Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի միջուկային ծրագրերի «ոդիսականը». Էմմա Բեգիջանյան

Մայիս 16,2022 15:13

ՄԱՍ 1

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2002թ․-ից ի վեր Իրանի միջուկային ծրագրերը վերածվել են միջազգային խնդրահարույց հարցի, քանի որ միջազգային հանրությունը, մասնավորապես Արևմուտքը, այդ երկրին մեղադրում է միջուկային զենք արտադրելու մտադրության մեջ, ինչը Թեհրանը խստորեն հերքում է։ Այս հարցն Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիրներից է, ինչի լուծման առնչությամբ վերջինս դիմում է թե՛ բանակցությունների և թե՛ սպառնալիքների։ Միջուկային էներգիան խաղաղասիրական նպատակներով օգտագործելն ու միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու «ոդիսականն» Իրանում սկսվել են ԱՄՆ-ի «կանաչ լույսով», շուրջ 65 տարի առաջ:

1957թ․ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի «Atom for Peace» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային ոլորտում միջուկային էներգիայի քաղաքացիական նպատակներով կիրառության մասին 11 կետից կազմված համագործակցության համաձայնագիր կնքեց, որով նախատեսվում էր Թեհրանին տրամադրել տեխնոլոգիաներ և հարստացված ուրան։ Հետագայում Իրանում միջուկային տեխնոլոգիաների ու միջուկային էներգիայի քաղաքացիական նպատակներով կիրառության հարցն Իրանի վերջին շահի իշխանության վերջին օրերին դարձել էր խնդրահարույց հարց երկու դաշնակից երկրների միջև, երբ Վաշինգտոնը սկսել էր կասկածի տակ դնել Իրանի միջուկային ծրագրերը։

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՄԻՆՉԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1958թ․ Իրանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) անդամ, իսկ 1959թ․ Էյզենհաուերը Թեհրանի համալսարանին նվիրեց հետազոտական փոքր ռեակտոր։ 1967թ․ Իրանն ավելի լուրջ քայլ կատարեց այս ոլորտում՝ գործարկելով Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնը 5 մեգավատանոց ռեակտորով, որն աշխատում էր բարձր՝ 93 տոկոսանոց հարստացված ուրանով․ այն Իրանին մատակարարում էր ԱՄՆ-ը։ Սակայն հեղափոխությունից հետո ռեակտորը, փոփոխությունների ենթարկվելով, հարմարեցվեց 20 տոկոսանոց ուրանով աշխատելուն, քանի որ ԱՄՆ-ը դադարեցրել էր Թեհրանին 93 տոկոսանոց ուրանի տրամադրումը։ Իրանի իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Արգենտինայի միջև 18 ամսվա բանակցությունների արդյունքում 1987թ․ ստորագրվեց 5,5 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր, որով 1993թ․ Բուենոս Այրեսը 22,6 կգ 20 տոկոսանոց ուրան տրամադրեց ԻԻՀ-ին։

1968թ․ Իրանն անդամակցել է Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին (Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapon, NPT), որը 1970թ․ հաստատել է նաև խորհրդարանը։ 1970-ականների սկզբներին Իրանի միապետ Մոհամեդ Ռեզա շահը, ով ձգտում էր երկիրն Արևմտյան Ասիայի «Ճապոնիան» դարձնել, հանգել էր եզրակացության, թե պետք է երկրում զարգացնի միջուկային տեխնոլոգիաները, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջարկն օրեցօր աճում էր։ Եվ ահա 1972թ․ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի թեհրանյան այցի ընթացքում կողմերը ստորագրեցին գաղտնի համաձայնագիր Թեհրանին ԱԷԿ-ներ, միջուկային վառելիք և անսահմանափակ զենք վաճառելու վերաբերյալ։ 1973թ․ միջազգային շուկայում նավթի քառակի գնաճ արձանագրվեց, շահն ավելի մեծ հնարավորություն ստացավ կյանքի կոչելու իր հավակնոտ ծրագրերը, ուստի 1973թ․ պաշտոնապես բանակցություններ սկսեց ԱՄՆ-ի հետ՝ պայմանով, որ Իրանում ԱԷԿ-ների վառելիքի արտադրությունը լիովին վերահսկելու է Վաշինգտոնը։ Արդյունքում 1974թ․ շահը հայտարարեց, թե 8 ԱԷԿ է գնելու ԱՄՆ-ից և 5-ն էլ՝ Ֆրանսիայից։

Նույն թվականին շահի նախաձեռնությամբ հուլիսի 7-ին հիմնադրվեց Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպությունը (IOFA), տնօրեն նշանակվեց դոկտոր Աքբար Էթեմադը, ով խստորեն կարևորում էր միջուկային էներգետիկայի դերը երկրի առաջընթացի համար։ Ուստի կազմակերպության գործունեությունը մեծ արագությամբ ընդլայնվեց, և նա շուտով ստանձնեց նաև Բուշեհրում ու Դարխովինում 4 ԱԷԿ կառուցելու բավական ծանր պարտավորությունները։ Բացի այդ շահը բանակցություններ էր վարում ամերիկյան, գերմանական և ֆրանսիական ընկերությունների հետ Կենտրոնական ու Սպահանի նահանգներում ևս 4 ԱԷԿ և Բուշեհրում ծովի ջրի աղազտման կայան կառուցելու համաձայնագիր ստորագրելու շուրջ։

Միաժամանակ Թեհրանի և Շիրազի համալսարաններում ակտիվացել էր միջուկային ֆիզիկայի մասնագետներ պատրաստելու գործընթացը։ 1974թ․ Իրանի կառավարության պատվերով Սթենդֆորդի հետազոտական կենտրոնի կողմից այդ երկրի տնտեսական, արդյունաբերական ու հասարակական առաջընթացի տեսլականի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունում շեշտվել էր, թե դրա համար անհրաժեշտ է, որ մինչև 1995թ․ երկրում ԱԷԿ-ների միջոցով արտադրվի 20 հազար ՄգՎտ էլեկտրաէներգիա։ Իրանն ի զորու չէր այլ եղանակներով մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունն այդ ծավալներով։ Ուստի Թեհրանը, հետևելով նշյալ խորհրդատվական ուսումնասիրությանը, 1974թ․ նոյեմբերին գերմանական «Սիմենս» ընկերության հետ Բուշեհրում «թեթև ջրի» 1300 մեգավատանոց ԱԷԿ կառուցելու մասին երկու համաձայնագիր ստորագրեց, ինչը տվյալ ժամանակահատվածում խոշորագույն, աննախադեպ նախագիծ էր համարվում։

ԱԷԿ-ների կառուցումը սկսվել էր 1975թ․ օգոստոսին, որի աշխատանքներին մասնակցում էր գերմանացի ու իրանցի շուրջ 2000 մասնագետ, մինչդեռ վերջնական համաձայնագիրը ստորագրվեց 1976թ․ հուլիսի 4-ին։ Ըստ ծրագրի՝ ԱԷԿ-ները շահագործման էին հանձնվելու 1980թ․, սակայն 1979թ․ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից շուրջ 4 ամիս անց՝ նույն թվականի հուլիսին, «Սիմենսը», պայմանավորված վճարումներն ուշացնելու պատճառաբանությամբ, կառուցումը կասեցրեց, երբ արդեն առաջին ԱԷԿ-ը՝ 85, իսկ երկրորդը 65 տոկոսով կառուցվել էր։

Թեև հեղափոխությունից հետո ևս «Սիմենսը» պատրաստակամություն էր հայտնել շարունակել աշխատանքները Բուշեհրի ԱԷԿ-ներում, սակայն ընկերությունը դադարեցրեց աշխատանքները՝ ԻԻՀ-ի որդեգրած հակաարևմտյան ու հակաիսրայելական քաղաքականության, ինչպեսև իրան-իրաքյան պատերազմի ընթացքում դրանք Իրաքի հրթիռակոծությունների թիրախը դառնալու և լրջագույն վնասներ ստանալու պատճառներով։ ԻԻՀ-ը «Սիմենսից» տուգանք պահանջեց պարտավորությունները չկատարելու համար, ինչն ԻԻՀ-ի ու ընկերության միջև իրավաբանական վեճի պատճառ դարձավ, սակայն Փարիզի միջազգային առևտրի հանձնաժողովի աջակցությամբ ընկերությունը դատը շահեց ու տուգանք չվճարեց։ 1974թ․ մայիսին Իրանն IAEA-ի հետ ստորագրել էր NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) համաձայնությունը, որը հնարավորություն է ընձեռում IAEA-ի տեսուչներին ստուգումներ կատարել անդամ երկրների միջուկային օբյեկտներում։

1975թ․ Իրանը գնեց «Եվրոդիֆ» (Eurodif) ուրանի հարստացման համալիրի բաժնետոմսերի 10 տոկոսը, որը կառուցվելու էր Ֆրանսիայում։ Այն կոնսորցիում էր, որը ձևավորվել էր վերջինիս, Իսպանիայի, Բելգիայի ու Իտալիայի մասնակցությամբ։ Ըստ շահի ստորագրած համաձայնության՝ այդ առնչությամբ Իրանը կարող էր ունենալ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ։ Թեհրանը Eurodif-ի կառույցներում վարկի ու Իրանում ԱԷԿ կառուցելու նպատակով ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլար ներդրում էր կատարել, ընդ որում, մեկ միլիարդը՝ ԱԷԿ կառուցելու համար։ «Եվրոդիֆը» միաժամանակ որոշակի քանակությամբ հարստացված ուրան էր տրամադրելու Իրանին՝ բժշկական կարիքների համար ռադիոիզոտոպներ արտադրելու նպատակով։ Սակայն հեղափոխությունից հետո դադարեցվեց համագործակցությունը, ինչը կողմերի միջև կրկին դարձավ իրավական վեճի առարկա։ ԻԻՀ-ը միակողմանիորեն չեղարկել էր համաձայնությունը, իսկ «Եվրոդիֆը», այն պատճառաբանությամբ, թե ընկերությունը չի կարողացել իրագործել իր 10-ամյա ծրագրերը, տուգանք պահանջեց, արդյունքում ԻԻՀ-ը 2 միլիարդ դոլար ներդրումից 900 միլիոնը որպես տուգանք հատկացրեց Ֆրանսիային, իսկ մեկ միլիարդն ԻԻՀ-ին վերադարձվեց ապրանքների տեսքով։

