Հայ-ռուսական համալսարանը և Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական ու տեխնոլոգիական ընկերություններից «Siemens»-ը ստորագրել են գիտահետազոտական դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագիր:
«Այս համագործակցությունը լայն հորիզոններ է բացում մեր համալսարանի առջև` երկրի և համալսարանի մասշտաբով բարձր որակավորում ունեցող կադրերով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնում է ռոբոտաշինության ոլորտում մեր ուսանողների և շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում» – նշել է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանը` հավելելով, որ Հայ-ռուսական համալսարանը համագործակցում է «Siemens»-ի հետ 2020 թվականից (նախկինում՝ «Mentor Graphics»), և այս ընթացքում «Siemens»-ը բարձր է գնահատել Հայ-ռուսական համալսարանի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը և ընդգծել հետագա համագործակցության կարևորությունը:
Ստորագրված պայմանագրի համաձայն՝ Հայ-ռուսական համալսարանի թիմը լուծելու է էլեկտրոնային համակարգերի նախագծման օպտիմալացման խնդիրներ։ Էլեկտրոնային համակարգերի նախագծումն իր մեջ ներառում է ծրագրային միջոցների ամբողջություն, որոնց նպատակն է հեշտացնել էլեկտրոնային սարքերի նախագծումը և միկրոսխեմաների ստեղծումը:
Նշենք, որ «Siemens»-ը միջազգային տեխնոլոգիական կոնցեռն է, որն աշխատում է ավտոմատացման և թվայնացման ոլորտներում` արդյունաբերական, ՏՀՏ ենթակառուցվածքների և էներգետիկ բաշխման ճյուղերի համար:
Կարդացեք նաև
ՀՌՀ մամուլի ծառայություն