Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խայտառակություն է՝ Հատուկ կարծիքներն անհետեւանք թողնելը, անտեսելը

Մայիս 16,2022 13:00

Սահմանադրական դատարանի դատավորն արդեն որերորդ անգամ իր Հատուկ կարծիքը ներկայացնելիս, ուշադրություն է հրավիրում հատկապես ՀՀ կառավարության կողմից  ՍԴ ուղարկվող դիմումների որակական, պատշաճ լինելու հանգամանքին: Դիմումը, որը վերապահված է կառավարությանը, պետք է ստորագրված լինի իրավասու անձի կողմից, ինչը հերթական անգամ բացակայել է: Սա այն դեպքում, երբ գործը փետրվարի 28-ից է դատարանում ու կար հնարավորություն՝ շտկելու: Ինչպես հայտնի է, ՍԴ կայքում նշված են էլեկտրոնային փոստի հասցեն, դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Այդ հասցեներով դիմում ուղարկելու հետ կապված էլ Հատուկ կարծիքի մեջ բարձրաձայնվում է հետեւյալ հարցը՝ ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմողի համար պարզ լինելու, որ իր կողմից ուղարկած դիմումը այս կամ այն դատավորի էլեկտրոնային հասցեով տեղ է հասել եւ այն կարո՞ղ է դառնալ գործի քննության առիթ:

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցով ՀՀ կառավարության ներկայացուցիչն է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Սարգսյանը: Անչափ կարեւոր այս համաձայնագրին, որը քննվել է գրավոր ընթացակարգով,  հայկական կողմը վերապահումով է միացել, պայմանով, որ Հայաստանն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վրա այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան նշված համաձայնագրին: Առանձին կետով սահմանվել է գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պաշտպանության, առանց կողմերի գիտության մեկ այլ երրորդ կողմին համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունները չփոխանցելու մասին:

Մայիսի 3-ի որոշմամբ համաձայնագիրը համապատասխանում էր գործող Մայր օրենքին: ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանն է հայտնել միայն իր Հատուկ կարծիքը:

Ըստ ՍԴ դատավորի՝ «ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից: Իրավասու անձը դիմումը կարող էր ՍԴ ուղարկել էլեկտրոնային եղանակով, եթե ՍԴ-ում առկա լինեին էլեկտրոնային-տեխնիկական հնարավորություններ: Դրա մասին պետք է հավաստվի ՍԴ համապատասխան իրավական ակտով: ՍԴ դիմող սուբյեկտների համար պետք է հասանելի լինի ՍԴ իրավական այն ակտը, որով ճշտված լինի, թե դիմումները էլեկտրոնային ո՞ր հարթակով են ընդունվում ՍԴ-ում»:

Դատավորը նշել է, որ այս համաձայնագրի վերաբերյալ գործով՝ թղթային տարբերակով դիմումի վրա բացակայել է դիմողի ստորագրությունը: Դիմումը դատարան է հասել կառավարության Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի եղանակով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա չէ համապատասխան տեխնիկական հնարավորությունների մասին ՍԴ համապատասխան իրավական ակտ, որով հաստատվեր, որ ՍԴ-ում ընդունելի են Mulberry էլեկտրոնային համակարգով դիմումների ներկայացումը:

ՍԴ-ում մինչ օրս պարզ չէ, թե ի՞նչ միջոցների կիրառմամբ է իրենց դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմի ստորագրված լինելու հանգամանքը:

ՍԴ օրենքի եւ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի համադրությունը, ըստ դատավորի, ցույց է տալիս, որ արժանահավատ չէ, թե դիմումը ստորագրված է, որ կառավարության էլեկտրոնային եղանակով դիմումը ձեռագիր ստորագրությամբ պետք է լիներ, որից պարզ կդառնար, որ դիմումը ստորագրվել է իսկապես դիմումատուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Դատավորը հղում է կատարում օրենքին, որով սահմանվել է. «Պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն եւ համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն՝ անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին»: «Կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված»,-նշել էր ՍԴ դատավորը, ապա հավելել, որ սույն գործով «առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, ներկայացվող պահանջներին բավարարող դիմում»:

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031