Նախահեղափոխական Իրանում, կարելի է ասել, որ Ֆրանսիան իր գործունեությունը սկսել էր 1977թ․ հոկտեմբերից, երբ Իրանի հետ Ահվազ քաղաքի մոտակայքում՝ Դարխովինում, երկու 900 մեգավատանոց ԱԷԿ կառուցելու մասին համաձայնագիր էր ստորագրել, որոնք կառուցելու էր ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունը, սակայն, ըստ որոշ տվյալների, դրանք կառուցվել էին 3-4 տոկոսով։ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո դադարեցվեց նաև Դարխովինի ԱԷԿ-ների կառուցումը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 1975թ․ ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը սկզբունքորեն կողմ էր արտահայտվել շահի «Միջուկային էներգիայի համապարփակ» ծրագրին՝ էներգիայի աղբյուրների բազմազանության տեսանկյունից, որով նա ցանկանում էր 23․000 ՄգՎտ միջուկային էլեկտաէներգիա արտադրել՝ վառելիքի ինքնուրույն արտադրության կարողությամբ։ Նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց մի օրինագիծ, որով կառավարությանը թույլատրվում էր Իրանի հետ միջուկային ոլորտում գործարք կատարել, և վերջինիս միջուկային գործունեությունը հայտարարվեց բնականոն։ Այս հանգամանքը հնարավորություն ստեղծեց Իրանի հետ 6 միլիարդ դոլար արժողությամբ միջուկային տեխնոլոգիաներ ու սարքավորումներ վաճառելու համաձայնագիր ստորագրելու համար։ Այնուհետև Ֆորդը 1976թ․ ապրիլին, ի հովանավորումն Մոհամեդ Ռեզա շահի միջուկային էներգետիկայի ծրագրի, ստորագրեց ազգային անվտանգության թիվ 324 հրամանագիրն Իրանում 23 ԱԷԿ կառուցելու մասին։ Միաժամանակ Իրանին առաջարկվեց միջուկային վառելիքի վերամշակման նախագիծ, որի համաձայն՝ այն կհանձնարարվեր ԱՄՆ-ի մասնակցությամբ բազմազգ ընկերության, սակայն Իրանը մերժեց՝ համառորեն ձգտելով ունենալ ազգային համապարփակ միջուկային ծրագիր։ Մինչդեռ ԱՄՆ-ն արդեն համաձայնել էր Իրանում 8 ԱԷԿ կառուցել հիշյալ նախապայմանով։

Այս առնչությամբ Իրանի միջուկային էներգետիկայի տնօրեն դոկտոր Էթեմադը Հնդկաստանում հայտարարել էր, թե Թեհրանը թույլ չի տա, որ միջուկային վառելիքի հարցում այլ երկրներ թելադրեն իրենց պայմանները։ Այս հանգամանքն ավելի բարդացրեց Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններում զենքի վաճառքի և նավթի գների շուրջ առաջացած տարաձայնությունները։ Բացի այդ նույն թվականին Իրանը Հարավային Աֆրիկայի հետ 700 միլիոնից մեկ միլիարդ դոլար արժողությամբ գաղտնի պայմանագիր էր կնքել 100 ԱԷԿ-ի վառելիք՝ ուրան, գնելու համար։ Ըստ պայմանագրի՝ Իրանը ֆինանսավորելու էր Հարավային Աֆրիկայում ուրանի հարստացման նոր կենտրոնի կառուցմանը, իսկ վերջինս ապահովելու էր Թեհրանի ուրանի հանքանյութի պահանջարկը Նամիբիայի հանքերից։

Նշյալ աղբյուրի համաձայն՝ Իրանն այդպիսով ձգտել էր շրջանցել իր դաշնակցի կողմից կիրառվող սահմանափակումները, ինչի առնչությամբ Վաշինգտոնը նախազգուշացրել էր Թեհրանին։ Քանի որ այդ համաձայնագիրը մարտահրավեր էր ԱՄՆ-ի կողմից ուրանի առուվաճառքի մենաշնորհին (թեև Թեհրանը հերքել էր նման համաձայնության առկայությունը), իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շեշտել էր, թե համաձայնագրի գաղտնիությունը եղել է Հարավային Աֆրիկայի պահանջով։ Հետագայում այդ փաստը հաստատվեց նաև վերջինիս կողմից։

Ավելին, Իրանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հելմսը (1913-2002թթ․) հայտնել էր, թե Իրանը ձգտում է երկրի ներսում ուրանի հարստացման սեփական կենտրոն ստեղծել օտարերկրյա մասնագետների, այդ թվում՝ ամերիկացիների աջակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Թեհրանը մտադիր է համատեղ ներդրումներ կատարել Կենտրոնական Աֆրիկայում ուրանի հանքեր հայտնաբերելու նպատակով։

Ֆրանսիայի հետ միջուկային ոլորտում, մասնավորապես ուրանի հարստացման, և նույն ոլորտում Հարավային Աֆրիկայի հետ համագործակցությունը, ինչպեսև այդ մասով ենթակառուցվածքներ ստեղծելու Թեհրանի ջանքերն ամերիկյան փորձագիտական շրջանակներում կասկածներ էին առաջացրել առ այն, որ Իրանը հետազոտություններ է սկսել «ցածր մակարդակի» միջուկային զենքեր արտադրելու նպատակով։ Փորձագետները նման գործունեության առանցքը համարում էին Թեհրանի Ամիրաբադի միջուկային ուսումնասիրությունների կենտրոնը։ Ավելին, ինչպես նշում են որոշ փորձագետներ, թեև Իրանի միջուկային գործունեության նպատակը գլխավորապես այլընտրանքային էներգիան էր, սակայն շահը տարբեր առիթներով իր հարցազրույցների ընթացքում նշել էր, թե հնարավոր է, որ Իրանը գործունեություն ծավալի նաև միջուկային զենք արտադրելու ուղղությամբ։ Մինչդեռ նման հայտարարությունները լուրջ հակազդեցության չէին արժանացել, ինչը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մոհամեդ Սաամին պատճառաբանում է Արևմուտքի հետ Իրանի սերտ, դաշնակցային առնչություններով։ Հետագայում՝ ավելի ուշ, երբ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում առաջացան այլ խնդիրներ (չնայած IAEA-ի տեսուչների բազմակի ստուգայցերը որևէ հաստատող փաստ չէին արձանագրել, և առ այսօր էլ որևէ ապացույց չի հայտնաբերվել), Իրանի միջուկային ծրագրերն ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում լուրջ տարաձայությունների պատճառ էին դարձել։

1977թ․ հունվարին ԱՄՆ-ում նախագահի պաշտոնը ստանձնեց դեմոկրատ Ջիմի Քարտերը, ում գլխավորած կառավարությունը կարևորում էր մարդու իրավունքների հարցը, իսկ Իրանում խնդիրներ կային խոսքի ու քաղաքական գործունեության ազատությունների ոլորտում։ Այլ կերպ ասած՝ դաշնակից երկրների փոխհարաբերությունները մթագնել էին նավթի գների և սպառազինությունների վաճառքի սահմանափակման շուրջ տարակարծությունն ու անհամաձայնությունը, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման հարցերը։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ը 1977թ․ օգոստոսից Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններ էր սկսել այդ երկրի հետ, բայց, ըստ էության, լուրջ ձեռքբերումներ չէին արձանագրվել մինչև նույն թվականի նոյեմբերի 15-ը, երբ Մոհամեդ Ռեզա շահն ու թագուհին պետական այցով ժամանեցին Վաշինգտոն։ Այցի նպատակը հիշյալ խնդրահարույց հարցերի շուրջ բանակցելն ու նախկին սերտ դաշնակցային փոխհարաբերությունների վերականգնումն էր։ Թեև կողմերը բանակցությունները գոհացուցիչ գնահատեցին, սակայն Սպիտակ տան առաջ ԱՄՆ-ում իրանցի ուսանողների հակաշահական հսկայական ցույցերը, ցուցարարների ու շահի կողմնակիցների միջև բախումները, որոնք փոքրաթիվ էին, նաև ոստիկանության «մեղմ» վերաբերմունքը, այաթոլա Ռուհոլա Խոմեյնիի պատկերները ձեռքներին ցուցարարներին չզսպելը, ներքուստ շահի դժգոհության առիթ դարձան։

Այսուհանդերձ, որոշ աղբյուրների համաձայն՝ 1978թ․ հունվարին ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնագիր էր մշակել, ըստ որի՝ Իրանը NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) համաձայնության պարտավորություններից զատ ընդունում էր նոր պարտավորություններ, ինչի դիմաց ԱՄՆ-ն այդ երկրին շնորհելու էր «ամենավստահելի երկրի» կարգավիճակ և թույլ էր տալու ուրանի վառելիքի վերամշակումը։ Սակայն, ըստ երևույթին, համաձայնագիրը չի ստորագրվել, այս մասին հստակ տեղեկություններ չկան։ Բացի այդ 1978թ․ արդեն Իրանի ներքին զարգացումները դեպի հեղափոխություն էին տանում, աշնանն արդեն սուր բնույթ էին կրում։

