Այսօր Բագրատունյաց փողոցում «Դիմադրություն» շարժման ավտոերթի ժամանակ ոստիկանները իրենց գործողությունները խոչընդոտելու, ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար փորձում էին բերման ենթարկել ավտոերթի մասնակցող վարորդներին ոստիկանության Շենգավիթի բաժին. «Դուք իրավունք չունեք դիտավորյալ խոչընդոտելու ու օրինական պահանջը չկատարելու»:
Ցուցարարներն ասում էին, որ օրինական պահանջ չի ներկայացվել, իրենք չեն լսել. «Կամերաներով նայելու ես, ամաչելու ես քո էս արածի համար: Ես ինչի՞ համար գամ բաժին, նառուշենի չեմ արել, ոչ խմած եմ, ոչ հարբած եմ, ակուրատնի ա էն, ինչ արել եմ»: Ոստիկաններն էլ արձագանքում էին, թե այդ ամեն ինչը կպարզեն բաժնում՝ օրինական կարգով:
Վարորդներից մեկը՝ Ալբերտ անունով, վստահեցնում էր, որ ինչ էլ անեն՝ բաժին չի գնալու. «Ասավ՝ աջ քաշի, աջ եմ քաշել, կանգնել, ի՞նչ եմ արել: Չեմ գալու»: Ոստիկանը համոզում էր, թե՝ արի բաժին գնանք, ես քեզ հետ կբերեմ ու փորձում էր թեւերից բռնել: «Արա, ձեռներիցս մի՛ քաշի, է»,- բղավում էր վարորդը: Սկսվեց վիճաբանություն: Ցուցարարները բորբոքվել էին ոստիկանների վերաբերմունքից. «Պարո՛ն կապիտան շատ дерзкий ես»:
Իրար հետ վիճաբանելուց հետո համաձայնության եկան ու նստելով մեքենաները՝ հեռացան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