Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին ոստիկանները բերման էին ենթարկում ոստիկանական բաժիններ:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ իրենց գործողությունների հիմնական նպատակն է հանրությանը տեղեկացնելը ու նաեւ ցույց տալ այսօրվա իշխանություններին, որ երկրում ձեւավորված է երկիշխանություն. «Իրենք չեն այլեւս իշխանության տերը, պետք է օր առաջ հրաժարական տան ու իշխանությունը հանձնեն ժողովրդին»:
Անդրադառնալով ավտոերթին՝ Ավետիսյանն ասաց, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են. «Մեքենաներից մեկը տարավ տուգանային հրապարակ այն պատճառով, որ դանդաղ է մեքենան վարում: Ընդամենը: Այսինքն, սահմանված արագություն չկա, կա սահմանված առավելագույն արագություն, որը չի կարելի գերազանցել, դա բոլոր վարորդները գիտեն: Դա պատրանք էր ցույց տալու ինչ-որ մի բան եւ վախեցնելու փորձ էր: Բայց շարժմանը միացած բազմահազար քաղաքացիներ նման գործողություններից ո՛չ վախենում են, ո՛չ ընկճվում են: Մեր ընկերներից որոշներն արդեն ձերբակալված եւ կալանավորված են շինծու գործերով, սա զուգահեռն է այսօրվա իշխանությունների ցայտնոտային վիճակի»:
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ իրենց շարժումը արդեն առաջին հաջողությունը գրանցել է, կասեցրել է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու, Հայաստանը թրքացնելու իշխանական ծրագիրը. «Մենք չպիտի թուլանանք ու չպիտի մտածենք, որ խնդիրը վերջնական լուծված է, որովհետեւ կատվի պես մարագն են մտել այսօրվա իշխանությունները, վտանգ են տեսնում ժողովրդից, ոտքի կանգնած մարդուց ու հայրենիք հանձնելու, հայրենադավ իրենց ծրագրերը որոշակիորեն հետաձգել են: Իրենք չունեն մանդատ ու չեն կարողանալու հասցնել իրենց ծրագրերը ավարտին: Իրենց ծրագրերի ավարտը Արցախի հանրապետության, ՀՀ-ի կորուստն է, թույլ չե՛նք տալու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