1979թ․՝ հեղափոխության նախաշեմին, Քարտերը միջնորդավորված կապ էր հաստատել Ֆրանսիայում գտնվող հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի հետ ու որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել։ Այլ խոսքով՝ ԱՄՆ-ը որոշել էր չպաշտպանել շահին, ինչը ոչ միայն պայմանավորված էր Իրանի ներքին զարգացումներով, այլև որոշ չափով երկու երկրների փոխհարաբերություններում առկա, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրերի խնդրներով։ Մանավանդ ըստ ԱՄՆ գաղտնազերծված փաստաթղթերի՝ բանակը պատրաստ էր ռազմական հեղաշրջման, ինչը կապահովեր շահի վերադարձը։ Եվ, ի վերջո, 1979թ․ հունվարի 14-17-ը Գվադելուպում տեղի ունեցած Արևմտյան ճամբարի հզոր քառյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Ջիմի Քարտերը, Ջորջ Քալահանը, Հելմուտ Շմիդտը և Վալերի-Ժիսկար դ’Էստեն որոշում ընդունեցին չպաշտպանել շահին՝ անուղղակիորեն նպաստելով հեղափոխությանը, թեև ըստ նշյալ փաստաթղթերի՝ Վաշինգտոնը որոշումն ընդունել էր մինչև գագաթնաժողովը։

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2002Թ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Իսլամական հեղափոխությունից հետո հեղափոխականները խիստ քննադատության էին ենթարկում շահի միջուկային քաղաքականությունը, ուստի Մեհդի Բազորգանի գլխավորած ժամանակավոր կառավարությունը չեղարկեց օտարերկրյա ընկերությունների հետ այդ ոլորտի որոշ համաձայնագրեր, իսկ ԱԷԿ-ների դեպքում արևմտյան ընկերություններն անձամբ դադարեցրեցին համագործակցությունն Իրանի հետ։ Սա հանգեցրեց միջուկային ֆիզիկայի ոլորտում իրանցի մասնագետների զանգվածային արտագաղթին։

Մասնագետների կարծիքով՝ երկրում տիրող հեղափոխական մթնոլորտով թելադրված այդ որոշումը ճիշտ չէր, քանի որ միջուկային տեխնոլոգիաների մուտքն Իրան անխուսափելի էր։ Այլ խոսքով, ինչպես նշում են փորձագետները, մինչև 1984թ․ միջուկային ծրագրերի բացակայության, իշխանությունների ոչ հստակ կողմնորոշումների ու խառնաշփոթի պատճառով հարցը մոռացության էր մատնված։ Սակայն 1984թ․ նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի օրոք որոշում ընդունվեց վերականգնել երկրի միջուկային ծրագրերը։ Ինչպես նշվեց, ԱԷԿ-ների կառուցումը շարունակելու առնչությամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ բանակցություններն անցան ապարդյուն։

Նույն թվականի միակ ձեռքբերումը, թերևս, դեկտեմբերին Չինաստանի աջակցությամբ Սպահան քաղաքում միջուկային հետազոտությունների կենտրոնի շահագործման հանձնումն էր։ 1985թ․ Չինաստանը նշյալ կենտրոնին տրամադրեց 300 ՄգՎտ հզորությամբ «հետազոտական ռեակտոր», միաժամանակ կողմերը շեշտեցին, որ կենտրոնը ռազմական նպատակներ չի հետապնդում։ Իսկ ինչ վերաբերում է Բուշեհրի ԱԷԿ-ի կառուցման աշխատանքները վերականգնելուն, ապա ԻԻՀ-ը բանակցություններ վարեց իսպանական ու արգենտինական ընկերությունների հետ, սակայն դրական արդյունք չարձանագրվեց։ Ավելին, թեև Չինաստանը հայտարարել էր, թե բնավ մտադիր չէ տեղի տալ ԱՄՆ ճնշումներին և հրաժարվել Իրանի հետ միջուկային բնագավառում համագործակցությունից, բայց և այնպես հրաժարվեց ավարտին հասցնել Բուշեհրի ԱԷԿ-ի աշխատանքները։ Այլ կերպ ասած՝ ԻԻՀ-ի միջուկային գործունեության վերսկսվելու առաջին իսկ օրվանից ԱՄՆ-ը դրանց խաղաղասիրական նպատակները հարցականի տակ էր դրել։

Դեռևս 1992թ․, ինչպես նաև այժմ, երբ Իրանը փորձում էր վերականգնել միջուկային ծրագրերը, առաջին հեթին լուծել Բուշեհրի ԱԷԿ-ի հարցը, միջազգային ԶԼՄ-ներում քննարկման առարկա էր այդ երկրի միջուկային ծրագրերում զենք արտադրելու փորձերի հարցը։ Այս հանգամանքը հիմք ընդունելով՝ Իսրայելի օդուժի հրամանատարն Իրանին սպառնացել էր, որ եթե այդ երկիրը զարգացնի միջուկային զենք արտադրելու իր ծրագիրը, ապա կկրկնվի 1981թ․ Իրաքի «Թամուզ» ԱԷԿ-ի վրա հարձակումն Իրանում։

Ի վերջո, 1993թ․ ԻԻՀ-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագիր կնքվեց տարբեր ոլորտներում համագործակցության մասին, որում ընդգրկված էր նաև Բուշեհրի ԱԷԿ-ի կառուցումն ավարտին հասցնելու հարցն IAEA-ի վերահսկողության ներքո։ 1995թ․ հունվարին ԻԻՀ-ի և Ռուսաստանի միջուկային էներգետիկայի նախարարության միջև ստորագրված մեկ միլիարդ արժողությամբ համաձայնագրով նշյալ ԱԷԿ-ի կառուցումը ստանձնեց ռուսական «Ատոմ ստրոյ էկսպորտը», որը պետք է շահագործման հանձնվեր 1999թ․ հուլիսին, սակայն տարբեր պատճառաբանություններով փաստացի շահագործման է հանձնվել 2012թ․։

Իրանում երկրի միջուկային ծրագրերի հիմնադիր համարում են Մոհսեն Ֆախրիզադեհին, ով 2020թ․ ահաբեկչության զոհ դարձավ, ինչի համար Թեհրանը մեղադրում է Թել Ավիվին։ Սակայն Թեհրանի միջուկային ծրագրերի զարգացման հարցում նշանակալից դեր է ունեցել Պակիստանի և իսլամական աշխարհի միջուկային ռումբի «հայր» դոկտոր Աբդուլղադիր Խանը (1936-2021թթ․)։ ՎԵրջինս բարձրագույն կրթություն ստացել է Գերմանիայում, Հոլանդիայում, իսկ դոկտորական թեզը պաշտպանել է Բելգիայում։ Նա, առժամանակ աշխատելով Հոլանդիայի ուրանի հարստացման կենտրոնում, 1976թ․ վերադարձավ Պակիստան և այդ ոլորտում լուրջ գործունեություն ծավալեց՝ իրականացնելով ուրանի հարստացման ծրագիրն ընդհուպ միջուկային ռումբ արտադրելու մակարդակը։ Եվ ահա 1998թ․ Պակիստանը փորձարկեց իր առաջին միջուկային ռումբը։ Նա միաժամանակ ուրանի հարստացման տեխնոլոգիաների, տեխնիկայի ու գծագրերի վաճառքի ցանց էր ստեղծել, որի հետ համագործակցում էին նաև մեկ հոլանդացի և 3 գերմանացի գործարարներ։ Խանի գործունեության այդ կողմը բացահայտվեց 2004թ․, նա խոստովանեց և դատապարտվեց 5 տարվա տնային կալանքի։ IAEA-ի նախկին տնօրեն Մոհամեդ Էլ Բարադեին այս առնչությամբ նշել էր, թե Խանը «միջուկային սուպերմարկետ» է բացել, ով փող ունենա, կարող է այդտեղից գնումներ կատարել։ Նա 1989-1996թթ․ ընթացքում միջուկային տեխնոլոգիաներ է վաճառել Իրանին, Հյուսիսային Կորեային և Լիբիային։ Խանի «առևտրական» գործունեության բացահայտումից հետո Թեհրանը ևս խոստովանեց, որ իր միջուկային ծրագրերին աջակցելու համար վճարել է նրան։ Այս մասին Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին նշել էր, որ նա Իրանին տրամադրել է օգտագործած առաջին սերնդի կենտրոնախույս սարքեր և գծագրեր։ Հնդկաստանը հայտարարեց, թե Խանն անցյալ դարի 90-ականների կեսերին Իրանին կանխիկ վաճառել է կենտրոնախույս սարքերի մասեր 3 միլիոն դոլարով, ավելի ուշ ԱՄՆ-ը ևս հաստատեց այդ վարկածը։ Թեև պաշտոնական Իսլամաբադը խստորեն հերքում էր Իրանի հետ Խանի համագործակցությունում կառավարության կապը, սակայն որպես ազգային հերոսի աչք էր փակում Խանի «առևտրի» վրա, բայց 2009թ․ օգոստոսին, երբ արդեն ավարտվել էր նրա տնային կալանքի ժամկետը, իր հարցազույցներից մեկում խոստովանել էր, որ Իրանին աջակցելու հարցում մասնակից է եղել նաև կառավարությունը։

