Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգձգում են, արհամարհում․ Արթուր Դավթյան, զարթնի՜ր»․ զոհված զինծառայողների ծնողները փողոց են փակել

Մայիս 17,2022 13:03

2020թ․ պատերազմում անմահացածների ծնողներն այսօր փակել են Գարեգին Նժդեհի փողոցը․ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց նրանք հայտարարում են, որ վրդովված են դատավորի եւ դատախազի վերաբերմունքից․ դատավորը հայտարարել է, որ դատախազին ծանուցել է, սակայն նա չի ներկայացել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին  ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։

«Բացի այն, որ դատախազը չէր ներկայացել, ողջ դատական նիստի ընթացքում մենք մեր հարցերի առնչությամբ պատշաճ պատասխաններ չստացանք։ Այլ նիստ էլ կար նշանակված, հետաձգեցին։ Վրդովված դուրս եկանք փողոց, պահանջում ենք, որ գան ու հարցերի պատասխանները տան»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց զոհված զինծառայողի ծնող Անահիտ Մանասյանը։

Մեկ այլ ծնող էլ մատնանշեց, որ դատարանն իրենց պատշաճ չի ծանուցել․ «Եթե չբողոքենք, նույն կերպ են շարունակելու վարվել։ Կոչ ենք անում արժանապատվություն դրսեւորել եւ հարգանք ունենալ զոհվածների ծնողների հանդեպ։ Դատավորն այդպես էլ չարձագանքեց, թե ինչու պատշաճ չի ծանուցում։ Անգամ մեր փաստաբանին նախկին նիստի կրիչը չտվեց։ Սա բառախաղ է, մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք։ Լրջություն չենք տեսնում գլխավոր դատախազի եւ դատարանի կողմից։ Պարոն Արթուր Դավթյան, զարթնե՜ք»։

Անահիտ Մանասյանը հավելեց՝ այդպես էլ պարզ չդարձավ, թե հանցագործության մասին իրենց հաղորդումն ինչո՞ւ սկզբից ուղարկվեց հակակոռուպցիոն կոմիտեին, հետո՝ քննչական կոմիտեին․ «Կարծես միտումնավոր ծանրաբեռնում են արդեն իսկ ծանրաբեռնված կառույցները։ Տպավորություն կա, որ ոչ միայն այս գործն են ուզում քնեցնել, այլեւ առկա գործերը, որոնք շատ լուրջ են՝ ընդդեմ հրամկազմի, սպայական կազմի։ Այս ամենը միտումնավոր են անում, որ քնեցնեն բոլոր քրեական գործերը, իսկ մեր՝ արդարության պահանջը մնա օդից կախված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031