և որ դրանք մոտենում են խիստ վտանգավոր փակուղու, ինչն արժանացել էր Թեհրանի խիստ հակազդեցությանը։ Ժամանակի սղության մասին նախազգուշացնում էր նաև Վաշինգտոնը։ Այսուհանդերձ բանակցությունների առաջընթացի մասին են վկայում Իրանի դիրքորոշումներում որոշ փոփոխություններ։

Հունվարի 25-ին Իրանի նախագահ Ռայիսին մի հեռուստահարցազրույցի ընթացքում խոսել էր ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունների հնարավորության մասին, շեշտել, թե դա կլինի այն դեպքում, երբ Վաշինգտոնը կչեղարկի Թեհրանի դեմ բոլոր սահմանափակումները։ Երկրի նախագահից առաջ նման տեսակետ էր հայտնել նաև ԱԳ նախարար Ամիրաբդոլահյանը՝ ընդգծելով, որ եթե բանակցությունների որևէ փուլում «լավ» համաձայնության հնարավորություն լինի, բացառված չէ Իրան-ԱՄՆ անմիջական բանակցությունը։ Հավելենք, որ հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին նախկինում խիստ դեմ էր նման բանակցություններին և արգելել էր։ Սակայն հունվարին իր ելույթներից մեկում նա անուղղակիորեն դա համարել է թույլատրելի՝ նշելով, թե թշնամու հետ որոշ դեպքերում կարելի է բանակցել հավասարը հավասարի հետ սկզբունքով, իսկ դա բնավ չի նշանակում զիջումների գնալ։ ԱՄՆ-ը ողջունել է բանակցություններում Իրանի դիրքորոշման փոփոխությունը, քանի որ մշտապես կողմնակից է եղել անմիջական բանակցությունների, ընդգծել, որ այդպես ավելի արդյունավետ կլինեն։ Մանավանդ Վաշինգտոնը ևս քննադատում է համաձայնությունից Թրամփի հեռանալու փաստը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, թե Իրան-5+1-ի համաձայնությունից հեռանալը վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի վատթարագույն որոշումն է։

Փետրվարի 9-ին Վիեննայում վերսկսվեցին բանակցությունները։ Դրանց ընթացքում կողմերը, երբեմն միմյանց հասցեին սուր քննադատություններ հնչեցնելով, խոսել են կարմիր գծերից ու  նախապայմաններից։ Այսուհանդերձ փետրվարի կեսերին արդեն նշվում էր, թե  բանակցությունները հասել են մի հանգրվանի, որտեղ մասնակից բոլոր երկրներն ընդգծում են, թե վերջնական արդյունքի համար անհրաժեշտ են միայն JCPOA-ի գլխավոր դերակատարների քաղաքական որոշումները։

«Ռոյթերս» գործակալությունը փետրվարի 17-ին հայտնել էր, որ թեև վերջնական տեքստի շուրջ դեռևս համաձայնության չեն եկել, սակայն բանակցություններին քաջատեղյակ 3 դիվանագետ հայտնել է, թե դրանում խոսվում է երկկողմ, աստիճանաբար կատարվելիք քայլերի մասին, որոնք կիրականացվեն կողմերի հաստատմամբ, սակայն առաջին քայլն Իրանի նավթի արտահանման սահմանափակումը չի լինի։

«Ռոյթերսը» հայտնել էր նաև, որ համաձանության հիշյալ տարբերակում նշվել է Իրանում արևմտյան երկրների բանտարկյալների ազատ արձակման և Հարավային Կորեայում այդ երկրի 7 միլիարդ դոլար հաշվի ապասառեցման մասին, ինչպես նաև Իրանն առավելագույնս 5 տոկոսով կարող է ուրան հարստացնել։ Սա այն դեպքում, երբ արևմտյան դիվանագետները նշում են, որ Իրանին կթույլատրվի ուրան հարստացնել առավելագույնս 67,3 տոկոսով, իսկ ԱՄՆ-ն Իրանի նավթի վաճառքի սահմանափակումները կառկախի մի քանի ամսով ու պարբերաբար կերկարաձգի։ Այսուհանդերձ բանակցող դիվանագետները հայտնել են, որ բոլոր հարցերի վերաբերյալ ամբողջական, համապարփակ համաձայնություն ձեռք չի բերվել, համաձայնություն չկա։

