«Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նրա խոսքով, իր գործընկերների կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ այս դեպքերին ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար. «Կոնկրետ ոստիկանները թող գիտակցեն՝ իրենց համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվելու»:
Նրա խոսքով, ոստիկանության համակարգում այսօր էլ կան պարկեշտ ոստիկաններ, որոնք իրենց գործը բարեխիղճ անում են:
Նա հիշեցնելով Գյումրիի դեպքը, երբ մարդիկ քննադատության էին ենթարկում, որ բռնության են ենթարկվել մեծահասակներ, ինչի առիթով այսօր քրգործ է հարուցված, ասաց, որ այսօր ոստիկանները բռնության են ենթարկում 60-ից բարձր քաղաքացիներին, սակայն որեւէ մեկը չի դատապարտում եւ չեն պահանջում, որ այդ ոստիկաններին «փռեն ասֆալտին» եւ նման բառեր:
Կարդացեք նաև
«Ես՝ ինքս համարում եմ, որ ոստիկաններից եւ ոչ մեկին պետք չէ «փռել» ասֆալտին, որովհետեւ դա աբսուրդի ժանրից է: Մենք չենք պատկերացնում, որ Հայաստանն այդպիսի պետություն պետք է լինի: Բայց պետք է օրենքի տառին համապատասխան այդ ոստիկանները պատժվեն»,-ասաց նա:
Ոստիկաններին հովանավորելու վերաբերյալ հարցին էլ ի պատասխան Արամ Վարդեւանյանն ասաց. «Ցավով պետք է ասեմ, որ ունենք իրավիճակ, որ ոստիկաններին մասնավոր բիզնեսից պեչենիներ են տալիս: Ես այդ տեսարանից շատ ազդվել եմ: Բոլոր այդ պարկեշտ ոստիկանները պետք է գիտակցեն, որ իրենք չեն մնալու այդ պեչենիների, նվերի հույսին: Նրանք արժանապատիվ կյանք պետք է ունենան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