Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նայում եմ աշխարհին օբյեկտիվի միջոցով»

Մայիս 16,2022 12:30

Լուսանկարչության աշխարհում Միլենա Գասպարյանը իր առանձին աշխարհն ունի, վերջինս մեզ հետ զրույցում սիրով պատմեց իր ստեղծած նկարների, անցած ճանապարհի, ամենահաջողված լուսանկարի եւ այլնի մասին:

– Կպատմեք փոքր-ինչ ձեր մասին։ Ե՞րբ առաջին անգամ վերցրիք տեսախցիկը, ի՞նչ ճանապարհ եք անցել:

– Ես նայում եմ աշխարհին օբյեկտիվի միջոցով ու դա լավագույն ակնոցն է, որ կարող եմ ունենալ: Տեսախցիկը շատ տարիներ առաջ եմ վերցրել ձեռքս առաջին անգամ ու միշտ սիրել եմ նկարել, իմ սեփականը ձեռք եմ բերել շատ ավելի ուշ։ Լավ լուսանկարչության համար միշտ չէ, որ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ կամ թանկարժեք սարքավորումներ: Երբեմն բավական է իմանալ, թե երբ եւ ձեր տան որ կողմում է արեւը փայլում ու կարող եք գտնել լավագույն ստվերներն ու ֆոնի գույները եւ ստանալ մի չքնաղ լուսանկար:

Վերջին 2 տարում ավելի շատ մոտիվացիայով ու ստաբիլ եմ սկսել լուսանկարել ու հենց այդ ժամանակ որոշում կայացրի կիսվել մարդկանց հետ իմ թաքուն աշխարհով:

Տեսախցիկը նկարելու միակ ձեւը չի ինձ համար, իհարկե։ Ժամանակ առ ժամանակ, երբ տեսախցիկս մոտս չի լինում ու շատ մի սիրուն պահ է լինում կյանքումս, մի 2 վայրկյան լուռ նայում եմ այդ հատվածին, որը կուզեի նկարել, ու ասում՝ աչուկներով նկարեցի: Լուսանկարչության ամենակարեւոր նյուանսը գեղեցիկը տեսնելն է, ամեն տեղ պետք է փնտրել, ու բախտավոր է մարդը, ով ունակ է տեսնել ու գտնում է իր պահերը:

– Ինչպե՞ս են ստեղծվում ձեր նկարները:

– Ես հիմա նկարում եմ թե ժապավենով, թե ժամանակակից տեսախցիկով: Երկու դեպքում էլ պիտի էմոցիաներս ասեն՝ ինչպես անեմ: Ես սիրում եմ զգալ, սիրում եմ, երբ նկարածներս տեսնելիս մարդիկ զգում են այն, ինչ ես եմ զգացել ու փորձել փոխանցել։ Դա իրական հաջողություն է արտիստի համար:

Միշտ շողեր ու լույս եմ ման գալիս։ Ոչ ոք ավելի լավ չի հասկանում լույսի նույնիսկ մի փոքր կտորի արժեքը, քան այն մարդը, ով տեսախցիկը ձեռքում փնտրում է լավ պատմություն: Ես հավատում եմ, որ վատ լուսանկարներ չկան, կան վատ լուսավորությամբ լուսանկարներ:

Ստեղծվում են լուսանկարները հույզերի, մոտիվացիայի ու սիրո շնորհիվ:

– Ի՞նչն եք ամենաշատը սիրում լուսանկարելու մեջ…

– Լուսանկարելու մեջ սիրում եմ փնտրելն ու գտնելը, տեսնելն ու զգալը:

Հեշտ է շատ լավ ֆոնով ինչ-որ օբյեկտ նկարելը, բայց, անշուշտ, հեշտ չէ մարզել աչքը նկարին արժանի առարկա գտնելու համար, նույնիսկ ամենաանսովոր եւ հասարակ վայրերում: Գեղեցիկ տեսարան ունենալը եւ պարզապես լուսանկարելը բավարար չի երբեք: Պետք է նաեւ իմանալ, թե ինչպես կարելի է արվեստի արժանի գործ պատրաստել մի փոքր բանից, որը ոչ բոլորը կարող էին տեսնել կամ նկատել: Մի խոսքով՝ սիրում եմ այդ փնտրտուքներս:

Սիրում եմ ցույց տալ ու տեսնել մի բան, որ ամեն օր մարդիկ տեսնելուց չեն նկատում, սիրում եմ հաղորդակցվել լուսանկարչության միջոցով ու դետալների հզորությունը փոխանցել մարդկանց: Լուսանկարչությունն ինձ օգնել է գնահատել արեւի ամեն շող, փոշու ամեն մասնիկ եւ ամեն լույս ու ստվեր:

– Ո՞րն է ձեր ամենահաջողված լուսանկարը, կպատմե՞ք լուսանկարի ստեղծման պատմությունը:

– «Եվա: Հոգուս փռիչքը» շարքը արել եմ 1 տարի առաջ Ամերիկյան համալսարանում ավարտական աշխատանքիս համար: Ավարտական թեզից բացի, պիտի լուսանկարչական շարք ունենայի, որտեղ պիտի ներկայացնեի աստվածաշնչյան Եվայի կերպարը, իր անկախությունն ու բնույթն իմ աչքերով: Ամեն նկարից աննկարագրելի հաճույք եմ ստացել ու ապրել ամեն կադրը: 3 ամիս պլանավորել եմ ու պատկերացրել՝ ինչ եմ ուզում: Վերջում ստացա մի շարք, որը ավելի լավն էր, քան պատկերացնում ու մտածում էի՝ կլիներ: Կարծում եմ՝ ստացել եմ եւ կարողացել եմ փոխանցեմ բոլոր էմոցիաներն ու կերպարը, որ ուզում էի:

