Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «մաքիավելյան պահը»

Մայիս 16,2022 14:00
Armen Martirosyan

Վարչապետ Փաշինյանի` վերջերս Բրյուսել կատարած այցից հետո ակտիվացան խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները մեկնարկելու կոչերը։ Ադրբեջանը պնդելով, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, միեւնույն ժամանակ զգուշացրեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը «կնպաստի» ադրբեջանական բանակը։ Հայաստանի իշխանությունները կարծես թե հակված եղան տեղի տալու «անխուսափելիին» եւ դրա վկայությունն էր վարչապետի հղումը Հայաստանին ուղղված միջազգային հանրության հորդորներին. իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ակնկալիքների «նշաձողը»։

Թե որքան պետք է այն իջեցնել՝ դարձել է գուշակությունների եւ շահարկումների առարկա։  Մտահոգիչ է նաեւ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միակ միջազգայնորեն  ճանաչված միջնորդի ճակատագիրը օր օրի դառնում է ավելի մշուշոտ։ Այս կառույցի վաղաժամ տարալուծումը մոռացության է մատնում Արցախի ինքնորոշման իրավունքը, որը հայկական դիվանագիտությանը հաջողվել էր ներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մշակված կարեւոր փաստաթղթերում։

Մինչ կառավարության հայտարարությունները Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման մասին սահմանափակվում են ընդհանուր բնույթի ձեւակերպումներով՝ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, հիմք ընդունելով  ընթացող մաքոքային դիվանագիտության «ոգին եւ տրամաբանությունը», եզրակացնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրենից ենթադրում է Արցախի փաստացի ներառում Ադրբեջանի կազմում։ Այդ պարագայում ագրեսոր երկիրն ինքն է ստանձնելու իր իսկ զոհի անվտանգության, իրավունքների ու ազատությունների երաշխավորի դերը։

Ենթադրվում է, որ 2020թ. նոյեմբերին հռչակված հրադադարի ավարտին մնացյալ 3,5 տարվա ընթացքում, Արցախի անվտանգության «աութսորսինգը» ռուսական խաղաղապահ առաքելությանը կապահովի որոշակի կայունություն հակամարտության գոտում։ Ստացվում է, որ այս պարագայում մեզ մնում է միայն պարբերաբար հիշեցնել ռուս խաղաղապահներին 2020թ. նոյեմբերյան  հայտարարությունից բխող «պայմանագրային պարտականությունների» մասին:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում իրեն հատկապես ակտիվ է դրսեւորում  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հավաքական Արեւմուտքը, շահագրգռված լինելով Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ, հնարավորինս խրախուսում է Երեւանին՝ լուծելու «Ղարաբաղի հարցը» եւ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները։ Ակնկալվում է, որ նման զարգացումները կհանգեցնեն Ղարաբաղից ռուս խաղաղապահների, իսկ հետագայում նաեւ՝ ՀՀ-ից ռուսական ռազմական բազայի դուրսբերմանը։ Դա վերջնականապես կամրագրի Թուրքիայի՝ եթե ոչ հեգեմոնիկ, ապա տարածաշրջանի առաջատար երկրի դերը։

Անցյալ տարի իր տարածաշրջանային այցելության ընթացքում Շառլ Միշելը Հայաստանին խոստացավ տրամադրել մոտ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն։ Հաշվի առնելով տրանզակցիոն  ծախսերը (transaction costs) պայմանավորող երկրի ինստիտուցիոնալ զարգացման մակարդակը՝ հինգ տարվա ընթացքում այդ միջոցների ներարկումը դժվար թե որակապես ազդի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այնուամենայնիվ, այն կարող է մեղմել գլոբալ տնտեսության նշմարվող անկման հետեւանքները եւ որոշակիորեն ամրապնդել իշխող կուսակցության եւ նրա գործընկերների դիրքերը հաջորդ ընտրությունների նախաշեմին։

Անկասկած, իր երկու հարավկովկասյան գործընկերների միջեւ խաղաղության պայմանագրի հաստատման հարցում չափազանց կարեւոր է Մոսկվայի դիրքորոշումը։ Ուկրաինայում ձգձգվող ռազմական գործողությունը որոշակիորեն շեղում է վերջինիս ուշադրությունը Ղարաբաղյան խնդրից,  ավելին՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը կնախընտրի խուսափել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բացահայտ անհամաձայնություններից։ Սակայն դա չի նշանակում, որ նախկին Խորհրդային Միության սահմանների վիճահարույց հարցի լուծման վերաբերյալ Մոսկվայի իրական մտադրությունների մասին այսօր կարելի է դատել բացառապես նրա հանրային հայտարարություններից. դիվանագիտության մեջ կուլիսային տեսարանը երբեմն ավելի կարեւոր է: Այդ պատճառով վերջնական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ճիշտ  ընկալել Կրեմլում տիրող տրամադրությունները։

