ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ:
Այցի ընթացքում խորհրդարանի կողմից բյուջետային գործընթացի հանդեպ վերահսկողության ուղիները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորություններն են քննարկվել Ավստրիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Օբեղնոստեղեղի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվել են բյուջետային գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ Ավստրիայի ֆինանսների նախարարության բյուջետային բլոկի պատասխանատուների հետ՝ բյուջետային տարվա ընթացքում խորհրդարանի դերակատարությանը վերաբերող հարցերը:
Այնուհետեւ Ավստրիայի Հաշվեքննիչ պալատում խորհրդարանականները ծանոթացել են նրանց գործունեության առանձնահատկություններին: Ավստրիայի Հաշվեքննիչ պալատը տվյալներ ստանալու հարցում չունի սահմանափակում, ինչպես նաեւ տալիս է գնահատական Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերից բխող գործընթացներին:
Կարդացեք նաև
Հանդիպումներ են եղել նաեւ Ավստրիայի Ֆիսկալ խորհրդում, Կատարողականի գրասենյակում, Ավստրիայի խորհրդարանի հետազոտական ու կրթական ծրագրերի կենտրոններում: Հանդիպում է եղել նաեւ Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Անդրեաս Միննիչի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