– Հայտնի լուսանկարիչների մեջ կուռքեր ունե՞ք, կամ ինչ-որ մեկը, ում լուսանկարները ազդեցություն են թողել/թողնում ձեզ վրա:

– Ֆիլիպ Հելսմենն է միշտ եղել մեծ մոտիվացիայի աղբյուր ինձ համար: Իր ազդեցությունը մեծ է ինձ վրա: Երեւի հենց նրա շնորհիվ է, որ նախընտրում եմ դիմանկարներ: Օդրի Հեփբրնի շարքերն էլ իմ անչափ սիրելիներն են:

Հելսմենն ինձ սովորեցրեց մարդկանց ճանաչել ու ճիշտ «մատուցել»:

– Լուսանկարչության ո՞ր ժանրերում էիք աշխատում նախկինում եւ ո՞ր ժանրերում հիմա:

– Ես շատ սիրում եմ դիմանկար անել: Սիրում եմ պատմել պատմություններ մարդկանց ու իրենց էմոցիաների մասին դիմանկարների միջոցով: Ճամփորդությունների ժամանակ, եթե փողոցի նկարներ են, միայն ու միայն ժապավենով եմ նկարում պահերը պահպանելու համար: Իսկ առհասարակ դիմանկարներն են իմ տարերքը:

– Ո՞րն է եղել ձեր կարիերայի ընթացքում ստացած ամենադժվար լուսանկարը: Ինչո՞ւ էր դժվար։

– Դժվար էր Փարաջանովի թանգարանում արված լուսանկարները ստանալ էնպես, ինչպես պետք էր, ու արժանի ստանալ իրենց:

Արվեստի մեկ այլ գործի հետ աշխատելը շատ մեծ պատասխանատվություն է ներկայացնում իրենից, որովհետեւ աշխատում ես հզոր ուժի հետ ու միջակ լինել չի կարելի այս հարցում, անթույլատրելի է: Շատ մեծ պատասխանատվություն կար այս շարքի ժամանակ ինձ վրա: Պետք էր միտքը ճիշտ ցույց տալ ու արտահայտել, միեւնույն ժամանակ ստեղծել նորն ու պահել հնի ուժը:

Թանգարանի երկար տարիների աշխատակիցների ու իմ լսարանի լավ գնահատանքն ու աջակցությունը ցույց տվեց, որ կարողացել եմ փոխանցել ուզածս:

Ստանալը դժվար չէր, դժվար էր համոզվելը, որ ամեն ինչ ճիշտ եմ արել ու ուզածս միտքը ճիշտ եմ ցույց տվել:

– Տարբերվող լուսանկարիչ լինելու համար ի՞նչ է պետք:

– Ամեն մարդ ունի իր պատկերացումներն ու հասկացողությունը յուրահատուկի եւ գեղեցիկի մասին: Մի մարդու կամ մի օբյեկտը 10 հոգի կարող են 10 տարբեր ձեւ ցույց տալ: Ուղղակի պիտի քո ոճն ունենաս եւ սիրունը քո ձեւով փորձես փոխանցել ու արդեն յուրահատուկ, տարբերվող արվեստի մաս կփոխանցես մարդկանց:

– Կա տարածված կարծիք, որ լուսանկարիչները չեն սիրում, երբ իրենց լուսանկարում են, համաձա՞յն եք այս մտքի հետ, թե՞…

– Այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ դա ավելի մարդու տեսակից ու բնավորությունից է կախված, ոչ թե մասնագիտությունից:

Ես սիրում եմ, երբ ինձ նկարում են ինձ շատ լավ ճանաչող մարդիկ, որովհետեւ իրենք բոլորը տեսնում են այն Միլենային, ում ես եմ տեսնում, ու կարողանում են նկարում ցույց տալ այն մարդուն, ում ես եմ ուզում: Լուսանկարը շատ բան է պատմում մարդու մասին, եւ կարեւոր է, որ կարողանանք ճիշտ պատմել այդ պատմությունն ու ճիշտ ներկայացնել հերոսին: Դրա համար սիրում եմ, երբ ինձ նկարում են մարդիկ, ովքեր գիտեն սիրուն պատմություն պատմել կամ ովքեր արդեն ծանոթ են պատմությանը:

– Ո՞ր հայտնի ամսագրում կցանկանայիք տեսնել ձեր ստեղծած լուսանկարը ու ձեր ստեղծած որ լուսանկարը պետք է լինի այդ ամսագրում:

– Երկար մտածեցի հարցի շուրջ ու վստահ չեմ, թե որը կլիներ: Երեւի թե կընտրեի մի ամսագիր, որտեղ կհրապարակվեր գրածս աշխատանքը կնոջ դերի ու հզորության մասին, ու «Եվա. հոգուս թռիչքը» շարքը կավելացնեի գրվածքին:

Զրուցեց Էլեն ՄԻՐԶՈՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031