1997թ․ մայիսին IAEA-ն, ընդլայնելով NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) համաձայնությունը, հաստատել է լրացուցիչ արձանագրություն, որն IAEA-ի տեսուչներին հնարավորություն է ընձեռում հաճախակի և առանց նախազգուշացման ստուգումներ կատարել անդամ երկրների միջուկային օբյեկտներում, բացի այդ մուտքի և ելքի բազմակի վիզա ստանալու իրավունք է տալիս։

2002թ․ օգոստոսի 15-ին «Մոջահեդին-ե խալղ» (Հանուն ժողովրդի մարտնչողներ) ԻԻՀ-ի զինված ընդդիմադիր կազմակերպության քաղաքական թևը, որն իրեն անվանում է Իրանի ազգային դիմադրության խորհուրդ, հայտարարեց այդ երկրի միջուկային գաղտնի օբյեկտների՝ Արաքի «ծանր ջրի» և Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնի ու հետազոտությունների լաբորատորիայի մասին։ Հավելենք, որ նշյալ կազմակերպությունը, որը 1997թ․-ից ընդգրկված էր ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, 2012թ․ հոկտեմբերին դուրս է բերվել։ «Մոջահեդին-ե խալղը» նաև 2002թ․-ից ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում էր և «դուրս է գրվել» 2009թ․։ Այլ կերպ ասած՝ «դուրս գրումները» տեղի ունեցան նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013թթ․) նախագահության ժամանակահատվածում, երբ այդ երկրի միջուկային ծրագրերի շուրջ տարաձայնություններն Արևմուտքի հետ առավել սուր բնույթ էին կրում։

ԻՐԱՆ-ԵՎՐՈՊԱ ԵՎ ԻՐԱՆ-5+1 ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2015Թ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Թեև Իրանի միջուկային չհայտարարված գործողության բացահայտումը վերագրվում է Իրանի ազգային դիմադրության խորհրդին, սակայն այդ մասին դեռևս 2001թ․ գրել էր ամերիկացի հայտնի քաղաքական մեկնաբան Սիմուր Հերշը։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների՝ Իրանի ազգային դիմադրության խորհրդի «բացահայտումը» հենված էր ԱՄՆ-ի՝ այս ոլորտում ունեցած տեղեկությունների արտահոսքի վրա։ Ինչևիցե, Իրան-ԱՄՆ լուրջ հակասությունները սկսվել են հենց այս կետից, Արևմուտքն Իրանի այդ քայլը պատճառաբանում է միջուկային զենք արտադրելու մտադրությամբ, ինչը Թեհրանն առ այսօր հերքում է։ Վերջինս, խոստովանելով նշված օբյեկտների առկայությունը, ընդգծում է, թե նպատակը Բուշեհրի և առաջիկայում նոր ԱԷԿ-ների համար վառելիք արտադրելն է։ Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին, նույն օրը հեռուստատեսությամբ հաստատելով այդ տեղեկությունը, IAEA-ին հրավիրեց այցելել նշյալ օբյեկտները։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ միջուկային էներգիայի խաղաղասիրական նպատակներով կիրառությունն Իրանի օրինական իրավունքն է։ Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց այդ երկրի միջուկային օբյեկտները ստուգելու համար ընդունել IAEA-ի տեսուչներին։ 2003թ․ հունիսին վերջինիս զեկույցում ընդգծվել էր, որ թեև խնդրո առարկա օբյեկտներում չեն խախտել NPT-ի դրույթները, սակայն Իրանը պարտավոր էր այդ մասին տեղյակ պահել IAEA-ին։

Միաժամանակ Թեհրանից պահանջվեց ստորագրել NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) համաձայնության ու լրացուցիչ արձանագրությունը և հաստատել խորհրդարանում։ Այսուհանդերձ IAEA-ի ստուգումները Թեհրանի արվարձանում գտնվող Փարչին, ինչպեսև Նաթանզի միջուկային օբյեկտներում բարձր տոկոսով հարստացված ուրանի հետքեր հայտնաբերելու ուղղությամբ կասկածի տակ էին դրել միջուկային գործունեության խաղաղասիրական նպատակները։ Իրանի բացատրությունն առ այն, որ հետքերը գնված սարքավորումներից են, համոզիչ չհամարվեցին։

Խաթամիի կառավարության նախաձեռնությամբ հարցի կարգավորման շուրջ ԵՄ-ի եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ բանակցություններ սկսվեցին: 2003թ․ հոկտեմբերի 20-21-ին Թեհրանում տեղի ունեցած երկօրյա բանակցություններն ավարտվեցին Սաադաբադի 3 կետից ու 9 ենթակետից կազմված հայտարարությամբ։ Բանակցություններին մասնակցող Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները գլխավորում էին ԱԳ նախարարներ Դոմինիկ դը Վիլպենը, Ջեկ Ստրոն և Յուշկա Ֆիշերը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Քյամալ Խարազին։ Համաձայն այդ հայտարարության՝ Իրանը, որպես բարի կամքի դրսևորում, ինքնակամ ժամանակավոր դադարեցրեց Նաթանզում ուրանի հարստացման գործընթացը և պարտավորվեց համագործակցել IAEA-ի հետ միջուկային օբյեկտների ստուգման հարցում: Բացի այդ Իրանը, դարձյալ որպես բարի կամքի դրսևորում, ինքնակամ ժամանակավորապես կասեցրեց Նաթանզի կենտրոնախույս սարքերի կասկադներին UF-6 գազ՝ ուրանի հարստացման հումքի ներարկումը, ինչի դիմաց եռյակը խոստացավ արգելակել հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տեղափոխելը։ Այնուհետև 2004թ. փետրվարի 23-ին կողմերը հանդիպեցին Բրյուսելում, որտեղ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Հասան Ռոհանին, իսկ Եվրոպայինը՝ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Խավիեիր Սոլանան: Կողմերը ստորագրեցին համաձայնագիր, որով Իրանը կասեցնում էր կենտրոնախույս սարքերի արտադրությունը: Այսուհանդերձ, նույն թվականի մարտի 13-ին IAEA-ի տնօրենների խորհրդի համաժողովն Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հաստատեց մի բանաձև, որն Իրանի իշխանություններին դատապարտում էր միջուկային գործունեության ոլորտում որոշ հարցեր գաղտնի պահելու համար։

Բանաձևում շեշտվել էր, որ 2003թ․ հոկտեմբերին IAEA-ին ներկայացրած փաստաթղթերը լիարժեք պատկերացում չեն տալիս տվյալ բնագավառում Իրանի անցյալի ու ներկա գործունեությունների մասին, նաև մտահոգություն էր հնչել Թեհրանի արդիական կենտրոնախույս սարքերի առնչությամբ։ Բանակցող կողմերը երրորդ անգամ հանդիպեցին Փարիզում 2004թ. նոյեմբերի 15-ին, ստորագրեցին երկրորդ համաձայնագիրը, ըստ որի՝ Իրանն ընդունեց վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով ինքնակամ դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը և թույլատրել IAEA-ին ստուգել այն, իսկ ԵՄ եռյակը խոստացավ աջակցել Թեհրանին Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելուն։ Սակայն այս համաձայնությունը ևս լուրջ ձեռքբերումներ չունեցավ:

Իրանն IAEA-ին հրավիրեց ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, միաժամանակ հայտարարեց, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և որ Թեհրանը չի հրաժարվում իր իրավունքներից: 2005թ․ հունվարին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այս առնչությամբ, թերևս, առաջին սպառնալիքը հնչեցրեց Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ եթե միջուկային զենք չարտադրելու փաստերի ստուգումները (Fact-checking) Թեհրանն արգելակի, ապա Իրանի դեմ ռազմական գործողությունը լուրջ այլընտրանք է։

ԵՄ եռյակ-Իրան բանակցությունները շարունակվում էին․ 2005թ. մարտի 23-ին ավարտվեց դրանց 4-րդ փուլը՝ առանց շոշափելի ձեռքբերումների: Իրանը հաստատակամ էր ուրանի հարստացման գործընթացը շարունակելու հարցում, անգամ պատրաստակամություն հայտնեց դա իրականացնել փոքր ծավալներով, միջազգային հանրության վերահսկողության ներքո, մինչդեռ եռյակը պահանջում էր դադարեցնել ողջ գործընթացը: Մյուս կողմից, քանի որ ակնհայտ էր, որ առանց ԱՄՆ-ի եռյակն ի զորու չէր լուծել խնդիրը, Իրանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց բացառապես այդ հարցի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ: IAEA-ի գլխավոր տնօրեն Էլ Բարադեին հայտարարել էր, որ եթե Իրանը վերջնականապես հրաժարվի ուրանի հարստացման գործընթացից, ապա Միացյալ Նահանգները պետք է այդ երկրին անվտանգության երաշխիքներ տա: Վաշինգտոնը, խիստ դեմ արտահայտվելով, շեշտեց, թե Իրանից պահանջվում է դադարեցնել ուրանի հարստացումն առանց նախապայմանի: Ավելին, Բուշը մարտի 16-ին շեշտել էր, որ միջազգային հանրությունը որոշել է թույլ չտալ Իրանին միջուկային զենք արտադրել՝ նշելով, թե բացառված չէ, որ Իրանի միջուկային գործունեության հարցը կհանձնվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին (ԱԽ):

