Այսօր Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ասուլիսում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ իրավապահները մտադիր են քրեական գործ հարուցել արցախյան պատերազմների 75-ամյա մասնակից Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ։ Ասաց, որ նրան այս պահին ձերբակալում են, եւ հարուցվելու է քրեական գործ:
«Ոստիկանությունը հանցավոր գործողություններ է կատարում, իսկ միջազգային հանրությունը լռում է»,-ասաց Արամ Վարդանյանը՝ նշելով, որ ավտոերթը հավաքների իրավունքը իրացնելու դրսեւորում է, ուստի ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու, առավել եւս ուժ կիրառելու. «Ոստիկանական միջամտություն չի կարող տեղի ունենալ, առավել եւս, կարմիր եւ այլ գույների բերետավորների բիրտ միջամտությունը չէր կարող տեղի ունենալ։ Բայց տեսանք ճիշտ հակառակը։ Եթե ՀՀ-ն լիներ ժողովրդավարական արժեքների ջատագով երկիր, ապա չէինք կարող տեսնել այն ամենը, ինչ այսօր տեսել ենք: Անգամ հեծանիվով վազքի մասնակցի նկատմամբ վեց ոստիկան անմիջապես ուժ են կիրառել։ Կան ոստիկաններ, որոնք կապ չունեն ոստիկանի պատվի հետ։ Նրանք կպատժվեն»:
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ վարորդը մեքենայի ղեկին նստած, որեւէ գործողություն չի անում, բայց նրա նկատմամբ ուժ են կիրառում, որպեսզի բերման ենթարկեն. «Ինքնանպատակ ուժի կիրառման դեպքեր ենք տեսնում։ Տեսանք, թե այսօր ինչպիսի ուժ էր կիրառվում 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ։ Իրեն նույնիսկ անձնական ամենալկտի վիրավորանքն են հասցնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