Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեայում COVID-19-ի ավելի քան 392,000 նոր դեպքեր են հայտնաբերվել. «Ամերիկայի ձայն»

Մայիս 16,2022 23:23

«Ամերիկայի ձայն».  Հյուսիսային Կորեան հայտնել է քովիդ հիվանդության ավելի քան 392,000 նոր դեպքերի մասին: Այս հիվանդությունից մահացությունների թիվը հասել է 50-ի: Պետական KCNA-ի կողմից երկուշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի վերջից այստեղ ընդհանուր առմամբ 1,213,550 մարդ հիվանդացել է «անհայտ ծագման մի տենդով»: Ավելի քան կես միլիոն մարդ ստացել է բուժօգնություն: Մինչ այս պահն ապաքինվել է 648,630 մարդ:

Կիրակի օրը տեղի է ունեցել Աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի հերթական արտակարգ նիստը, որտեղ առաջնորդ Կիմ Չեն Ընը խիստ քննադատության է ենթարկել պետական պահուստներից դեղատներ դեղերի տեղափոխման գործում ձգձգումը:

Քիմը հրաման է արձակել անհապաղ մոբիլիզացնել կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովը՝ օգնելու կայունացնել դեղորայքի մատակարարումը Փհենյանում:

Հյուսիսային Կորեան քովիդ հիվանդության դեմ պայքարում պատրաստվածության համակարգն անցած հինգշաբթի օրը «բարձրացրեց առավելագույն աստիճանի», երբ այս հիվանդության համավարակի ամբողջ այս ընթացքում առաջին անգամը լինելով, ճանաչեց «չարամիտ վիրուսի» առկայությունը իր սահմաններում:

Չինաստանը նախնական ուսումնասիրության բժշկական թիմ է ուղարկել Հյուսիսային Կորեա: Շուրջ 10 հոգուց բաղկացած թիմը տեղ է հասել հանգստյան օրերին այն բանից հետո, երբ Փհենյանը դիմեց կարանտինային օգնության խնդրանքով:

Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սուկ Յոլը երկուշաբթի իր առաջին խորհրդարանական ուղերձում վերահաստատեց իր կառավարության պատրաստակամությունը՝ պատվաստանյութերի, բժշկական պարագաների և բժշկական անձնակազմի տեսքով մարդասիրական օգնություն ուղարկել Հյուսիսային Կորեա: Եթե Հյուսիսային Կորեան օգնության ձեռք մեկնի, Սեուլը հետ չի կանգնի անհրաժեշտ աջակցությունից, ասել է նա:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ուղղակի բժշկական օգնություն ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն կաջակցի COVAX ծրագրի շրջանակներում որոշ քանակությամբ պատվաստանյութ առաքել Փհենյանի հասցեով: Պետդեպարտամենտը Հյուսիսին նաեւ կոչ է արել միջազգային համայնքի հետ տանել համապատասխան աշխատանքներ, իր 26 միլիոն ազգաբնակչությանը պատվաստելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031