2005թ. օգոստոսի 5-ին, երբ երկրի նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնել էր պահպանողական Մահմուդ Ահմադինեժադը, ԵՄ եռյակն Իրանին արաջարկեց «երկարաժամկետ համաձայնության շրջանակները», որով այդ երկրին աջակցելու էին խաղաղասիրական նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացման հարցում, ինչի դիմաց Իրանին պարտավորվում էր իր միջուկային գործունեությունը սահմանափակել հետազոտական ռեակտորով ու «թեթև ջրի» ԱԷԿ-ով, ինչպեսև պահանջվում էր դադարեցնել Արաքի «ծանր ջրի» և հետազոտությունների կենտրոնի կառուցումը: Իսկ սա փաստորեն նշանակում էր ԱԷԿ-ների համար վառելիք արտադրելու ծրագրից լիովին հրաժարվել, ուստի Իրանը մերժեց առաջարկը: Դրան հետևեց Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք այաթոլա Ալի Խամենեիի օգոստոսի 9-ի հայտարարությունը, որտեղ շեշտել էր, թե միջուկային զինքի արտադրությունն ու կուտակումն իսլամի տեսանկյունից անթուլատրելի է: Այն Իրանի քաղաքական վերնախավն ընդունել է որպես «ֆաթվա»՝ կրոնական վճիռ, որը պարտադիր կիրառման ուժ ունի և առ այսօր վկայակոչվում է որպես Իրանի միջուկային ծրագրերի խաղաղասիրական բնույթ ունենալու երաշխիք, թեև դրա չեղարկման հնարավորությունը ևս առկա է:

Արևմուտքի և IAEA-ի հետ Իրանի տարաձայնությունների սրացման պայմաններում IAEA-ի տնօրենների խորհուրդը, 2005թ. սեպտեմբերի 24-ին Իրանի զեկույցն իր միջուկային գործունեության վերաբերյալ գնահատելով ոչ ամբողջական, միաժամանակ այդ երկրին մեղադրեց NPT-ի պայմանագրի դրույթները խախտելու համար, Թեհրանին նախազգուշացրեց, որ նման գործելակերպը շարունակվելու դեպքում հարցը տեղափոխվելու է ՄԱԿ-ի ԱԽ: Սակայն ի պատասխան՝ Իրանը սառեցրեց NPT-ի վերահսկողության ու պահպանման (NPT Safeguards) լրացուցիչ արձանագրությունը, ինչն IAEA-ի տեսուչներին զրկեց ավելի շատ, այդ թվում՝ հանկարծակի ստուգումների հնարավորությունից: Զարգացումների նման ընթացքը, ի վերջո, հանգեցվեց նրան, որ 2006թ. մարտի 9-ին IAEA-ն Իրանի միջուկային գործունեության հարցը տեղափոխեց ՄԱԿ-ի անվտանգությանը խորհուրդ՝ NPT-ի պայմանագիրը խախտելու պատճառաբանությամբ, իսկ 2006թ. ապրիլին Իրանը հայտարարեց ուրանի հարստացման ոլորտում իր նոր ձեռքբերումների մասին: Նույն թվականին ձևավորվեց նաև Իրան-5+1 ձևաչափն (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիա) Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցելու նպատակով:

2006թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ տեղի ունեցան 5+1-Իրան առաջին բանակցությունները: Դրանք, թերևս, տեղի էին ունենում անբարենպաստ, Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերությունների լարվածության ուժեղացման պայմաններում: Նրանք սաստկացրել էին միմյանց հասցեին հնչող սպառնալիքները:

ԱՄՆ-ը, շեշտելով, թե կողմնակից է խնդրի դիվանագիտական լուծմանը, միաժամանակ առավել հաճախակի էր խոսում ռազմական միջամտության մասին՝ նշելով, որ ռմբակոծությունների թիրախ է դարձնելու Իրանի միջուկային օբյեկտները, ավելին, եղան հրապարակումներ, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (United States Central Command- CENTCOM) Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակելու, և այդ առնչությամբ վերլուծություններ են կատարվել:

Հուլիսին 31-ին Անվտանգության խորհուրդը 14 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ հաստատեց թիվ 1696 բանաձևը, որտեղ Իրանից պահանջվում էր մեկ ամսվա ընթացքում դադարեցնել ուրանի հարստացման գործընթացը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ: Հավելենք, որ բանաձևին կողմ էին քվեարկել նաև ՄԱԿ-ի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք կարող էին կիրառել իրենց վետոյի իրավունքը, դեմ քվեարկել էր միայն ոչ մշտական անդամ Կատարը: Թեհրանն ապօրինի համարեց բանաձևը և շարունակեց իր միջուկային գործունեությունը՝ ուրանի հարստացման ու նոր սերնդի կենտրոնախույս սարքեր արտադրելով, նոր միջուկային օբյեկտներ գործարկելով և հերքեց միջուկային զենք արտադրելու ամբաստանությունները՝ շեշտելով, թե ուրանի հարստացումն ուղղված է միջուկային վառելիք արտադրելուն ու բժշկության մեջ կիրառելուն:

Իրան-5+1-ի բանակցություններն ապարդյուն անցան, և 2006թ. դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 1696 բանաձևը չիրականացնելու փաստով Իրանի դեմ միաձայն հաստատեց երկրորդ՝ թիվ 1737 բանաձևը, որի նախագիծը ներկայացրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան: Այդ բանաձևի համաձայն՝ Իրանի դեմ կիրառվեցին սահմանափակումներ, արգելվեց Իրանին միջուկային ոլորտի տեխնոլոգիաների վաճառքը, որոնք կարող էին կիրառվել միջուկային այնպիսի ծրագրերում, ինչպիսին ուրանի հարստացումը և Արաք քաղաքում «ծանր ջրի» ռեակտորի կառուցումն էր: Բացի այդ արտերկրում սառեցվեցին միջուկային գործունեության հետ առնչվող բազմաթիվ ֆիզիկական անձանց ու ընկերությունների հաշիվները։

Ինչ վերաբերում է բանաձևի նկատմամբ Թեհրանի հակազդեցությանը, ապա նշենք, որ հաստատման նախօրեին Իրանի նախագահ Ահմադինեժադը սպառնացել էր, որ Թեհրանն իր փոխհարաբերությունները վերանայելու է այն երկրների հետ, որոնք կպաշտպանեն բանաձևը: Դեկտեմբերի 24-ին նա, բանաձևը բնութագրելով մակերեսային և ոչ էական քայլ, շեշտել էր, որ այն բնավ էլ չի մտահոգում Իրանին: ԱԳ նախարարությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես շեշտվում էր, որ ԱԽ-ի ապօրինի և քաղաքական բնույթի միջոցառումները չեն կարող պետություններին զրկել իրենց անբեկանելի իրավունքներից, սահմանափակել այդ իրավունքները, և նման քայլերը լոկ վարկաբեկում են ԱԽ-ին և արժեզրկում այն:

2007թ. մարտի 24-ին ԱԽ-ը, հենվելով ՄԱԿ-ի խարտիայի 7-րդ դրույթի վրա, միաձայն հաստատեց Իրանի դեմ տնտեսական ու քաղաքական ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ թիվ 1747 բանաձևը, ինչը նշանակում էր, որ դրա իրագործումը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար: Մինչդեռ թիվ 1737 բանաձևը Ռուսաստանի և Չինաստանի պահանջով այդպիսին չէր:

Բանաձևը բոլոր երկրներից պահանջում էր իրենց քաղաքացիներին արգելել Իրանի արտադրած զենքի ու զինամթերքի արտահանմանը որևէ կերպ աջակցելուն կամ գնել դրանք: Միաժամանակ հորդորում էր, որ Իրանին ծանր ռազմական տեխնիկա՝ տանկեր, ուղղաթիռներ, ռազմանավեր, ռազմական օդանավեր և այլն, վաճառելու հարցում սահմանափակումներ կիրառել: Բացի այդ խնդրո առարկա բանաձևը միջազգային ֆինանսական կազմակերպություններին արգելեց Իրանին նոր վարկ տրամադրել, ստանձնել նոր ֆինանսական պարտավորություններ՝ բացառությամբ մարդասիրական աջակցությունների: Բանաձևը պահանջում էր նաև, որ սառեցվեն ևս 28 իրավաբանական ու ֆիզիկական անձանց բանկային հաշիվներն արտերկրում և այլն: IAEA-ի գլխավոր տնօրեն Մոհամեդ Ալ Բարադեիից պահանջվել էր, որ առաջիկա 60 օրվա ընթացքում նոր զեկուցագիր ներկայացնի Իրանի կողմից բանաձևի պահանջներն իրագործելու համար՝ ուրանի հարստացման գործընթացն անհապաղ դադարեցնելու և IAEA-ի հետ համագործակցելու մասին:

2008թ. մարտի 3-ին ԱԽ-ն Իրանի դեմ հաստատեց հերթական՝ թիվ 1803 բանաձևը, որի համաձայն՝ տնտեսական սահմանափակումներն այդ երկրի հանդեպ ընդլայնվեցին: Նույն թվականի սեպտեմբերի 26-ին ԱԽ-ն ընդդեմ Իրանի հաստատեց թիվ 1835 բանաձևը, որը նոր պատժամիջոցներ չէր պարունակում, պարզապես հաստատում էր նախորդներում սահմանվածները:

2009թ. նոյեմբերի 27-ին IAEA-ի տնօրենների խորհուրդն Իրանի դեմ հաստատել է երկրորդ բանաձևը, որտեղ քննադատության է ենթարկվել այդ երկրում ուրանի հարստացման գործընթացը շարունակելու և ԱԽ-ի բանաձևերը կյանքի չկոչելու համար: Բանաձևը Թեհրանից պահանջում էր բացատրել Ղոմ քաղաքի մոտակայքում ուրանի հարստացման նոր կենտրոնի կառուցման նպատակները, անհապաղ դադարեցնել ու վստահեցնել, որ այդօրինակ գաղտնի կենտրոններ չկան:

