Այս պահին Երևան մուտք գործող բոլոր ուղղություններով տեղի են ունենում Դիմադրության շարժման կազմակերպած ավտոերթերը։ Դրանք իրականացվում են առավոտյան ժամը 08:00-ից։ Մեքենաները հատուկ ազդանշաններ են տալիս, որոնք համընկնում են «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկման ռիթմին։ Ավտոերթին չմասնակցող մյուս մեքենաներից որոշները ևս միանում են այս ազդանշաններին։
Ավտոերթի մասնակիցները նաև մեքենաների միջից գոչում են՝ առանց Նիկոլ Հայաստան։
Աշտարակի խճուղու ուղղությունից Երևան մուտք գործող ուղղությամբ միջադեպ գրանցվեց ավտոերթի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև։
Ոստիկանները փակեցին ավտոերթի մասնակիցների ճանապարհը։ Պատճառաբանեցին, որ ավտովթար կա։ Ցուցարարներից մեկն էլ կատակով ասաց՝ վախենում եք, որ վթարը տեսնե՞նք։ Մյուսներն էլ զգուշացրին, եթե ոստիկանները ճանապարհը չբացեն, իրենք փակելու են հանդիպակաց ճանապարհը։ Ոստիկաններին մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնելու մեջ։
Կարդացեք նաև
Ոստիկանության ծառայողները խոստացան քիչ անց թույլ տալ այլընտրանքային ճանապարհով շարունակել ավտոերթը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