Ուշագրավ է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացներին զուգահեռ, որոշ քաղաքական գործիչներ սկսել են կասկածի տակ դնել 1988թ.-ի ազգային զարթոնքի պատմական անհրաժեշտությունը եւ Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարը՝ «վատնած» համարելով անցած 34 տարիները։ Որպես հիմնավորում՝ հնչում են պնդումներ, որ այլ պարագայում Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ն 4-5 անգամ ավելի մեծ կլիներ։ Հետեւողականորեն ներդրվում է հասարակության գիտակցության մեջ այն կարծիքը, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա կարգավորումը կապահովի Հայաստանի խաղաղ գոյությունն իր թուրք հարեւանների հետ եւ կնպաստի երկրի արագ բարգավաճմանը։ Այն, որ ազգամիջյան հաշտեցման համար առաջարկվող լուծումները ենթադրում են բացառապես այդ հարեւանների կողմից պարտադրված բոլոր պահանջների բավարարում, «տարածաշրջանում խաղաղ դարաշրջան» ջատագովները գերադասում են խուսափել կամ քողարկել այն: Միեւնույն ժամանակ քչերն են կասկածում, որ նման «լուծումը» կհանգեցնի արցախահայության վերջնական արտագաղթին եւ Արցախի «նախիջեւանացմանը»։

2020 թվականի տարեմուտից սկսած տարածաշրջանում եւ դրանից դուրս անվտանգային լանդշաֆտը ապրում է ակտիվ փոփոխություններ։ Քանի դեռ բացահայտ ուժային քաղաքականությունը, որի մեջ ներգրավվել են դրա մեծագույն վարպետները, արմատանում է, փոքր պետությունները՝ այդ թվում եւ Հայաստանը, պետք է հաշվի առնեն դրա հնարավոր հետեւանքները։ Գլոբալ տերությունների տարաձայնությունների սրման պայմաններում՝ նրանք պակաս հանդուրժող կդառնան փոքր պետությունների կողմից «բազմավեկտոր» արտաքին քաղաքականության իրականացման հանդեպ. դա կարող է լրջորեն վտանգել հատկապես սահմանափակ ինքնիշխանություն ունեցող երկրների ընտրության ազատությունը: Ազդեցության ոլորտները եւ դաշինքներն ավելի որոշիչ կերպով կսահմանեն ազգերի ընտրության հնարավորությունները, քան միջազգային ֆորումներում ձայների մեծամասնությամբ հռչակված կանոններն ու նորմերը։

Նման պայմաններում իմպուլսիվ գործողությունները, ռազմավարությունից եւ պատմական խորը գիտելիքներից զուրկ գործարքները կդառնան  առավել խոցելի. դիվանագիտությունը պահանջում է արագ գործողություններ, բայց ոչ հապճեպ քայլեր։ Վերափոխվող միջազգային անարխիան հնարավոր է անգամ առաջ բերի արտաքին քաղաքականության ոչ սենտիմենտալ աուդիտի անհրաժեշտություն։

Արտաքին քաղաքականության առավել բարդ եւ կարեւոր խնդիրներից է անվտանգության եւ զարգացման շահերի օպտիմալ համադրումը։ Ազգային շահով պայմանավորված՝ արտաքին քաղաքականությունը կոչված է ծառայելու թե՛ երկրի բավարար անվտանգության ամրապնդմանը եւ թե՛ սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Եվ ազգային շահի բովանդակությունը չի կարող որոշվել մեկ անձի կամքով կամ մեկ կուսակցության ներկայացուցիչների նեղ շրջանակի պատկերացումներով։

Ակնհայտ է, որ ներքաղաքական մթնոլորտն արդեն իսկ թելադրում է արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  լայն հանրային համաձայնություն։ Մինչ իշխանությունը հայտնվել է իր կարիքներով, ցանկություններով եւ խոստումներով պայմանավորված սահմանափակումների մեջ՝ ընդդիմությունը փորձում է գտնել այլընտրանք, գրավել հանրային երեւակայությունն ու վերածել այն ակտիվ գործողությունների։

Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հասարակությունն արժեքային առումով այսօր խիստ մասնատված է, եւ, որպես հետեւանք, հասարակության մեջ չի ձեւավորվում այն կայացած զանգվածը, որն ի զորու է ներազդելու իշխանությունների աղոտ մտահղացումներին եւ անուղղելի հետեւանքներով հղի որոշումներին։ Սա թույլ է տալիս վարչակազմին որդեգրել եւ իրագործել գրեթե ցանկացած գաղափար։ Հանրային գործընթացների կառավարման նման մոդելը տեղին է, երբ  չի ենթադրվում հասարակական զարգացում՝ անգամ իսկ էկզիստենցիալ մարտահրավերների բացակայության պարագայում։ Ուստի ժամանակի հրամայականն է խրախուսել  հանրային այնպիսի դիսկուրս, որին տարբեր մակարդակներից՝ խորհրդարանից մինչեւ գործարար շրջանակներ եւ հատուկ շահերի խմբերից մինչեւ մասնագիտական համայնքներ կներգրավվեն հասարակության նշանակալի քաղաքական, գործարար, գիտական եւ գաղափարական ներկայացուցիչներ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Սփյուռքի՝ որպես Մայր Հայաստանի մարդկային, տնտեսական, քաղաքական եւ բարոյական աջակցության աղբյուրի կարծիքը։ Առաջարկվող քննարկումը պետք է ապահովի հնարավորինս լայն հանրային համաձայնություն առկա աշխարհաքաղաքական լուծումների շուրջ, ինչը կարեւոր պայման է նաեւ արդյունավետ արտաքին քաղաքականության համար։