Նոյեմբերի 29-ին նախագահ Ահմադինեժադի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության նիստում, ի պատասխան IAEA-ի տնօրենների խորհրդի բանաձևի, Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությանը հանձնարարվեց կյանքի կոչել ուրանի հարստացման 5 նոր կենտրոնների նախագծերը, և առաջարկվեց մշակել ևս 5 նոր նախագիծ: Նշյալ կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, հայտարարելով այդ մասին, նշեց, որ դրանք կառուցվելու են լեռների ընդերքում՝ շեշտելով, որ Թեհրանին այս քայլին մղել է Արևմուտքը, որը չի ցանկացել ականջալուր լինել Իրանի խաղաղասիրական ուղերձին:

2010թ. հունիսի 9-ին ԱԽ-ը հաստատեց Իրանի դեմ վերջին՝ թիվ 1929 բանաձևը, որով ֆինանսատնտեսական ու սպառազինությունների ոլորտում խստագույն պատժամիջոցներ էր նախատեսվել: Թեև նախորդ պատժամիջոցների բացասական հետևանքները խիստ զգալի էին Իրանի տնտեսական ու միջազգային հարաբերությունների բնագավառներում, այսուհանդերձ, ծայրահեղ պահպանողական նախագահ Ահմադինեժադը հայտարարեց, թե սահմանափակումների փաստաթղթերը թղթի կտորներ են, որոնք պետք է նետել աղբարկղ, դրանք չեն կարող վնասել Իրանին: Մինչդեռ իրականում սահմանափակումները լուրջ հարված էին Իրանի տնտեսությանը, մասնավորապես արդյունաբերությանը։

Այս առնչությամբ 2013թ․ փետրվարի 5-ին իրանյան Tasnimnews գործակալությունը հայտնել էր, թե սահմանափակումների պատճառով երկրի արդյունաբերությունն օրական 190 միլիոն դոլար վնաս է կրում։ ԱԽ-ի բանաձևին հաջորդեցին ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի ու այլ երկրների սահմանափակումներն ընդդեմ Իրանի: ԵՄ-ը հուլիսին արդեն արգելեց Իրանի նավթի ու գազի ոլորտներին տեխնիկական աջակցության ցուցաբերումը, ինչը լուրջ հարված էր երկրի էներգետիկայի բնագավառին: Ապա 2011թ. ԵՄ-ը պատժամիջոցներ կիրառեց ավելի քան 100 ընկերությունների ու անձանց հանդեպ, որոնք ինչ-որ ձևով առնչվում էին այդ երկրի միջուկային ծրագրերին:

2012թ. հունվարին ԵՄ-ը դադարեցրեց Իրանից նավթի ներմուծումը, ինչը կազմում էր այդ երկրի արտահանման 20 տոկոսը: Այնուհետև նույն թվականի հոկտեմբերին ԵՄ-ը նոր, ավելի խիստ սահմանափակումների թիրախ դարձրեց Իրանի ֆինանսական, էներգետիկայի, առևտրատնտեսական ու տրանսպորտի ոլորտները: ԱՄՆ-ը միաժամանակ պատժամիջոցներ էր կիրառում նաև օտարերկրյա այն ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց համագործակցությունն ինչ-որ տեղ առնչվում էր Իրանի նավթարդյունաբերությանն ու հրթիռաշինությանը:

Իրան-5+1-ում վճռորոշ դերակատարներն ԱՄՆ-ը և Իրանն են, իսկ 2006-2012թթ․ Իրան-5+1-ի բանակցությունները տեղի էին ունենում գլխավոր դերակատարների փոխհարաբերությունների գերլարված պայմաններում։ Ավելին, ոչ միայն ԱՄՆ-ն էր Իրանին սպառնում ռազմական գործողություններով, այլև բանակցություններին դեմ Իսրայելը, որը դեռևս 90-ականներին էր հայտարարում, թե թիրախ է դարձնելու Իրանի միջուկային օբյեկտները։

Ահավասիկ 2011թ․ նոյեմբերի 2-ին իսրայելյան «Հաարեց» (Haaretz) օրաթերթը գրել էր, թե վարչապետ Բենիամին Նաթանյահուն և պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը ջանքեր են գործադրում, որպեսզի կառավարության անդամներին համոզեն, թե Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումն անհրաժեշտություն է: Միևնույն ժամանակ Իրանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Նաթանյահուն: Նույն օրը բրիտանական «Գարդիան» (The Guardian) օրաթերթը գրել էր, թե այդ երկրի պաշտպանության նախարարությունը հնարավոր է համարում, որ Միացյալ Նահանգներն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման գործընթացը կարագացնի, և բացառված չէ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրանի միջուկային օբյեկտներն ԱՄՆ-ի օդային ու ծովային հարձակումների թիրախ դառնան: «Գարդիանը» շարունակել է, որ նման հարձակում իրականացնելու դեպքում Լոնդոնը ցանկանում է լինել Վաշինգտոնի կողքին:

Ահա թե ինչու Իրան-5+1-ի բանակցությունները հիշյալ ժամանակահատվածում, որոնք երկար ընդհատումներով տեղի ունեցան տարբեր քաղաքներում` Մոսկվայում, Ժնևում, Բաղդադում, Ստամբուլում և Ալ Մաթիում, որևէ շոշափելի արդյունք չգրանցեցին։ Այդ բանակցություններում իրանական պատվիրակությունը նախագահում էր Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին։

ԻՐԱՆ-5+1-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՍԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

2013թ․ օգոստոսի 3-ին Իրանում նախագահի աթոռին հայտնվեց չափավորական կողմնորոշմամբ Հասան Ռոհանին, ով 1989-2005թթ․ երկրի Ազգային գերագույն խորհրդի քարտուղարն էր և 2003-2005թթ․ գլխավորում էր ԵՄ-ի եռյակի հետ բանակցություններում Իրանի պատվիրակությունը։ Նա, ի տարբերություն պահպանողական Ահմադինեժադի, հակված էր երկրի միջուկային ծրագրերի հարցը լուծել բանակցությամբ՝ քննադատաբար վերաբերվելով այդ հարցում նրա որդեգրած քաղաքականությանը։

Դեռևս 2006թ․ Ռոհանին բարենորոգչական «Արդարություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատուների համաժողովում նշել էր, որ միջուկային ծրագրերի առնչությամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը բացառված չէ, որ կհասնի մի հանգրվանի, և Թեհրանը հարկադրված բանակցությունների սեղանի շուրջ կնստի վատթարագույն պայմաններում: Նա, միաժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանափակումների կիրառումը չբացառելով, Արևմուտքի հետ բարդ խնդրի շուրջ բանակցություններն անխուսափելի էր համարել։ Արևմուտք ասելով նա ի նկատի ուներ ԱՄՆ-ին, ինչը տեղի ունեցավ նրա կառավարության օրոք, և դրա համար 2013թ․ հնարավորություն ստեղծվեց։

Փետրվարի 2-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ անմիջական բանակցություն վարել այդ երկրի միջուկային ծրագրերի առնչությամբ առաջացած լարվածության մասին, թեև կային հրապարակումներ, որոնց համաձայն՝ Օմանի միջնորդությամբ երկու երկրներն անմիջական բանակցություններ էին վարում, սակայն հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին, ի պատասխան Բայդենի, շեշտեց, թե չնայած որոշ միամիտներ ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն բանակցություններով որևէ հարց չի լուծվի։ Այսուհանդերձ, 2013թ․ Նովրուզի առիթով նա իր ելույթում նշեց, որ դեմ չէ ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններին, չնայած բնավ էլ լավատես չէ դրանց հնարավոր հաջողության հարցում։

Ընդհանուր առմամբ առնվազն վերջին 30 տարիների փորձն ապացուցել է, որ, երբ ԱՄՆ-ում նախագահը դեմոկրատ է, Իրանում բարենորոգչական կամ չափավորական կողմերի միջև ուղղակի թե անուղղակի բանակցություններն արդյունավետ են լինում։ Ահավասիկ, չափավորական Ռոհանիի նախագահությունը համընկավ դեմոկրատ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետին, և Իսլամական հեղափոխությունից շուրջ 35 տարի անց՝ 2013թ․ սեպտեմբերի 27-ին, Օբամայի նախաձեռությամբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, ինչի մասին նա հայտնել էր, որ քննարկել են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության հարցը։

2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ դրական միտումներով: Իսկ դա, ինչպես նշվեց, պայմանավորված էր ԱՄՆ-ում դեմոկրատ նախագահ Օբամայի և Իրանում չափավորական կողմնորոշմամբ նախագահ Հասան Ռոհանիի իշխանության գալով: Բանակցություններն ընթանում էին գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի և Իրանի վրա ներքին ու արտաքին լուրջ ճնշումների պայմաններում: Դրանց խիստ դեմ էին ԱՄՆ նոր պահպանողականները, իսկ Իրանում՝ իշխանական առավել հզոր լծակներ ունեցող սկզբունքայիններ անվամբ հայտնի պահպանողական ուժերը: Բացի այդ բանակցություններին դեմ էին նաև տարածաշրջանային մի շարք երկրներ, որոնցից որոշները բարձրաձայնում էին այդ մասին, ինչպես Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, իսկ ոմանք էլ իրենց շահերին համահունչ չլինելու պատճառով դեմ էին լռելյայն, ինչպես օրինակ, Թուրքիան, Ադրբեջանը և այլն:

