Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարի է արդեն, ինչ մենք Հայաստանի դատարաններում պայքարում ենք մեր կատարած ներդրումների համար

Մայիս 16,2022 13:30

Վարչապետ Ն. Փաշինյան, մենք ունենք համոզված  կարծիք, որ մեզ խոչընդոտում են որպես ներդրողների

Մենք՝ հայր եւ որդի Արարատ եւ Արտյոմ Տեր-Անտոնյաններս, 2019թ. լսելով Ձեր կոչը՝ մեր հայրենիքում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որոշում կայացրեցինք Հայաստանում ստեղծել անասնապահական կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արտադրամասը ստեղծելու համար խոսել ենք մեր  ընկերների՝ Հակոբ Գոզուբոյուկյանի, Հրաչյա Մայիլյանի, Գուրգեն  Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի  եւ Էդվարդ  Բաբայանի հետ, որոնց հետ քննարկումների արդյունքում, որոշել ենք, թե որ քաղաքում եւ ինչպես պետք է սկսենք մեր գործունեությունը։ Վերջիններիս հետ քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել արտադրամասը հիմնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում։ Ընդհանուր պայմանավորվածության համաձայն՝ ներդրումները կատարվելու էին մեր կողմից, իսկ վերը նշված բոլոր մասնակիցները պետք է զբաղվեն արտադրամասի ստեղծման հետ կապված աշխատանքների կատարմամբ եւ կանաչ կերերի աճեցման հիդրոպենիկ մեթոդով, արտադրության համար արտադրամասի պատրաստման բոլոր աշխատանքներով։ Ընդհանուր համաձանություն ձեռք բերելուց հետո, 17.06.2019թ.-ից մինչեւ 15.08.2019թ. ընկած ժամանակահատվածում մեր կողմից ՌԴ Մոսկվա քաղաքից  դրամական փոխանցումներ են կատարվել Հայաստան, որոնք ստացել են վերը նշված անձնավորությունները եւ կիրառել արտադրամասի ստեղծման մեջ։ 12.08.2019թ. կնքվել է համապատասխան պայմանագիր՝ հիմնելու «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն, որը ենթարկվել է պետական գրանցման 16.08.2019թ: Կազմակերպության բաժնեմասերը բաշխված են եղել հետեւյալ կերպ՝ Հակոբ Գոզուբոյակյանին 38% Հրաչյա Մայիլյանի հետ միասին բաժնեմաս, Գուրգեն Մարտիրոսյանը 10% բաժնեմաս  իր եղբոր՝ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին, իսկ ինձ՝ Արարատ Տեր-Անտոնյանիս 52% բաժնեմաս, իմ տղայի՝ Արտյոմ  Տեր-Անտոնյանի հետ միասին եւ  ես հանդիսանում եմ հիմնարար տնօրենը, առ այսօր։ Գումարները փոխանցումներից հետո Հայաստան, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես մեզ փոխանցվել է Մոսկվա, միայն ՆԿԱՐՆԵՐԻ  տեսքով, մենք  խնդրել ենք մեզ տրամադրել գումարների նպատակային ծախսման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, սակայն չենք ստացել այդ տեղեկատվությունը տարբեր անիմաստ եւ մտացածին պատճառաբանություններով:

Փոխադարձ համաձայնության գալով՝ որոշել ենք ընկերության գործունեությունը իրականացնել եւ որպես արտադրամաս օգտագործել՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում գտնվող տարածքը, որի օգտագործման համար վարձակալության պայմանագիրը պետք է կնքվեր մեր ընկերության անունով՝  «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ։ Մինչդեռ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվել է, չգիտենք թե ինչու՝ Հակոբ Գոզուբոյուկյանի (մեզ գործընկեր համարվող) եւ տարածքի սեփականատիրոջ՝ Էդվարդ Բաբայան ֆիզիկական անձի հետ՝ մեկ տարի ժամկետով։

Այնուհետեւ՝ Հակոբ Գոզուբոյուկյանը  եւ  մեկ այլ  կողմնակի անձի՝ Ղուկաս Գրիգորյանի հետ 2019թ. հոկտեմբերի 8-ին հիմնել է «ԳԻԴՐՈՊՈՆԻԿ ԳՐԻՆ ՓԻԴ» ՍՊԸ-ն եւ հատկանշական է, որ նշված նորաստեղծ ընկերությամբ սկսել են շահագործել մեր հիմնած կանաչ կերերի արտադրամասը Էջմիածնում՝  եւ այդպիսով տիրանալով մեր կատարած ֆինանսական ներդումներին եւ մեր հիմնած ամբողջ արտադրամասին։ Առաջին հայացքից ակնհայտ է նշված անձանց կողմից կատարածի մեջ հանցավոր մտադրության առկայությունը, քանի որ համապատասխան փոխանցումները ստանալով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով նշված արտադրամասը զինելով, ինչպես նաեւ վարձակալության պայմանագիրը ֆիզիկական անձի՝ Հակոբ Գոզուբոյուկյանի անունով կնքելուց հետո, տարածքի սեփականատեր Էդվարդ Բաբայանի հետ, այդ անձանց ոչինչ չէր մնում անելու, քան մեկ այլ ընկերություն ստեղծելը եւ այդ արտադրամասը նույն նպատակներով շահագործելը եւ ստանալ եկամուտներ։ Իսկ այժմ, դարձյալ Վարձակալության պայմանագիր են կնքել՝ այս անգամ  հինգ տարով  2021թ. փետրվարի 23-ին, տարածքի սեփականատեր հանդիսացող Էդվարդ  Բաբայանի եւ իրենց նորաթուխ ՍՊԸ «ԳԻԴՐՈՊՈՆԻԿ ԳՐԻՆ ՓԻԴ» հետ, որի տնօրենն է  հանդիսանում Մարիաննա Խաչատրյանը: Նույն այդ ժամանակ Վարձակալության  նոր պայմանագիր է կնքվում 2021 թ. փետրվարի 23-ին տարածքի սեփականատեր հանդիսացող Էդվարդ Բաբայանի եւ ՍՊԸ «ԳԻԴՐՈՊՈՆԻԿ ԳՐԻՆ ՓԻԴ» տնօրեն Մարիաննա Խաչատրյանի հետ, որ Հակոբ Գոզուբոյուկյանը գրանցել է Պետական ռեգիստրում եւ իր հաշվին ունի 49% բաժնեմաս իր մնացած  ծպտյալ ընկերների հետ միասին, իսկ իր նոր գործընկեր՝ արտադրամասը զորբայությամբ ԶԱՎԹՈՂ Ղուկաս Գրիգորյանը ունի 51% բաժնեմաս, որտեղ տնօրեն է հանդես գալիս Մարիաննա Խաչատրյանը։

