Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կողմից ոչ պաշտոնապես հրապարակված՝ Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկությունների-կետերի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

Մայիս 16,2022 08:45

Հայաստանի կողմից ոչ պաշտոնապես հրապարակված օկուպանտ Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկությունների-կետերի մեջ կարևորություն են ներկայացնում 2-րդ և 3-րդ կետերը, որոնք հետևյալն են՝

2.«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ …Այստեղ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանները 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ն ստեղծելու մասին համաձայնագիրը Ադրբեջանի Հանրապետության հետ համատեղ ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ որ մենք ստորագրել ենք, փոխադարձաբար ճանաչել ենք իրար՝ միանալով տվյալ կառույցին։ Երկրորդ կետը դրա մասին է։»:

3.«հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։»:

2-րդ կետի վերաբերյալ.

Նախ` գրեթե ցանկացած միջազգային միության անդամակցելիս կամ հիմնելիս անդամակցության կամ հիմնադիր փաստաթղթերում արձանագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, ԱՊՀ և այլն: Սա չի կարող փաստարկ հանդիսանալ առ այն, որ Հայաստանը և օկուպանտ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջև չկա ստորագրված փաստաթուղթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Երկրորդ՝ եթե 1991թ.Հայաստանը ճանաչել է օկուպանտ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագրին, ապա ինչո՞ւ է օկուպանտ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրած 5 առաջարկների թվում ներկայացրել առաջարկ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

3-րդ կետի վերաբերյալ.

Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները տարիների աշխատանքի արդյունքում կարողացել էին հակամարտող կողմերի միջև համաձայնեցնել հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, այն է՝ 1.ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, 2.ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին և 3.տարածքային ամբողջականության մասին:

Հայաստանի կողմից օկուպանտ Ադրբեջանին ներկայացված 6 կետ-առաջարկությունների ցանկից նշված սկզբունքների բացակայությունը վկայում է լուրջ հետընթացի մասին կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանը պետք է օկուպանտ Ադրբեջանին ներկայացներ հակամարտության կարգավորմանն առնչվող իրավական փաստերն ու փաստարկները, որոնք, ցավոք սրտի, հայկական կողմը երբեք քննարկման առարկա չի դարձրել:

Ի պատասխան ադրբեջանական 5 առաջարկների հայկական կողմը պետք է օկուպանտ Ադրբեջանին ներկայացներ հետևյալ 7 պահանջները՝

1.Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակում և վերադարձ Հայաստանի Հանրապետություն:

2.2021թ.մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների անհապաղ դուրս բերում ՀՀ տարածքից:

3.2021թ.հունիսի 15-ին Արցախի Հանրապետության օկուպացված քաղաքներից մեկում՝ Շուշիում, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդունված հռչակագրի դենոնսացիա (չեղյալ հայտարարում):

4.Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքների դեօկուպացիա, ստատուս-քվոյի վերականգնում 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ:

5.Արցախի Հանրապետության անկախության ճանաչում:

6.Հայոց ցեղասպանության ճանաչում:

7.Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031