Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի գնառաջարկին
Վաշինգտոն – Մի նոր զեկույցով, որը հրապարակվեց մայիսի 13-ին Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի կողմից՝ Թուրքական ժողովրդավարություն նախագծի հետ համատեղ, բացահայտում է Թուրքիայի երկերեսանիությունը քաղաքական մանևրումների մեջ և որ այն արժանի չէ մահաբեր F-16-ների նոր խմբաքանակի վաճառքին, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Կոլումբիայի համալսարանի զեկույցում ասվում է. «Էրդողանիզմը պոպուլիստական բռնապետության և քաղաքական գաղափարախոսության ձև է, որը հիմնված է անձի պաշտամունքի վրա։ Իր հիմքում կոռումպացված լինելով՝ այն շովինիստական, ազգայնական և խտրական է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ռուսական քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ, ովքեր տեղափոխվեցին Թուրքիա, գտան, որ Թուրքիան մի ուրիշ տեսակի գուլագ է… Թուրքիան ճամփաբաժանի վրա է: Մեկ ճանապարհի վրա բարեփոխումներն են և իսկապես ժողովրդավարական Թուրքիան, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուսի վրա՝ ավելի մեծ ավազակապետություն և մարդու իրավունքների խախտումներ են»:
«Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն ժողովրդավարություններին՝ ոչ թե կզինեն ժողովրդավարությունը սպանողներին, ուստի մենք սկզբունքորեն դեմ ենք, որ ԱՄՆ-ը զենք տրամադրի Թուրքիային, հատկապես, հաշվի առնելով զեկույցներն այն մասին, որ 2020թ.-ի աշնանը արցախյան պատերազմում հայ ժողովրդի դեմ կիրառվել են F-16 կործանիչներ»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։ «Առնվազն, ԱՄՆ-ը պետք է ապահովի, որ Թուրքիան դադարեցնի իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ՝ ոչ թե Էրդողանի և Ալիևի ռեժիմներին հնարավորություն ընձեռի շարունակել ցեղասպան վարքագծերը»,– շարունակեցին համանախագահները։
Կարդացեք նաև
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և Թուրքական ժողովրդավարություն նախագծի զեկույցը տեղեկատվություն է տրամադրում «ռուս օլիգարխների կողմից իրենց ակտիվները պաշտպանելու ջանքերի մասին՝ իրենց սուպերզբոսանավերը Թուրքիայի նավահանգիստներում կայանելու, թուրքական բարձրակարգ անշարժ գույք գնելու և Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու միջոցով՝ իրենց ակտիվները բռնագրավումից պաշտպանելու համար»:
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը «չպետք է փոխհատուցում ստանա՝ թույլ տալով իրեն ձեռք բերել 70 հատ F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ Lockheed Martin-ից»։ Նա շարունակեց, որ «Բայդենի վարչակազմը պետք է ավելի խորաթափանց լինի՝ ընկերոջը թշնամուց տարբերելուց»։
Այս զեկույցը հրապարակվել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Թուրքիայի կողմից հրապարակայնորեն դեմ արտահայտվելու և Էրդողանի դաշնակիցների պատվիրակության Վաշինգտոն այցելելու ընթացքում։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: