«Ովքեր հետեւել են իմ խնդրանքին, այսօր բավականին հոծ բազմությամբ միանում են Հայաստանի եւ Երեւանի այլ հատվածներում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին», – առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ նախորդ անգամ տեսախցիկը մոտ էր պահել դեմքին, ինչը իշխանական ֆեյքերի ու նրանց հետեւորդների մոտ ոգեւորության ալիք էր առաջացրել: Զգուշացրեց, որ այսօր էլ է այդպես լինելու. «Բոլոր նրանց, ովքեր էսթետիկա են փնտրում, ոչ թե քաղաքականություն կամ սեր առ հայրենիք, առաջարկում են անջատել, իսկ մնացածով անցնում ենք գործողությունների»:
Արմեն Աշոտյանը՝ անհնազանդության գործողություններն այլ քաղաքացիների հետ, սկսեց Կասկադից՝ Թամանյանի արձանի մոտից, ինչը խորհրդանշական համարեց, նաեւ ներողություն խնդրեց պատճառած անհարմարությունների համար: Մի վարորդ մեքենան քշեց ցուցարարների վրա, ասաց, որ աշխատանքից ուշանում է: «Վաղը, որ պետություն չունենանք, էդ գործն էլ չեք ունենալու», – ասաց Նաիրա Զոհրաբյանը: Արմեն Աշոտյանը կոչ արեց ոստիկանների հետ բախման չգնալ:
«Հարգելի ոստիկաններ, մենք տրամադրված ենք խաղաղ անհնազանդության, բոլոր տեսակի ագրեսիվ դրսեւորումները մեզանից հեռու են, խնդրում եմ դուք նույնպես մեզ հետ տրամադրվեք հաճելի զբոսանքի, կարծում եմ՝ Երեւան քաղաքի մասին բազմաթիվ նորություններ կիմանաք, հետո երբ որ իշխանությունը փոխվի, երեխեքին կբերեք փոքր կենտրոնով շրջելու, ու ինչ ես հիմա պատմում եմ, դուք էլ իրենց կպատմեք իրենց: Այս երկուսը մեկում ակցիան հետաքրքիր կլինի ձեզ համար էլ»,- բարձրախոսով հայտարարեց նա:
Արմեն Աշոտյանը հերթով ներկայացնում էր ճանապարհին հանդիպող բոլոր հաստատություններն ու մշակութային օջախները: Հասնելով Երեւանի պետական կոնսերվատորիայի ու Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի մոտ՝ նա ներկայացրեց նաեւ այդ շենքերը. «Ինչպես գիտեք, մինչեւ Նիկոլի իշխանությունը աշխարհին հայտնի էինք մեր մշակույթով, կրոնով պատմությամբ, հետո այն ազգային խայտառակությամբ, որ տեղի ունեցավ 2018-ից հետո»:
Նա մի դրվագ պատմեց. «Երբ կրթության նախարար էի, 2012 թ հրավիրել էին Իրան, եւ հանդիպում եղավ իմ ու Իրանի նախագահ Ահմադինեժադի միջեւ: Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Երեւանի պետական կոնսերվատորիային՝ իրանական երաժշտական մշակույթի եւ գիտության զարգացման համար, իհարկե դժվար է նկարագրել իմ հպարտությունը, որ ես ապրեցի այս շենքում աշխատող պրոֆեսորների, դասախոսների աշխատանքի շնորհիվ»: Նա լավ օր եւ լավ երկիր էր մաղթում անցորդներին, անհնազանդության գործողությունների մասնակիցների թիվը գնալով մեծանում էր:
Կարդացեք նաև
«Եղանակը տրամադրող է, քաղաքական օրակարգը պարտավորեցնող, հերթական խայտառակությունն է եղել Մոսկվայում, Նիկոլն ինչքան մեզ ներկայացնի, էդքան խայտառակ ենք լինելու աշխարհում, եթե չեք ուզում խուրդվել միջազգային քաղաքական օրակարգում, միացեք մեզ, որ օր առաջ պրծնենք այս արհավիրքից, գա մարդ, որ հասկանա ինչ է ազգային օրակարգը, գա մարդ, որ աշխարհը մեր վրա չղժժա, գա մարդ, որ գոնե Պուտինի ազգանունը ճիշտ արտասանի, գա մարդ, որը չծախի մեր հայրենիքը… Երեկ բողոքում էր՝ ասում է՝ Ղազախստանին ՀԱՊԿ-ը օգնեց, Հայաստանին չօգնեց… Քո հանձնած հողերը գլխիդ, էդ ոնց է լինում, որ Ղազախստանին ՀԱՊԿ-ը օգնեց, իսկ մեզ չօգնեց, կարող է սխա՞լ ես աշխատել էս ընթացքում, իսկ կարող է քո պատճառով ՀԱՊԿ-ը չօգնեց, կարող է էնքան անգրագետ ես, որ նամակը չես կարողացել ձեւակերպել ու ՀԱՊԿ-ում մեր չուզող շրջանակներին, իսկ այդպիսիք կան, առիթ ես տվել, որ էդ նամակին ընթացք չտրվի, այսինքն` և անգրագիտության, եւ տգիտության եւ մեծամտության եւ դավաճանության միաձուլանք է Նիկոլ Փաշինյանը»:
Ավելի ուշ Արմեն Աշոտյանին եւ այլ մասնակիցների բերման ենթարկեցին, նա իր ֆեյսբուքի էջով տեղեկացրեց, որ ոստիկանության էրեբունու բաժանմունքում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