2013թ․ Ժնևում Իրան-5+1-ի դիվանագետների բանակցություններն առաջընթաց արձանագրեցին, որոնք շարունակվեցին նաև նոյեմբերին, գործնական մթնոլորտում, այլ խոսքով՝ ըստ էության բանակցությունների նոր սկիզբ էր։ Հստակորեն նկատելի դարձավ նաև IAEA-ԻԻՀ բանակցությունների դրական տեղաշարժը։ Նույն թվականի նոյեմբերին IAEA-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում և Իրանի Միջուկայի էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հետ բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնությամբ Իրանը հանձն էր առել առաջիկա 3 ամիսիների ընթացքում քայլեր կատարել Իրանի միջուկային ծրագրերի թափանցիկության ուղղությամբ։

2014թ․ հունվարի 9-12-ին Ժնևում տեղի ունեցած բանակցություններում կողմերը համաձայնության եկան ժամանակավոր Համատեղ համապարփակ համաձայնության ծրագրի (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) շուրջ և հայտարարեցին, որ այն կյանքի կկոչվի հունվարի 20-ին։ Նույն օրը IAEA-ը հրապարակեց զեկուցագիր, որտեղ նշվում էր, որ Իրանը, իրականացնելով ստանձնած պարտավորությունները, կրճատել է 20 տոկոսով հարստացված ուրանի պաշարը և դադարեցրել Արաքի «ծանր ջրի» ռեակտորի աշխատանքը։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քայլեր իրականացրեցին սահմանափակումների որոշ կրճատումների ու Իրանի բանկային հաշիվների ապասառեցման ուղղությամբ։ Ժամանակավոր JCPOA-ը 2014թ․ հունիսին երկարաձգվեց, որի ընթացքում կողմերը փոխզիջումային նոր քայել կատարեցին, Իրանին վերադարձվեց ապասառեցված հաշիվներից շուրջ 3 միլիարդ դոլար։

Այնուհետև խնդրո առարկայի շուրջ ելևէջներով բանակցություններ տեղի ունեցան եվրոպական տարբեր քաղաքներում Իրան-5+1-ի, Իրան-ԱՄՆ ձևաչափերով և տարբեր փորձագետների ու ԱԳ նախարարների մակարդակով։ Այսպես, օրինակ, 2015թ․ հունվարին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպեցին նախ Ժնևում, ապա Փարիզում։ Իրան-5+1-ի ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով նույն թվականի մարտի 2-3-ին Մոնտերյոում, իսկ մարտի 16-18-ին Լոզանում կրկին տեղի ունեցան երկկողմ Քերի-Զարիֆ հանդիպումներ։

2015թ․ հունիսից մինչև հուլիսի 14-ը երկկողմ և Իրանի-5+1-ի ձևաչափով ավելի հաճախակի բանակցություններ տեղի ունեցան Վիեննայում, որոնք պսակվեցին JCPOA-ի ստորագրմամբ, որը կազմված է 109 էջից ու 5 հավելումներից։ Իսկ հուլիսի 20-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը թիվ 2231 բանաձևով միաձայն հաստատեց այն։ Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ 90 օր հետո համաձայնագիրը հաստատեցին նաև ԱՄՆ-ի և Իրանի օրենսդիր իշխանությունները։

2016թ․ հունվարի 16-ին Վիեննայում IAEA-ի գլխավոր տնօրեն Ամանոն հայտարարեց, որ Իրանը բանակցություններում և JCPOA-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, IAEA-ն այդ մասին տեղյակ է պահել նաև կառույցի տնօրեններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Նշենք, որ դեռևս 2015թ․ հոկտեմբերի 18-ին Վիեննայում Զարի‎ֆը և ԵՄ-ի արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին համատեղ մամուլի ասուլիսին ընթերցեցին Իրան-5+1-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ազդարարվեց նաև JCPOA-ի իրագործման սկիզբը։ Հայտարարությունում մասնավորապես նշվում էր, որ Իրանը ստանձնած պարտավորություններն իրականացրել է, ուստի հունվարի 16-ից այդ երկրի միջուկային գործունեության առնչությամբ կիրառված ‎ֆինանսական ու տնտեսական բազմակողմանի սահմանափակումները վերացվեն: Բացի այդ 5+1-ի երկրները JCPOA-ի շրջանակներում կհամագործակցեն Իրանի հետ միջուկային էներգիան խաղաղասիրական նպատակներով կիրառելու հարցում:

Այսպիսով 2016թ. հուվարի 16-ին JCPOA-ը կյանքի կոչվեց, որի իրականացումը երկու նպատակ էր հետապնդում. ա) Իրանը 15 տարով խիստ սահմանափակելու էր ուրանի հարստացման գործընթացը, կրճատելու էր կենտրոնախույս սարքերի արտադրությունը, իսկ IAEA-ն իրավասու կլիներ ստուգել Իրանի միջուկային բոլոր օբյեկտները, բ) ի պատասխան նշյալ քայլերի՝ վերացվելու էին Իրանի դեմ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից տնտեսական ու քաղաքական շուրջ 25 տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումները, որոնք կիրառվել էին ‎ֆիզիկական, իրավական անձանց ու պետության հանդեպ:

ԱՄՆ-ը հունվարի 16-ից դադարեցրեց Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ սահմանափակումները: JCPOA-ի կյանքի կոչվելը ոչ միայն խիստ կարևորվեց և 5+1-ն ու Իրանը պատմական գնահատեցին, այլև բազմաթիվ այլ երկրներ և իրանցիները գործընթացի մեկնարկը դիմավորեցին մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց Իրանի միջուկային գործունեության ոլորտում Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման փաստաթուղթը, որից անմիջապես հետո ԱՄՆ ‎ֆինանսների նախարարությունն Իրանի ավելի քան 400 ‎ընկերությունների ու ‎ֆիզիկական անձանց հանդեպ վերացրեց պատժամիջոցները: Օբաման, JCPOA-ի կյանքի կոչումը բարձր գնահատելով, այն համարեց «պատմական հաղթանակ» և «ԱՄՆ դիվանագիտության հզորության» ապացույց:

Հունվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հանդես գալով հայտարարությամբ, շնորհակալություն հայտնեց իրանական կողմի պատվիրակությանը, մասնավորապես ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի‎ֆին, Իրանի միջուկային էներգետիկայի վարչության տնօրեն Ալի Աքբար Սալեհիին նրանց լուրջ և կառուցողական դիրքորոշման համար: Քերին շեշտեց նաև, թե այսօր բոլորն ապացուցեցին, որ դիվանագիտությունը պետք է լինի տարաձայնությունների վերացման առաջին ընտրությունը, իսկ պատերազմը՝ վերջին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդ առիթով մամուլի ասուլիսին հայտարարեց, թե դա Իրանի համար լուրջ հաղթանակ է, նոր փայլուն էջ՝ Իրանի պատմության մեջ: Ապա նա ընդգծեց, թե բոլոր դեպքերում աշխարհի հետ կառուցողական բանակցությունը ճիշտ է, ապա շեշտեց, որ դա Իրանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություննների համատեղ հաղթանակն է:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը, Իրանի հանդեպ բարի կամք դրսևորելով, JCPOA-ի շրջանակներից դուրս համաձայնել էր ապասառեցնել Իրանի՝ դեռևս 1979թ.-ից սառեցված հաշիվները, որի մայր գումարը 400 միլիարդ դոլար է, և պատրաստակամություն էր հայտնել վճարել մեկ միլիարդ 700 միլիոն դոլարը, ինչը կարևոր քայլ էր Վաշինգտոնի կողմից: Վիեննայում Քերի-Զարիֆ հանդիպմանը դրական մեկ այլ պայմանավորվածություն ևս ձեռքբերվեց երկու երկրներում ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն ունեցող բանտարկյալների վերաբերյալ, որոնց առնչությամբ կողմերը խիստ մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։

JCPOA-ի ստորագրումից հետո Իրանի խորհրդարանում հաստատվեց «Իրանի կառավարության նպատակահարմար և համապատասխան քայլերը JCPOA-ի իրականացման առնչությամբ» անվամբ օրենք: Ըստ այդմ ԱԳ նախարարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է զեկուցագիր ներկայացներ խորհրդարանի անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովին, իսկ վերջինս էլ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ խորհրդարանին էր ներկայացնելու այս առնչությամբ իր զեկույցը: ԱՄՆ Կոնգրեսը ևս ընդունեց մի որոշում, որի համաձայն՝ Պետքարտուղարությունը պետք է յուրաքանչյուր 90 օրը մեկ զեկուցագիր ներկայացներ Կոնգրեսին, թե Իրանն ինչպես է իրականացրել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

JCPOA-ի կյանքի կոչվելուց հետո եվրոպական ու հեռավոր Արևելքի երկրների միջև Իրանի 85 միլիոնանոց շուկան գրավելու, այդ երկրի հետ փոխհարաբերությունները սերտացնելու համար ընթանում էր լուրջ մրցակցություն։ Աննախադեպ աշխուժություն նկատվեց նաև Իրանի արտաքին փոխհարաբերությունների ոլորտում։

2016թ․ հունվարի 25-ին արդեն Իրանի նախագահ Ռոհանին, 120 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ, 4-օրյա պաշտոնական այցով գտնվում էր Իտալիայում ու Ֆրանսիայում, որի ընթացքում տնտեսական համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռքբերվեցին։ Իրանի համար խիստ կարևոր այդ համաձայնագրերը նշանակալից դեր ունեցան նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Թերևս յուրաքանչյուր օր Իրանը հյուրընկալում էր տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունների։ Եվրոպական խոշոր երկրների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան և այլն, ստորագրվեցին միլիարդավոր դոլարի արժողությամբ համաձայնագրեր: Սակայն դրանք կյանքի կոչելու հարցում օտարերկրյա ընկերությունները հապաղում էին, ինչը զգալիորեն պայմանավորված էր 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններով: Հաշվի առնելով, որ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում առաջին իր քայլն այդ «վատ» համաձայնությունից հեռանալը կլինի, սպասողական վիճակում էին, չէին շտապում կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։