Թեեւ ծավալվող բանավոր մենամարտերը դժվար է որակել որպես հանրային դիսկուրս՝ դրանք արդեն իսկ բացահայտում են մի շարք հիմնարար հարցեր, որոնք սպառնում են կոտրել այնպիսի համոզմունքներ եւ կարծրատիպեր, որոնք ձեւավորվել եւ արմատացել են մեր ազգային գիտակցության մեջ դեռեւս ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում: 2020թ. պատերազմի ծանր հետեւանքների արդյունքում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմամբ թելադրված հրամայականն առավել սրեց Արցախի ճակատագրի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հակասությունները։ Կարելի է ենթադրել, որ մենք թեւակոխում ենք ազգային ինքնության ձեւավորման մի նոր փուլ, եւ որ շրջանառության մեջ դրված լուծումները լայն իմաստով ենթադրում են Հայաստանի հավաքական հիշողության, հավաքական ինքնության եւ հավաքական իմաստի վերանայման անհրաժեշտությունը։ Այդ պարագայում հնարավոր է, որ բացահայտվեն  ներհասարակական նոր տարաձայնություններ եւ լարվածության աղբյուրներ։

Անցյալ դարի ութսունականներին ծնված քաղաքական գործիչների «հեղափոխական»  սերունդը ձեւավորվել  է «նախկիններից» էապես տարբեր պայմաններում։ Մինչ առաջինը հակված է գլոբալիզացող աշխարհում Հայաստանի զարգացման խոչընդոտը կապել Արցախի հիմնախնդրի եւ դրանից բխող հանգամանքերի հետ, երկրորդն  այն համարում է իր raison d՚etre-ն՝ «գոյության պատճառը»։

Պատահական չէ, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառության հետ մեկտեղ այն 1990թ. օգոստոսի 23-ին ներառվեց Անկախության հռչակագրում: Այդ դրույթների ամրագրմամբ նոր Հայաստանի «հիմնադիր հայրերը» գուցե եւ միամտաբար, բայց փորձ արեցին հաստատել հայ ժողովրդի միասնական ձգտումը՝ «անարդար» պատմական գործընթացների օբյեկտից վերածվելու ինքնիշխան սուբյեկտի։ Գիտակցաբար, թե ոչ, այսօր մենք փաստացի մասնակից ենք 1988թ.-ի ազգային զարթոնքի պարադիգմային այլընտրանք գտնելու փորձերին։  Դա կարող է հանգել հայ ազգաշինության եւ ազգային ինքնության կարեւոր տարրերի արմատական վերաձեւակերպմանը։

Որոշ ազգեր անցել են այդ ուղին. տրանսֆորմացիայի հաջողությունը կամ ձախողումը պայմանավորվել է նրանով, թե որքան իմաստավորված է տվյալ հասարակությունը կարողացել հրաժարվել իր «ժամկետանց» գաղափարներից, «ավանդական» արժեքներից, համոզմունքներից, առասպելներից եւ թշնամանքներից։ Միեւնույն ժամանակ,  «անցման» հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել  նրանով, թե որքան է կարողացել ազգը դիմակայել վաղանցիկ եւ նեղ խմբակային հետաքրքրություններով պայմանավորված գայթակղություններին։ Առաջադիմել են այն հասարակությունները, որոնք գիտակցված ընտրությունը կատարել են ճիշտ պահին:

Ջոն Հոպքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Ջոն Գրեվիլ Ագարդ Պոքոքը իր հեղինակած «The Machiavellian Moment: Florentine Political Thought and the Atlantic Republican Tradition» գրքում ներկայացրել է «մաքիավելյան պահը» հասկացողությունը։ Ըստ հեղինակի, դա  այն պատմական պահն է, երբ երիտասարդ հանրապետությունները առերեսվում են իրենց ավանդական իդեալների եւ ինստիտուտների պահպանման կամ վերանայման անհրաժեշտության հետ։  Ամենայն հավանականությամբ, եկել է Հայաստանի «մաքիավելյան պահը»։ Անցյալում մենք ունեցել ենք այդպիսի պահեր։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-1995)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999)

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    This man has an impressive big-picture view of – and statesmanship approach to – events and challenges pertaining to Armenia. Are his thoughts heard in the upper echelons of the executive? Judging from the events of the last 4 years, I highly doubt it.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031