Այս պահին Դիմադրության շարժման ավտոերթերի մասնակիցներին համատարած բերման են ենթարկում։ Մի միջադեպ տեղի ունեցավ ավտոերթի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև։ Ոստիկանները կանգնեցրին ավտոերթը, որից հետո նրանք պնդեցին, որ ավտոերթի մասնակիցներից մեկն իրենց օրինական պահանջը չի կատարել, հետևաբար նրան պետք է տանեն ոստիկանության բաժանմունք։
Ավտոերթի մասնակիցներից մեկն ասաց՝ ասացիր աջ քաշիր, կանգնիր, կանգնեցի, ի՞նչ ես ուզում։ Ի վերջո, ցուցարարներից մեկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ բերման ենթարկեցին։ Այնուհետև սկսեցին հերթով բերման ենթարկել ավտոերթի մասնակիցներին նաև մյուս ուղղություններով։
Հրազդան մարզադաշտի մոտ մարդկանց սկսեցին հանել իրենց մեքենաներից, գետնին քարշ տալով, գրկելով տանում են ոստիկանական բաժանմունքներ։ Ավտոերթի մասնակիցներից մեկի մեքենային էին հարվածում ոստիկանները, ասում էին՝ վախենո՞ւմ ես դուռը բացել, բաց արա։
Մի տարեց տղամարդու էլ գրկած էին բերման ենթարկում։ Նա գոչեց՝ «թո՞ւրք եք բռնել, արա»։ Ավտոերթի մասնակիցներից որոշները լրագրողներին խնդրում էին նկարահանել ու ասում՝ «նկարեք, ոնց են տոկի տալիս մարդկանց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