Ըստ նույն աղբյուրի և ի պատասխան «Ռոյթերսի»՝ համաձայնության մասին մանրամասներ հրապարակելու՝ իրանյան «Թանսիմ» գործակալությունը, հենվելով իրազեկ աղբյուրներին, ընդգծել է, որ դրանք պարզապես լրատվական աճպարարություն են, որոնք իրական բանակցությունների հետ որևէ աղերս չունեն։ Այս առնչությամբ հատկանշական է, որ դեռևս փետրվարի 14-ին  բանակցությունները համակարգող ԵՄ-ի արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը, Իրանի ԱԳ նախարար Ամիրաբդոլայանի հետ հեռախոսազրույցից հետո բանակցությունների արդյունավետության մասին լավատեսություն արտահայտելով, նշել էր, թե այն հասանելի է։ Նա ընդգծել էր, թե ժամանակն է, որ գործադրվեն փոխզիջման հասնելու վերջին ջանքերը։ Նույն օրն ԱՄՆ Պետքարտուղարությունն ընթացող բանակցությունները համարել էր վերջնական փուլ։ Փրայսը շեշտել էր, թե փաստացիորեն բանակցությունները վերջնական ու ազդեցիկ փուլում են, որոնք կհստակեցնեն երկկողմ JCPOA-ին վերադառնալու հնարավորությունը։ Նա ընդգծել էր նաև, որ ժամանակը սպառվում է և նշել, որ բանակցող կողմերը ձգտում են համաձայնության գալ հնարավորինս արագ։ Ամիրաբդոլայանն էլ հայտարարել էր, թե կարճ ժամանակահատվածում արդյունավետ համաձայնության հասնելը հնարավոր է, եթե ԱՄՆ ու եվրոպական երկրները JCPOA-ին վերադառնալու և իրենց պարտավորությունները կատարելու հարցում լուրջ լինեն։

Սակայն, ինչպես ենթադրվում էր, ռուս-ուկրաինական պատերազմը չէր կարող շրջանցել JCPOA-ի վերականգնման ճակատագիրը։ Իրականում էլ այն անորոշության շղարշով էր պատվել մարտի 5-ից, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ից գրավոր երաշխիք էր պահանջել առ այն, որ համաձայնության վերականգնումից և Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցները չխոչընդոտեն Ռուսաստան-Իրան տնտեսական ու ռազմական ոլորտներում գործակցություններին։ Պետքարտուղար Բլինքենի պատասխանը չուշացավ․ մարտի 6-ին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա հայտարարեց, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառվել են ռուս-ուկրաինական պատերազմի առիթով, ուստի որևէ առնչություն չունեն JCPOA-ի վերականգնման հետ։

Միաժամանակ Եվրոպայի եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, IAEA-ի տնօրենների խորհրդի մարտի 8-ի նիստում հանդես գալով հայտարարությամբ, Ռուսաստանից պահանջեց նախապայմաններ առաջ քաշելով՝ չարգելակել JCPOA-ի  վերականգնումը։ Հայտարարությունում, խոսքն ուղղելով IAEA-ի տնօրենների խորհրդին, նշվում էր, թե համաձայնության գալը «շատ մոտ» է։ Էնրիկե Մորան ևս նույն օրը հայտարարել էր, որ փորձագետների մակարդակով քննարկումներ և պաշտոնական նիստեր այլևս տեղի չեն ունենալու, հաջորդը լինելու է քաղաքական որոշումների փուլը։

Հատկանշական է, որ մարտի 5-ին IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել էր Թեհրան Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ չհստակեցված որոշ հարցերի շուրջ բանակցելու նպատակով, որտեղ կողմերը համաձայնության էին եկել։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը Մոսկվայի ներկայացրած նախապայմանի առնչությամբ, ապա հաշվի առնելով Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլայանի հեռախոսազրույցը և մինչ այդ իրանցի տարբեր պաշտոնյաների հայտնած տեսակետները՝ ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ զգուշավոր, Մոսկվայի պահանջը՝ JCPOA-ի վերականգնման հետ առնչություն չունեցող։

Մարտի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ վերջնական որոշման ուշացումը կարող է հանգեցվել JCPOA-ի լիովին ձախողմանը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակը, ակնարկելով Ռուսաստանի նախապայմանները, շեշտել է, թե առկա է լուրջ մտահոգություն այն վտանգների առիթով, որոնք կարող են վերջնականապես տապալել բանակցությունները։

