«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս կայացավ ջազային երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի ծննդյան 70- ամյակին նվիրված համերգ, որն իսկական ջազային հրավառություն էր: Հիշատակի համերգը կրում էր Living in Jazzland խորագիրը: Այն յուրօրինակ հարգանքի տուրք էր ճանաչված երաժշտի հիշատակին: Ցուցադրվեցին բացառիկ արխիվային կադրեր, Ազարյանի հետ առնչություն ունեցած երաժիշտների տեսաուղերձներ:
Հայաստանի ջազային ներկապնակը ներկայացնող երաժիշտները կատարեցին ոչ միայն Դավիթ Ազարյանի ստեղծագործություններից, այլեւ գործեր, որոնք ձոնել էին նրան:
Ճանաչված սաքսոֆոնահար, գործիքավորող եւ կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը հանդես եկավ իր ջազ քառյակի հետ: «Պիտի խոստովանեմ, որ Դավիթ Ազարյանն իր ներկայությամբ, իր մասնագիտական գործունեությամբ այն բացառիկ երաժիշտներից է, որը կարեւոր դերակատարություն է ունեցել իմ կյանքում: Նա դարձավ այն բացառիկ անձանցից մեկը, որի երաժշտությունը, կենդանի ելույթները բախտորոշ եղան իմ` պատանյակի, մասնագիտության ընտրության եւ հետագա ընթացքի համար, որը նոր-նոր հրապուրվել էր ջազային երաժշտության ներուժի հմայքով »,-ասաց Արմեն Հյուսնունցը: Հավելեց, որ բազմիցս ներկա գտնվելով Դավիթ Ազարյանի համերգներին` վարակվել է այն բերկրանքով, որը խարիզմատիկ ջազային երաժիշտն ապրում էր բեմի վրա:
«Միշտ վայելել եմ Դավիթի` որպես ավագ գործընկերոջ խրախուսանքը` երբեմն ժեստերով, երբեմն անձայն, բայց ժպիտով, ինչը սկսնակ երաժշտի համար շատ կարեւոր էր»,- ընդգծեց Հյուսնունցը:
Կարդացեք նաև
Ի թիվս այլոց, համերգին մասնակցում էին նաեւ Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Ներսիսյանի քառյակը, երգչուհի Լարիսա Պրազյանը: «Ով Դավիթ Ազարյանին տեսել է բեմի վրա, հուզականությունից մինչեւ էքստազ, այդ դիապազոնը տեսել է նրա միջոցով»,-ասաց սաքսոֆոնահար Արսեն Ներսիսյանը: Ու թեեւ նրա քառյակի դաշնակահարը վատառողջության պատճառով համերգին չէր մասնակցում, նրա բացակայությունը չզգացվեց, քանի որ Արսեն Ներսիսյանը լրացրեց այդ բացը` նաեւ դաշնամուրով:
Հետաքրքիր դրվագներ պատմեց նաեւ Վահագն Հայրապետյանը: Բոլոր կատարված ստեղծագործությունները ընդունվեցին առանձնակի ջերմությամբ:
Հիշեցնենք, որ Դավիթ Ազարյանը 1989-ից բնակվում էր ԱՄՆ-ում: Նա դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում: Դավիթ Ազարյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում, հանդես եկել մեծանուն երաժիշտների հետ: Նա գրել է կամերային-գործիքային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերային եւ կինոերաժշտություն: Նա մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր էր:
2003-ին Ազարյանի կյանքն ընդհատվել է Բոստոնում` դժբախտ ավտոպատահարի պատճառով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