2017թ․ հունվարի 17-ին Իրանի ԱԳ նախարարի կողմից խորհրդարանին ներկայացված չորրորդ եռամսյա զեկուցագրում շեշտվել էր, թե նախագահ Թրամփի տեսակետները հոգեբանական ազդեցություն են ունեցել JCPOA-ի իրականացման հարցում և մտահոգությունների տեղիք տվել, ու անորոշության մթնոլորտ է ստեղծվել օտարերկրյա այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են համագործակցել Իրանի հետ: Ուստի սպասում են ԱՄՆ նոր նախագահի ռազմավարական քայլերին և պաշտոնական տեսակետների հայտարարմանը:

Ավելին, 2017թ. հունվարին JCPOA-ի իրականացման առաջին տարեդարձի առնչությամբ այն կրկին դարձել էր օրակարգային: Հարցի շուրջ բուռն քննարկումներ էին տեղի ունենում միջազգային ԶԼՄ-ներում, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների շրջանում: Այս առիթով ՄԱԿ-ը, JCPOA-ը պատմական քայլ գնահատելով, կողմերին հորդորեց հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, այն կատարել լիարժեքորեն: ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին շեշտել էր, որ չնայած ԱՄՆ նախագահը խիստ քննադատում է JCPOA-ը, սակայն ԵՄ-ը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին և ջանքեր է գործադրելու այն անխափան իրականացնելու ուղղությամբ:

Թեև 2017թ. ընթացքում Վաշինգտոնը JCPOA-ը թողեց ուժի մեջ, սակայն Թրամփն առիթը բաց չէր թողնում հիշեցնել, որ այն «վատ» համաձայնագիր է և պետք է հիմնովին փոփոխության ենթարկվի, այլապես ԱՄՆ-ը կհեռանա դրանից: 2017թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ամենամյա վեհաժողովում Թրամփի ելույթից կարելի էր ենթադրել, որ ԱՄՆ-ի հեռացումը JCPOA-ից սարերի հետևում չէ: Նա, իր խոսքում աննախադեպ խստորեն քննադատելով ԻԻՀ-ին, այն անվանեց «ոճրագործ վարչակարգ», «օրինազանց» և այլն, նշեց, թե չպետք է թույլ տալ, որ Իրանը շարունակի իր ապակայունացնող գործողությունները, իսկ JCPOA-ը համարեց ԱՄՆ դիվանագիտության պատմության մեջ վատթարագույն համաձայնագիր, որն ԱՄՆ-ի համար «ամոթալի» է և «ստորացուցիչ»: Ի պատասխան՝ Իրանի նախագահ Ռոհանին նույն ամբիոնից հայտարարեց, թե Իրանը երբեք առաջինը չի խախտելու JCPOA-ը, սակայն խախտողներին պատասխանելու է համարժեք և վճռական քայլերով: Նա հավելեց, որ եթե այն ոչնչանա «քաղաքական դաշտում անխոհեմների» միջոցով, ապա ցավալի կլինի, և աշխարհը կկորցնի լուրջ հնարավորություն ու ի զորու չի լինի Իրանի առաջխաղացումն ու զարգացումը կասեցնելու հարցում:

2017թ. հոկտեմբերի 15-ին Պետքարտուղարությունը հերթական զեկուցագիրը ներկայացրեց Կոնգրեսին, որտեղ նշվել էր, թե Իրանը թերացել է ստանձնած պարտավորությունները կատարելու մեջ: Հետևաբար Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշում ընդուներ սահմանափակումներն առկախելու, դրանք վերականգնելու մասին, ինչը հավասարազոր էր համաձայնագրից դուրս գալուն: Սակայն Կոնգրեսն այդ հարցի որոշումը թողեց նախագահին, ով 2018թ. հունվարին այս առնչությամբ նա հանդես եկավ հայտարարությամբ: ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին անգամ ևս 120 օրով երկարաձգում է սահմանափակումների առկախումը՝ եվրոպացի գործընկերներին համաձայնագրում եղած սարսափելի սխալներն ուղղելու հնարավորություն տալու նպատակով: Նա շեշտել էր. «Ի հակառակ իմ բուռն ցանկության՝ ԱՄՆ-ին դուրս չեմ բերել JCPOA-ից, փոխարենը երկու ելք եմ առաջարկում՝ համաձայնագրում եղած աղետալի թերությունները շտկել կամ ԱՄՆ-ը դուրս կգա դրանից»:

Նշենք, որ ԱՄՆ-ը համաձայնագրում մնալը պայմանավորել էր դրանում հետևյալ փոփոխություններ կատարելով․ ա) Իրանից պետք է պահանջել, որ անհապաղ թույլատրի IAEA-ին ստուգել ցանկացած օբյեկտ, որն անհրաժեշտ կհամարի, բ) պետք է վստահ լինի, որ Իրանը նույնիսկ մոտ չլինի միջուկային զենք արտադրելուն, գ) Իրանի միջուկային գործունեությունը պետք է սահմանափակվի ոչ թե համաձայնագրով նախատեսված ժամկետներում, այլև ընդմիշտ, դ) պետք է փոխկապակցված համարվեն Իրանի հեռահար հրթիռների արտադրությունն ու նրա միջուկային ծրագրերը:

Նման պահանջներին ու JCPOA-ի շուրջ նոր բանակցություններ սկսելուն կտրականապես դեմ էր ոչ միայն Թեհրանը, այլև Իրան-5+1-ի մնացած բոլոր անդամները։ Հետևաբար ակնհայտ էր, որ ժամկետն ավարտելուց հետո ԱՄՆ-ը հեռանալու էր համաձայնագրից։ Ուստի եվրոպական և Հեռավոր Ասիայի երկրների ընկերություններն աստիճանաբար հրաժարվեցին Իրանի հետ կնքած միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրերից: Այլ կերպ ասած՝ շատ երկրներ ու խոշոր ընկերություններ տնտեսապես տուժեցին, որոնք սահմանափակումների վերացումից հետո Իրանի հետ տնտեսական տարբեր ոլորտներում Թեհրանի հետ համաձայնագիր էին կնքել։

Իրականում ոչ IAEA-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյի կողմից Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հրապարակված զեկուցագրերը, որոնցում առաջինից մինչև վերջինում շեշտվել էր, թե իրանական կողմը լիովին կատարել է JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ոչ էլ Եվրոպայի եռյակի բանակցություններն ի զորու չեղան Թրամփին համոզել չհեռանալ համաձայնությունից: Եվ ահա նա, 2018թ. մայիսի 8-ին համաձայնագիրն «աղետաբեր» գնահատելով, շեշտեց, թե դրա պատճառով վերացվել են Իրանի դեմ կիրառված՝ երկիրը կաթվածահար անող սահմանափակումները, ինչի դիմաց Թեհրանը լոկ միջուկային ծրագրերում է որոշ թույլ սահմանափակումներ կիրառել և այդպիսով իրականացրեց իր նախընտրական խոստումը JCPOA-ից դուրս գալու առնչությամբ։ Իսկ սա նշանակում էր համաձայնության գրեթե փլուզում՝ հաշվի առնելով, որ գլխավոր երկու դերակատարներից մեկը հեռացել է։

Միաժամանակ Թրամփն Իրանի հանդեպ որդեգրեց «առավելագույն ճնշումներ»-ի քաղաքականությունը, որի շրջանակներում քառապատկեց այդ երկրի դեմ պատժամիջոցները։ Այսուհանդերձ, JCPOA-ի անդամ մյուս 4 երկիրը, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակից Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ափսոսանք հայտնելով շեշտեցին, որ հավատարիմ են մնալու ստանձնած պարտավորություններին: Նման դիրքորոշում ունեին նաև Ռուսաստանն ու Չինաստանը: Չնայած իրանական կողմը մինչև Թրամփի որոշման հրապարակումը փոխադարձաբար սպառնացել էր, թե ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը ևս կհեռանա ու կվերսկսի իր միջուկային գործունեությունը՝ չբացառելով, որ դուրս կգա նաև NPT-ից, սակայն Թեհրանը շարունակեց հավատարիմ մնալ JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Ուստի Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանն առայժմ մնում է համաձայնագրում: Զարի‎ֆը նշեց, որ եթե եվրոպական երկրներն Իրանի շահերը չերաշխավորեն համաձայնագրի շրջանակներում, ապա Թեհրանը համարժեքորեն կպատասխանի Թրամփին:

Փաստորեն եվրոպացիներն ի զորու չեղան որևէ գործնական քայլ կատարել ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու ուղղությամբ, որոնցով նախատեսվում էին պատժամիջոցներ նաև Իրանի հետ համագործակցող ընկերություններին դեմ: Հետևաբար Թեհրանը, աստիճանաբար նահանջելով ստանձնած պարտավորություններից, վերսկսեց ուրանի հարստացման գործընթացը: Մանավանդ համաձայնագրում նշված է, որ եթե 5+1 երկրներից որևէ մեկը չկատարի ստանձնած պարտավորությունները և սահմանափակումները չառկախի, ապա Իրանն իրավունք ունի իր միջուկային գործունեության որոշ գործընթացներ վերսկսել:

Շարունակությունը՝ շուտով։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031