JCPOA-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂՄԱՆ ՇԵՄԻ՞Ն

Ռուսաստանի նախապայմանները, այսպես թե այնպես, դուրս բերվեցին բանակցությունների օրակարգից, սակայն այդ առիթով առաջացած դադարին հետևեց դրանցում հոռետեսության երանգների միտումը։ Այս հանգամանքը պայմանավորված էր Հեղափոխության պահապան գվարդիայի (ՀՊԳ) անունը Պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցանկից դուրս բերելու հարցով, որը զետեղվել էր Թրամփի նախագահության օրոք, երբ արդեն հեռացել էր JCPOA-ից։ Ամիրաբդոլահյանն այն  համարել է բանակցությունների կարևորագույն խնդիրը, և այսպիսով 2022թ․ մարտի 11-ից բանակցությունները «կոմայի» մեջ են։ Մինչ այդ և՛ արևմտյան, և՛ իրանցի պաշտոնյաները հայտարարել էին, թե համաձայնության փաստաթուղթը պատրաստ է, մնացել են միայն քաղաքական որոշ խնդիրներ, որոնց վերաբերյալ պետք է որոշում ընդունեն Թեհրանն ու Վաշինգտոնը։

Թեհրանի համար ՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելը ոչ միայն հեղինակության ու պատվի հարց է, այլև կարևորվում է տնտեսական առումով՝ հաշվի առնելով ՀՊԳ-ի նշանակությունն այդ երկրի տնտեսության բոլոր, այդ թվում՝ էներգետիկայի, նավթարդյունաբերության ոլորտներում։ «Ահաբեկչական» կազմակերպության հետ ոչ բոլորը գործարքի կգնան, ինչը, հավանաբար, նավթի վաճառքի վրա բացասական ազդեցություն կունենա, քանի որ օտարերկրյա ընկերությունները, եթե չխուսափեն, ապա համագործակցելու հարցում խիստ զգուշավորություն կդրսևորեն։ Պատժամիջոցներն այլ բան են, որոնք ամենաշատն են կիրառվել ՀՊԳ-ի տարբեր կառույցների ու ղեկավարության հանդեպ։

JCPOA-ի վերականգնման պաշտպաններից դեմոկրատ Սենատոր Քրիս Մորֆին, հաշվի առնելով նշյալ հանգամանքը, շեշտում է, թե ՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում  ներառելը լոկ խորհրդանշական բնույթ է կրում։ Կարելի է ենթադրել, որ հենց սրանով էր պայմանավորված ՀՊԳ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հնարավոր հեռացումը, թեև այդ մասին հստակ չէր խոսվում։ Ավելին, 2021թ․ հուլիսի 12-ին Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆն ԱՄՆ պարտավորությունների բաժնում հստակորեն նշել էր ՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու մասին։

Վերլուծաբանների կարծիքով՝ բանակցող նոր թիմի կողմից նոր պահանջներ՝ օրինակ երաշխիքներ ներկայացնելը (որպեսզի Վաշինգտոնը չկրկնի այն, ինչ տեղի ունեցավ 2018թ․ մայիսի 8-ին), ինչպես նաև դրանց ձգձգումը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ը ևս փոփոխություններ կատարի իր նախկին դիրքորոշումներում։ Այսպես օրինակ, պահանջվել է, որ ՀՊԳ-ը դուրս բերելու դիմաց Թեհրանը հրաժարվի Ղասեմ Սոլեյմանիի՝ «Ղոդսի» հրամանատարի սպանության վրեժխնդրության գործը փակելուց։

Եվ, ահա, մարտի 22-ին Սենատի արտաքին հարցերի կոմիտեում Ռոբերտ Մալիի կողմից բանակցությունների վերաբերյալ զեկույցից հայտնի է դարձել, որ Բայդենի կառավարությունը հակված է եղել ՀՊԳ-ի անունը հեռացնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ինչին դեմ են ոչ միայն Սենատում 50 տոկոս կազմող հանրապետականները, այլև որոշ դեմոկրատներ։ Այդ հարցը դարձավ ԶԼՄ-ներում լայնորեն քննարկվող թեմա, հրապարակայնացվեց, դրան դեմ արտահայտվեցին Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաև արտերկրում գտնվող Իրանի վարչակարգի ընդդիմությունը։ Մարտի 22-ից հետո ԱՄՆ-ի տեսակետներում տեսանելի փոփոխություն՝ հոռետեսության միտում նկատվեց․ Փրայսը հայտարարեց, թե բանակցությունները ոչ արագորեն համաձայնությամբ կպսակվեն, և դրան հասնելը միանշանակ չէ։ Նման նահանջ նկատելի է նաև Թեհրանի տեսակետներում։ Այլ խոսքով, թվում է, թե կողմերի միջև առաջացած վիհն օրեցօր խորանում է, ու JCPOA-ի ճակատագիրը լավագույն դեպքում մխրճվում է անորոշության մեջ, եթե չասենք՝ դեպի ձախողում է գնում։ Այսուհանդերձ ամերիկյան կողմը, ստեղծված իրավիճակի համար մեղադրելով Թրամփի կառավարությանը, շեշտում է, որ եթե 2015թ․ Իրանը միջուկային զենք արտադրելուց ավելի քան մեկ տարի հեռավորության վրա էր գտնվում, ապա այժմ՝ ընդամենը մի քանի շաբաթ։

