«Արցախպրես». Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Սամվել Կարապետյանին, հանրային տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը այս առթիվ դիմել է ԱՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանին՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:
– Հանրությանը հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, որ Սամվել Կարապետյանը խուսափի քրեական պատասխանատվությունից:
– Ինչպես մնացյալ դեպքերում, այդ դեպքի մասին ևս դատախազությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակել: Հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել էր, նրան առաջադրվել է մեղադրանք ծանր և միջին ծանրության ենթադրյալ հանցագործությունների կատարման համար, ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց: Ի դեպ, խափանման միջոցի հետ կապված ևս բացահայտ կեղծ ու սուբյեկտիվ հայտարարություններ եղան: Խափանման միջոց կալանքի կիրառումը ոչ թե քննիչի սուբյեկտիվ ցանկության արդյունք է, այլ կոնկրետ քրեադատավարական հիմքեր պահանջող դատավարական հարկադրանքի միջոց: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան չէր ներկայացվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալն իր ցուցմունքներով ամբողջությամբ ներկայացրել էր դեպքի հանգամանքները, տուժողներն ու վկաները հարցաքննվել էին, առգրավվել էին դեպքի վայրի տեսագրությունները: Հաշվի էր առնվել նաև մեղադրյալի տարիքը, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր լինելը: Հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացու կողմից ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ արձակելու դեպքով ևս մեղադրյալը չէր կալանավորվել, մինչդեռ զարմանալիորեն որևէ մեկի մոտ իրավապահ մարմիններին քննադատելու մտադրություն չէր ծագել: Դա նշանակում է, որ դատախազությունը հաճախ կարող է գործ ունենալ սուբյեկտիվ գնահատականների հետ և երբեք չպետք է կաշկանդված լինի նման երևույթներով: Մինչդատական վարույթում կալանավորման հարցի քննարկման համար կարևոր նշանակություն ունի նաև դատական պրակտիկան, որը ևս հաշվի է առնվում նախաքննական մարմինների կողմից: Վերջերս դատարանը մերժել էր երկու անձանց սպանության պարտակման մեջ մեղադրվող, ինչպես նաև դանակի ութ հարվածով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցրած անձանց կալանավորելու քննիչի միջնորդությունները, քանզի կալանքը հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: