Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդուարդ Աղաջանյանին չի հաջողվելու համոզել, որ 2+2 հավասար է 60»

Մայիս 16,2022 14:30

Հարցազրույցն արվել է մինչեւ մայիսի 12-ը, այսինքն՝ մինչեւ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի՝ ազատությունից զրկվելը։

– Պարոն Չալաբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս պնդեց, թե միջազգային հանրությունն այժմ մեզանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը։ Ձեր վերլուծությամբ, ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու։

– Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, որպես այդպիսին, աբսուրդ է, որովհետեւ «միջազգային հանրություն», որպես առանձին վերցրած սուբյեկտ, գոյություն չունի։ Կան երկրներ, որոնց շահերն այս տարածաշրջանում տարբեր են։ Համապատասխանաբար, նրանք մեզանից տարբեր բաներ կարող են պահանջել։ Երկրներ կան, որոնք մեզանից պահանջում են անվերապահ Ադրբեջանին հանձնել ողջ Արցախը, օրինակ՝ Թուրքիան, եւ դա հայտնի է։ Իսկ լսե՞լ եք, որ ՌԴ-ն կամ Չինաստանը երբեւէ մեզանից նման բան պահանջեն։ Ոչ։ Կամ լսե՞լ եք, որ դա պահանջի Հնդկաստանը։ Իրականում երկրների մոտեցումները տարբեր են։ Դա համահունչ է այս տարածաշրջանում նրանց ունեցած շահերին։ Ուստի պնդել, թե կա մի «միֆական միջազգային հանրություն», որը կոնսոլիդացված կարծիք ունի եւ մեզանից նույնն է պահանջում, ուղղակի աբսուրդ է։

– Եթե փորձենք մինչեւ 2018թ.-ը եղած բանակցային ժառանգությունը փաստել, ապա Արցախի կարգավիճակի շուրջ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումն ինչպիսի՞ն է եղել։

– Իմ ընկալմամբ՝ կարելի է հենվել այն փաստաթղթերի վրա, որոնք գոյություն են ունեցել։ Օրինակ՝ 2007թ. ձեւավորված «մադրիդյան սկզբունքները», կամ 2010թ.-ի Կազանի փաստաթուղթը։ Այդ փաստաթղթերն արտացոլում են համանախագահության մոտեցումները, եւ հենց այդ փաստաթղթերի վրա պետք է հենվել, որոնք, ըստ էության, ունեն կարեւոր սկզբունքներ. հայկական ուժերը հետ են քաշվում այն տարածքներից, որոնք մինչեւ առաջին պատերազմը բնակեցված են եղել ադրբեջանցիներով, եւ դրա փոխարեն այն տարածքները, որոնց վրա ձեւավորվել է ԼՂ հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ մարզը եւ Շահումյանի շրջանը, ստանում են ինքնորոշման իրավունք։ Հիմնական տարաձայնությունները եղել են նրա շուրջ, թե այդ ինքնորոշման իրավունքն ինչպես պետք է իրացվի, ինչ ժամկետներում եւ ինչ մեխանիզմով։ Բայց այդ ինքնորոշման իրավունքը բացահայտ ընդունված է եղել։ Դա է կարեւորագույնը։ Այն ձեւակերպված է «մադրիդյան սկզբունքներում», իսկ Կազանի փաստաթղթում դրա իրացման որոշակի մեխանիզմ է նախատեսված։ Հիշեցնեմ, որ Կազանի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվել է Ադրբեջանը։ Այն արտացոլել է եռանախագահության կոնսոլիդացված դիրքորոշումն այդ պահի դրությամբ։ Այն արտացոլել է նաեւ Հայաստանի կարծիքը, որովհետեւ ՀՀ-ն էլ էր պատրաստ այն ստորագրել։ Ուստի պետք է հիմնվել իրական փաստաթղթերի վրա, ոչ թե հիմա միֆեր պատմել։

– Իշխանական խմբակցության պատգամավորներն, ի դեպ, ԱԺ-ում Փաշինյանի հայտնի ելույթից հետո հարցադրում արեցին, թե նրա ասածում որտե՞ղ եք տեսել պնդում, թե Արցախը թողնելու են Ադրբեջանի կազմում։ Նաեւ ասացին՝ իրենց համար ընդունելի չէ որեւէ լուծում, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափմանը։

– Այ, այդ ձեւակերպումը դեմագոգիա է։ Իրականում ակնհայտ է, որ Արցախը ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի կազմում թողնելը կհանգեցնի հայաթափմանը, որովհետեւ Ադրբեջանը չի թաքցնում հայաթափման հանդեպ իր տրամադրվածությունը։ Սա նշանակում է, որ այն լուծումը, որը պետք է տեղի ունենա եւ չհանգեցնի հայաթափման, ավտոմատ կերպով պետք է բացառի Արցախի՝ Ադրբեջանին ենթակայությունը։ Դա ակնհայտ է այնպես, ինչպես 2+2=4։ Եթե Էդուարդ Աղաջանյանն ուզում է մեզ համոզել, որ  2+2 հավասար է 60, չի հաջողվելու։ Նրանք փորձում են սքողել այն նույն հիմարությունները, որոնք իրենք ասել են ապրիլի 13-ին եւ 14-ին։ Եվ ոչ միայն Փաշինյանն է ասել։ Ոմանք նրանից առաջ ընկնելով են փորձել ասել՝ «հա դե ի՞նչ, Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի»……տեսանք իրենց ապագան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031