Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը

Մայիս 16,2022 14:37

Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը

Կամ

Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք

 2022 թվականի պետական բյուջեն ընդունելիս գործող իշխանություններն իրենց բնորոշ պոռոտախոսությամբ հայտարարում էին, որ աննախադեպ բարձր նշաձող են սահմանել 2022 թվականի համար, մասնավորապես՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի ծախսային մասի 18,2 տոկոսանոց աճ, կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, հարկային եկամուտների 28 տոկոսանոց աճ և այլն։ Արդեն կարող ենք գնահատել 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք մեղմ ասած մտահոգիչ են և հեռու պլանային ցուցանիշներից։

Եվ այսպես՝

  • 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։
  • 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել կատարել։
  • 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր հավաքել 395,4 մլրդ դրամի հարկեր, սակայն փաստացի հավաքել է 400,6 մլրդ դրամի հարկեր, այսինքն՝ շուրջ 1,3 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքել(սա 7 տոկոսանոց գնաճի, Քաջարանի կոմբինատի 15 մլրդ-անոց ակտի, մետաղների բարձր գների պայմաններում)։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ արտաքին գործոններով պայմանավորված՝ 2022 թվականի համար միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները, նրանց միացել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ կանխատեսելով 1,5 տոկոս տնտեսական աճ և 6,5 տոկոս գնաճ։ ՀՀ կառավարությունը, թերակատարելով 2022 թվականի բյուջեն, էլ ավելի Է վատթարացնելու տնտեսական ցուցանիշները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կդանդաղեցնի տնտեսական աճն ոչ միայն այս տարվա, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։

Սա վկայում է պետական համակարգի անարդյունավետ կառավարման մասին, որը լրացուցիչ՝ ներքին պատճառներ է ստեղծում Հայաստանի տնտեսության վերականգման և զարգացման համար։ Անշուշտ, այս իրավիճակում իր վերահսկողական գործառույթները պետք է պատշաճ իրականացնի նաև ՀՀ Ազգային ժողովը, որը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։ Հետևաբար, մենք հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031