Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում կայացած գիտաժողովը անհանգստացրել է ադրբեջանցիներին. «Ա1+»

Մայիս 16,2022 23:33

Մայիսի 13-14-ին Վիեննայի Պատմական արվեստների թանգարանում կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։

Գիտաժողովի մասին «Ա1+»-ին մանրամասներ է հայտնել Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը։

«Գիտաժողովը կազմակերպվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից»,- պատմում է Սոնա Բալոյանը հավելելով, որ միջազգային և հայ բանախոսները գիտաժողովին ընդգծեցին, որ 2020թ․-ի պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր, Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայ մշակութային հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։

Սոնա Բալոյանի խոսքով՝ ադրբեջանցիները, երբ տեղեկացել էին, որ այս թեմայով գիտաժողով է լինելու, փորձել էին խոչընդոտել, որպեսզի գիտաժողովը չկայանա: «Գիտաժողովից առաջ տեղի ադրբեջանական համայնքն ու դեսպանատունը նամակներ էին ուղարկել միջոցառման մասնակիցներին, Վիեննայի պատմական արվեստների թանգարանին, Ավստրիայի պետական կառույցներին, նույնիսկ՝ բանակին»,- պատմում է Սոնա Բալոյանը և հավելում, որ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվեցին փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ, որոնք անհերքելի հիմք են տալիս պնդելու հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող համակարգային վանդալիզմի մասին և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության»,- ասաց Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետը։

Սոնա Բալոյանի խոսքով, միջազգային և հայ բանախոսներն իրենց ելույթներում կարևոր շեշտադրումներով անդրադարձան մշակութային ժառանգության պահպանման կարևորությանը՝ հղում անելով միջազգային կոնվենցիաներին։ Նրա խոսքով, միջոցառման կազմակերպիչ, Արցախի հոգևոր ժառանգության պահպանության հարցերով Ավստրիայի կոմիտեի և Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտի զեկույցը նվիրված էր հակամարտության սկզբնաղբյուրի և բաղադրիչների ուսումնասիրությանը՝ քննության առնելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների մշակութային գծերն ու անցած պատմական ուղին։

«Ռազմական իրավունքի փորձագետ, Ավստրիայի բանակի գնդապետ Միխայել Փեսենդոֆերն իր զեկույցում պատմական ակնարկ կատարեց ռազմական տարբեր գործողությունների պարագայում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի, ներկայացնելով, թե որքան կարևոր է կրթել և վերապատրաստել բանակը՝ զինելով համապատասխան գիտելիքով և հմտություններով, որպեսզի ռազմական գործողությունները հնարավորինս շրջանցեն մշակութային ժառանգությանը հասցվող հնարավոր վնասն ու վտանգը»,- պատմեց Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետը և հավելեց, որ Գերմանիայի զինված ուժերի համալսարանի Հասարակական գիտությունների բաժնի ազգային և միջազգային հանրության գծով պրոֆեսորի տեղակալ, բանախոս Լանդո Քըրխմայերը լսարանին ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հիմնական կետերն՝ ընդգծելով, որ նման հեղինակավոր իրավական կառույցի վճիռը հնարավորություն է տալիս միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել խնդիրն ու հետևողականորեն աշխատել առաջատար պետությունների և միջազգային կառույցների հետ՝ հասնելու վճռով նախատեսված պարտավորվածության իրականացմանը Ադրբեջանի կողմից։

Սոնա Բալոյանի խոսքով՝ գիտաժողովի նպատակը միջազգային հարթակում համապարփակ կերպով Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հանրահռչակման և պահպանման հիմնախնդիրների ու սպառնացող վտանգների մասին բարձրաձայնելն էր, և դրանց քննարկելը ոլորտի հայ և օտարազգի մասնագետների հետ, հատկապես միջազգային իրավունքով մշակութային ժառանգության պաշտպանության հասնելու ուղիները քննարկելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031