Բլինքենն ապրիլի 26-ին Սենատի արտաքին հարցերի կոմիտեում համոզմունք է հայտնել, որ JCPOA-ին վերադարձը լավագույն միջոցն է Իրանի միջուկային ծրագրերի մարտահրավերներն ու միջուկային զենք չարտադրելը վերահսկելու համար։ Փորձը ցույց է տվել, որ դրանից հեռանալն ու գերագույն ճնշումների քաղաքականությունն այդ առումով որևէ ձեռքբերում չեն արձանագրել։

Փաստորեն արդեն շուրջ 2 ամիս է, ինչ բանակցությունները մեծ հաշվով կանգ են առել, և Թեհրանն ու Վաշինգտոնը միմյանց մեղադրում են նոր պահանջներ ներկայացնելու մեջ։ Սա այն դեպքում, երբ որոշ վերլուծաբաններ շեշտում են, թե իրականում այն ձախողվել է, սակայն կողմերը տարբեր պատճառներով դեռևս չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին։ Ավելին, կան հրապարակումներ, որտեղ շեշտվում է, թե ԱՄՆ պաշտոնյաները նախապատրաստվում են հայտարարել բանակցությունների ձախողման մասին։

Ստեղծված իրավիճակում մայիսի 1-ին ամերկյան Wall Street Journal օրաթերթը, վկայակոչելով արևմտյան դիվանագետներին, հայտնել է, թե բանակցությունները համակարգող ԵՄ-ը ջանքեր է գործադրում համաձայնություն ստորագրելու ուղղությամբ։ Այդ նպատակով Էնրիկե Մորան նոր առաջարկով ժամանելու է Թեհրան։ Ըստ նշյալ օրաթերթի՝ Մորայի առաջարկը հետևյալն է․ Իրանը ժամանակավորապես օրակարգից դուրս կբերի ՀՊԳ-ի հարցը, որպեսզի համաձայնությունը ստորագրվի՝ հետագայում այն առանձին քննարկման առարկա դարձնելու պայմանով։ Ըստ Wall Street Journal-ի՝ ապրիլի 23-ին Մորան հեռախոսազրույց է ունեցել Ամիրաբդոլահյանի հետ և Թեհրան մեկնելու պատրաստակամություն հայտնել։ Օրաթերթը նշել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցությունները փակուղուց դուրս բերելու նպատակով քննարկել Իրանի ցանկացած առաջարկություն, սակայն լայնածավալ քննարկումներ չեն լինելու։

BBC-ին տված հարցազրույցում Փարիզում բնակվող ԵՄ-Իրան հարցերով փորձագետ Մաջիդ Գոլփուրի կարծիքով՝ եթե ԵՄ-ն ապասառեցնի Իրանի հաշիվները, ապահովվի նավթի ազատ և արագ վաճառքն աշխարհի մակարդակով, ինչպես նաև ակտիվացվեն Իրանի ու Եվրոպայի կենտրոնական բանկերը, ապա դրանք Իրանի համար ՀՊԳ-ի հարցից հրաժարվելու լուրջ խթան կդառնան։ Մինչդեռ Վաշինգտոնի Վիրջինիա համալսարանի փորձագետ Յուսեֆ Ազիզին նշում է, որ ԵՄ-ն առայժմ չի կարողացել ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն իրականացնել, մինչդեռ Իրանին անհրաժեշտ են ԱՄՆ-ից անկախ երաշխավորված ներդրումներ Էներգետիկայի ու այլ ոլորտներում։ Նա շեշտել է, թե Իրանը պահանջում է վերադառնալ 2015թ․ Օբամայի իշխանության ժամանակահատվածին, երբ ստորագրվել է համաձայնությունը, իսկ եթե Թրամփը փակել է դրան վերադարձի ճանապարհը, ապա դա Թեհրանի խնդիրը չէ։ Միաժանակ նա շեշտում է, որ խնդրի բանակցային լուծումն այլընտրանք չունի, քննարկվող այլընտրանքները, այդ թվում Իրանի միջուկային օբյեկտները թիրախ դարձնելը, հարցի լուծում չեն։  Ի դեպ, մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ Մորան մայիսի 10-ին ժամանելու է Թեհրան։ Իսկ Ջոզեպ Բորելն իտալական Financial Tiames օրաթերթին տված հարցազրույցում նշել է, թե ԵՄ-ը բանակցությունները փակուղուց դուրս բերելու նպատակով միջանկյալ ուղի է փնտրում։