Պետք է նշել՝ վերը նշված  բոլոր «ծպտյալ» մասնակիցներն այս անգամ  միասնական հանդես են գալիս Հակոբ Գոզուբոյուկյանի հետ  գումարային 49%  բաժնեմասում, որպես նրա մտերիմ գործընկերներ՝ Հրաչյա Մայիլյանը, ինչպես նաեւ Արմեն  եւ Գուրգեն Մարտիրոսյանները, ուրիշ այլ թաքնված անձինք։ Հենց այս նշված ընկերությունը՝ «ԳԻԴՐՈՊՈՆԻԿ ԳՐԻՆ ՓԻԴ», սկսել է շահագործել մեր ստեղծած եւ հիմնած կանաչ կերերի արտադրամասը եւ ստանում են եկամուտներ եւ տիրացել են ե՛ւ մեր ֆինանսական ներդրումներին, ե՛ւ ստեղծված գույքին, արտադրանքին եւ  ամբողջ արտադրամասին (ստիլլաժներին, տաշտակներին֊լատոկներին, սարքավորումներին, ագրեգատներին եւ այլն)։  Նրանք որոշել են օգտվել ստեղծված բարենպաստ պայմաններից եւ առանց մեր մասնակցության սկսել են զբաղվել այն նույն գործունեությամբ, որով պետք է զբաղվեր մեր կողմից 2019թ. օգոստոսի 26-ին հիմնած՝ «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն՝ հիմնադիր տնօրեն՝ Արարատ  Տեր-Անտոնյանս։ Ես հաղորդում ներկայացրի Արմավիրի մարզի ոստիկանություն: Նշված քրեական գործով անհասկանալի պատճառներով գործի հարուցումը մերժվել է 2019թ., մերժվել է նաեւ այդ առիթով վերադաս մարմնին հասցեագրված մեր բողոքը, վերջիններս եւս գտել են, որ առկա չեն բավարար հիմքեր՝ քրեական գործ հարուցելու համար։ Քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը մեր կողմից բողոքարկվել է նաեւ դատական կարգով եւ այժմ գտնվում է Վերաքննիչ դատարանում (դատավոր՝ Մնացական Հարությունյան), քննվում է թիվ ԵԴ/0544/11/20 գործը, որով քննարկման է ներկայացվել հարուցումը մերժելու օրինականության հարցը։  Դատական նիստը տեղի կունենա 2022թ. մայիսի 23-ին:

Միաժամանակ հայտնում ենք,  որ ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է նաեւ ԵԴ/24906/02/20 քաղաքացիական գործը` դատավորը Տաթեւիկ Ստեփանյանն է։

4 տարի է արդեն, ինչ մենք Հայաստանի դատարաններում պայքարում ենք  մեր կատարած ներդրումների համար: Գտնում ենք եւ պահանջում, որ նշված անձանց արարքը ենթակա է անաչառ եւ համակողմանի ուսումնասիրության իրավապահ մարմինների կողմից։ Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ վերջիններիս կողմից մեր՝ ներդրողներիս, իրավունքների խախտումները վերացնելու եւ պատճառված ֆինանսական վնասները փոխհատուցելու ուղղությամբ։

Խնդրում ենք նաեւ  Ձեր լիազորությունների սահմաններում կարգադրել նշված հարցերի քննությամբ զբաղվող մարմիններին՝ գործել օրինականության սահմաններում եւ կատարել գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն հանգամանքը, որ մեզանից ԽԼԵԼՈՎ՝ տիրացել եւ ԶԱՎԹԵԼ են մեր կատարած  ներդրումների արդյունքները մեր հայրենիքում՝ Հայաստանում։ Ի սկզբանե, եթե չլինեին մեր կատարած ներդրումները Հայաստանում 2019թ. եւ չէր լինի նաեւ այդ նույն կանաչ կերերի արտադրամասը Վաղարշապատում:

ԱՐՏՅՈՄ  ՏԵՐ- ԱՆՏՈՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ  ՏԵՐ- ԱՆՏՈՆՅԱՆ

Նամակներ են ուղարկվել ՀՀ վարչապետին, նրա աշխատակազմի ղեկավարին, Հանրապետության դատախազություն, դատախազին, արդարադատության նախարարին,  էկոնոմիկիայի նախարարին:

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031