Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի Շիրակի մայր բուհը հայտարարագրել է 24 մասնագիտություններ, դիմորդների թիվը 277 է։ Երվանդ Սերոբյանը նշեց, որ երեք մասնագիտությունների՝ հաշվապահական հաշվառում-հարկում, աշխարհագրություն և մաթեմատիկայի գծով դիմորդներ չկան։
«Բնագիտական ուղղությունը ևս շարունակում է խնդրահարույց մնալ, չնայած պիտի ասեմ, որ մեր բուհում բնագիտամաթեմատիկական ուղղություններից որոշակի աշխուժություն նկատվում է ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա բաժիններում։ Դա բուհի, ֆակուլտետի և մասնագիտական ամբիոնների աշխատանքի արդյունքն է։ Մաթեմատիկայի մասով պիտի ասեմ, որ նման իրավիճակ է նաև Վանաձորում, ես հետևում էի դիմորդների հայտարարագրման էլեկտրոնային ընթացքին։ Հումանիտար բլոկում բավականին լավ իրավիճակ ունենք, և պատկերը, պետք է ասել, որ կտրուկ փոփոխություն չի կրել։ Մեկ-երկու մասնագիտություններ գծով կան փոփոխություններ, որոնք , երևի, պայմանավորված են նաև երկրորդ միասնական քննության պարտադիր լինելով։ Ինձ թվում է՝ մյուս տարի այդ ցուցիչն ավելի լավ կլինի, որովհետև բոլոր դեպքերում արդեն ավելի երկար ժամանակով երկու պարտադիր քննության պահանջը ուժի մեջ մտած կլինի, և դիմորդներն ավելի լավ կնախապատրաստվեն։ Ընդհանուր պատկերն այսպիսին է», -ասաց բուհի ռեկտորը։
Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ր մասնագիտություններն են ամենաշատը հետաքրքրել դիմորդներին։ Պարզվեց՝ ամենաշատ դիմորդներ ունի հոգեբանության բաժինը, անգլերեն լեզվի և գրականության բաժինը, խոսքը 30- 32 դիմորդների մասին է։
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումների, սերվիս մասնագիտության բաժինները եւս դիմորդների պակաս չունեն․ «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոնում դասավանդվող սերվիս մասնագիտության բաժինն այս տարի 25 դիմորդ ունի։ Թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն բաժնում էլ դիմորդների քանակը հատկացված տեղերից մեկով ավելի է՝ 21 դիմորդ են։ 21 դիմորդ ունի նաև պատմություն բաժինը։
Կարդացեք նաև
Ըստ Երվանդ Սերոբյանի՝ դիմորդների թիվը հումանիտար ուղղությամբ բավականին շատ է։ Նշենք, սակայն, որ լրագրություն, հայոց լեզու և գրականության բաժիններում քիչ են դիմորդները, լրագրության բաժնում 3 դիմորդ է, հայոց լեզվի և գրականության բաժնում՝ 5։ Այս տարի դիմորդների մեծ պակաս ունի նաև սոցիոլոգիայի բաժինը, ընդամենը՝ 2 դիմորդ։
Ռեկտորի տեղեկացմամբ ՝ շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով բավական շատ են դիմորդները․ անցած տարվա համեմատ փոփոխություն է նկատվում, աշխուժություն կա։
«Դա ուրախալի է, այդ միտումը պիտի շարունակվի, կառավարությունում էլ որոշակի քայլեր են ձեռնարկվում, քննարկվում էր գերակա մասնագիտությունների ցանկ, և տեսնում ենք, թե մանկավարժական մասնագիտություններ գծով ինչ է կատարվում՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում, դրա հենքի վրա դրույքաչափերի բարձրացում։ Ինձ թվում է՝ պետական քաղաքականությունը նպաստելու է այս ոլորտում մանկավարժական մասնագիտությունների՝ ուսուցիչ դառնալու, դպրոցում աշխատելու ցանկություն ունեցողների թվի աճին։ Կատարվող գործողություններն իսկապես լուրջ փոփոխություն են բերում ուսուցչի աշխատավարձին։ Պիտի ասեմ, որ ես լավատես եմ նաև բնագիտամաթեմատիկական առարկաների ուղղությամբ, որովհետև գիտական աշխատողների աշխատավարձերի լուրջ բարձրացումը, որը կատարվել է վերջերս, կբերի նրան, որ հոսքը դեպի բնագիտամաթեմատիկական և մանկավարժական ուղղություններ մեծանա, ինչը շատ կարևոր է, որովհետև կրթության որակի բարձրացումը երկրի ամբողջ զարգացումն է ապահովում»,-ասում է Երվանդ Սերոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