***

JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցություններն արդեն շուրջ 2 ամիս է՝ փակուղի են մտել, ճակատագիրն ամբողջությամբ պարուրվել է անորոշության շղարշով, և ձախողումը բացառված չէ։ Այլ խոսքով՝ ԱՄՆ-ի «կանաչ լույսով» սկսված Իրանի միջուկային ծրագրերի «ոդիսականի» ավարտն ակներև չէ։

JCPOA-ի վերականգնման շուրջ Իրան-4+1-ի և ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ բանակցությունների 6-րդ փուլից հետո, ըստ երեւույթին, ժամանակի սղությունը լրջագույն մարտահրավերն է եղել, ինչի մասին Իրանին զգուշացնում էին ոչ միայն ԱՄՆ-ը և Եվրոպայի եռյակը, այլև Իրանի վստահված գործընկեր Ռուսաստանը։ Ժամանակը տարբեր առումներով կարող է բանակցությունների ձախողման պատճառ դառնալ, եթե արդեն չի դարձել։

Ահավասիկ, մարտի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել էր, որ վերջնական որոշման ուշացումը կարող է հանգեցվել JCPOA-ի լիովին ձախողմանը։ Չնայած հայտարարությունը հրապարակվել է Մոսկվայի պահանջի առիթով, սակայն բոլոր դեպքերում խոսքը ժամանակի մասին է։ Թեև ԱՄՆ-ն ու Եվրոպան ժամանակի կարևորումը պատճառաբանում էին Իրանի միջուկային ծրագրերի օրեցօր առաջընթացով ու միջուկային զենք արտադրելու հավանականության մեծացմամբ, սակայն ժամանակի գործոնը խիստ կարևոր է  ոչ միայն այդ պատճառով, այլ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առումով։ Ադ հարցում հաշվի էին առնվում JCPOA-ի վերականգնման և մասնավորապես ՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու ներքին ու արտաքին հակառակորդների ակտիվացումը և հարցի արտացոլումն այդ երկրի ԶԼՄ-ներում։ Այս հանգամանքը կարող է ընտրությունների արդյունքների վրա բացասաբար անդրադառնալ, մինչդեռ եթե համաձայնությունը տեղի ունենար առնվազն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, ապա դեմոկրատները ժամանակ կունենային հնարավոր հետևանքները չեզոքացնելու համար։

ՀՊԳ-ն ահաբեկչական ցուցակից դուրս բերելու համար ԱՄՆ դաշնակից Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, որոնք խիստ դեմ են այդ քայլին, ԱՄՆ-ում ունեն լոբբիստական լուրջ շրջանակներ, մասնավորապես Թել Ավիվը, որի լոբբիստական կազմակերպությունները հզորագույնն են ԱՄՆ-ում։ Ահավասիկ, երբ հարցը հանրայնացվեց ու Վաշինգտոնը հայտարարեց, թե ուսումնասիրելու է այն, ակտիվացան JCPOA-ի վերականգնման ու խնդրո առարկայի հակառակորդները, անգամ հեղինակավոր դեմոկրատներ։

Հրեա-լոբբիստական Ամերիկայի ազգային անվտանգության կենտրոնը (JINSA), ընդդեմ ՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպություններից հեռացնելու, բաց նամակ էր հրապարակել 45 գեներալի ստորագրությամբ։ Այլ կերպ ասած՝ արդեն իսկ այս առումով ռիսկի գործոնը փոքր չէ, ըստ երևույթին, հենց այս պատճառով էլ բանակցությունները դոփում են տեղում, ինչը, թերևս, կշարունակվի, մանավանդ Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկն առ այն, որ ՀՊԳ-ը դուրս բերվի ցուցակից, սակայն նրա արտերկրյա հարցերով զբաղվող «Ղոդս» միավորումը մնա ցուցակում։ ԵՄ-ի նոր առաջակը բխում է նրանից, որ ներկա դրությամբ Բայդենի նման քայլը քաղաքական լուրջ ներդրում է պահանջում, մինչդեռ եթե հետաձգվի, ԱՄՆ-ում ընտրություններից հետո Վաշինգտոնի համար անհամեմատ դյուրին կլինի։

Հարցի փակուղի մտնելը պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, թվում է, թե սպասողական վիճակ է, ինչն ավելի բնութագրական է իրանական կողմին։ Այս առնչությամբ հավելենք, որ ինչպես ի սկզբանե տարբեր առիթներով նշել ենք, ռուս-ուկրաինական պատերազմը տեղի է ունենում ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստանում մոջահեդների դեմ պատերազմի դիպաշարով, որտեղ Արևմտյան ճամբարը, ԱՄՆ գլխավորությամբ, Սաուդյան Արաբիան ու իսլամական այլ երկրներ անսպառ զենք ու ֆինանս էին տրամադրում մոջահեդներին, նրանց զինավարժում Պակիստանում ձևավորված ճամբարներում։ Բնականաբար 10-ամյա հյուծիչ պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ՝ դառնալով ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր գործոններից։ Դրա հետևանքով կրկին աշխարհակարգային փոփոխություններ են ենթադրվում, ինչի ավարտին սպասում են բոլորը, այդ թվում՝ Իրանը, մասնավորապես իսլամական համակարգի շրջանակներում իշխող պահպանողական ուժերը, որոնք հակված են դեպի արևելք ու Ռուսաստան։ Ուստի նշյալ ուժերը պատմականորեն Ռուսաստանի նկատմամբ անվստահության մթնոլորտը փոխելու համար հաճախ «Նոր Ռուսաստան» տերմինն են կիրառում։

Ավելին, հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին տարբեր առիթներով խիստ դրական է արտահայտվել Ռուսաստանի մասին ու շեշտել․ «Մեր հայացքը պետք է դեպի արևելք լինի, ոչ թե արևմուտք, մանավանդ հայացքը դեպի արևմուտք ու Եվրոպա ժամանակի վատնումից, ստորացումից, ապարդյուն սպասումից զատ այլ օգուտ չունի»։ Թեհրանը, ըստ ամենայնի, հույս է տածում, որ նոր աշխարհակարգում պատժամիջոցների ազդեցությունը JCPOA-ի դուրս գալու դեպքում ավելի տանելի կդառնա։

Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրություններում կարող է ընտրվել Թրամփը կամ մեկ այլ հանրապետական, փաստորեն Իրանին ընդամենը շուրջ երկու տարի ժամանակ կտրվի, ինչը բնավ էլ բավական չէ շոշափելի արդյունք արձանագրելու համար՝ նկատի ունենալով նաև, որ Թեհրանը FATF-ի սև ցուցակում է, ինչի պատճառով հնարավոր է, որ խոշոր բանկերն ու ընկերությունները խուսափեն Իրանի հետ գործարքի մեջ մտնելուց։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ԵՄ-ը խիստ շահագրգիռ է JCPOA-ի փրկությամբ, քանի որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով էներգետիկ ճգնաժամի մեջ է հայտնվել և բնավ էլ չի ցանկանում միջազգային մակարդակով նոր հակամարտության մասնակից դառնալ, այն դեպքում, երբ էներգակիրներով հարուստ Իրանը կարող է Ռուսաստանին այլընտրանք դառնալ։  Այնուամենայնիվ, JCPOA-ի գլխավոր դերակատարների միջև բանակցություններն այլընտրանք չունեն Իրանի միջուկային զենք արտադրելը բացառելու տեսանկյունից, ինչպես նշել է Բլինքենը։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Ահմադինեժադի օրոք այդ երկրի տնտեսությունը դեռևս ծանր վիճակում չէր և կարողացավ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ երկրերի սահմանափակումներին որոշ չափով դիմակայել, և երկրի տնտեսությունն անկում ապրեց։ Սակայն ներկա դրությամբ միայն ԱՄՆ սահմանափակումների և դրանց քառապատիկ ավելացման պայմաններում Իրանի տնտեսությունը, թերևս, գերծանր վիճակում է հայտնվել։ Հետևաբար բանակցությունների վերջնական ձախողումն ու պատժամիջոցների ողջ փաթեթի վերականգնումը բացառված չէ հարկադրված ավելի վատ պայմաններում վերադառնա բանակցություններին, ինչպես նշել էր Ռոհանին։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031