Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Ռուսաստանը փորձի ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը սրել, լարվածություն ստեղծել, ապա դա կարող է անել առանց Վլադիմիր Պուտինի այցի՝ մեկ հրահանգով»

Մայիս 16,2022 15:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՌԴ-ն եւ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում են գործադրում, որ արհեստականորեն արագացնեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, աշխատանքներն ավարտվեն, խաղաղության պայմանագիր ստորագրվի:

«Ադրբեջանի հռետորաբանությունը եւ վարքագիծն այս վերջին պատերազմից հետո միշտ էլ եղել են հանդուգն եւ շատ սանձարձակ, որը բնական է: Իրենք օգտվում են ստեղծված վիճակից եւ փորձում հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ավելի շատ բան կորզեն»,- «Առավոտի» հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւայի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքները կապո՞ւմ եք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների հետ կապված առաջիկա զարգացումների հետ, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Լեյլա Աբդուլլաեւան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներում արված այն մեղադրանքներին, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված, դրանք որակել էր «անտեղի ու անհիմն» եւ նշել, որ իբր դրանք «կասկածի տակ են դնում այդ երկրի` խաղաղության ձգտումները»:

Փոխարենը հավաստիացրել էր, թե Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելուց հետո էլ շարունակում են մարդիկ զոհվել ականների պայթյուններից: Այս առիթով Արմեն Վարդանյանը փաստեց. «ՀՀ-ն իր ձեռքի տակ եղած՝ ականապատ դաշտերի բոլոր քարտեզները փոխանցել է Ադրբեջանին, եւ ըստ էության՝ նման քարտեզներ չկան: Այլ հարց է, որ պատերազմի ժամանակ շատ հաճախ անկանոն կերպով տեղադրվել են ականներ, որոնց վերաբերյալ քարտեզներ չկային եւ չեն էլ կարող լինել: Այսինքն՝ հախուռն ձեւով դրվել են ականները: Այս տեսնակյունից անընդունելի է Ադրբեջանի վարքագիծը: Իհարկե, հասկանալի է, որ նրանք անընդհատ փորձում են նոր բաներ կորզել Հայաստանից, ճնշումներ են գործադրում մեզ վրա»:

Անդրադառնալով Լեյլա Աբդուլլաեւայի այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում ՀՀ-ի խաղաղասիրական ձգտումները՝ Արմեն Վարդանյանն ասաց. «Հենց իրենց պահվածքն է կասկածի տակ դնում խաղաղության ձգտումները: Նրանք անընդհատ անընդունելի պահանջներ են դնում ՀՀ առաջ: Եթե պետություններն ուզում են խաղաղության պայմանագրի հասնել, պետք է առավելագույն կերպով նվազեցնեն խնդիրները, որպեսզի ավելի հեշտ հասնեն այդ պայմանագրին: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ նախապայմանները չի նվազեցնում, այլ անընդհատ նոր նախապայմաններ է դնում, անընդունելի հռետորաբանություն է դրսեւորում, նաեւ վարքագիծ»: Այս առիթով փաստեցինք, որ ամիսներ շարունակ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել եւ դուրս չեն գալիս եւ հարցրինք՝ արդյոք այս հարցում մեր մեղքի բաժինն է՞լ չկա, որ ներքաղաքական գործընթացների հետեւից ընկած, կարծես կառավարության ուշադրությունն էլ արդեն այդ հարցին կենտրոնացած չէ, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Կենտրոնացած է, բայց ինձ թվում է՝ ՀՀ-ն, քանի որ դեռեւս թույլ է, հնարավորություն չունի մտնել նոր պատերազմի մեջ, այս փուլում դեռեւս չի ուզում հարցը  ռազմական ճանապարհով լուծել, այլ փորձում է ավելի շատ դիվանագիտական ճանապարհով՝ սահմանազատման եւ սահմանագծման միջոցով լուծել այդ խնդիրը: Բայց փաստ չէ, որ հայկական կողմը միշտ այսպես հանգիստ է ընդունելու այդ իրողությունը: Միգուցե, երբ ժամանակի ընթացքում մեր դիրքերն ուժեղանան, եւ Ադրբեջանը հրաժարվի դուրս գալ ՀՀ տարածքից, հայկական կողմը ռազմական ճանապարհով լուծի այդ խնդիրը: Քանի դեռ այս պահին մենք չունենք նման ուժ եւ հնարավորություններ, դեռեւս փորձում ենք դիվագիտական ճանապարհով խնդիրը լուծել»:

Փաստեցինք՝ հաջորդ շաբաթ նախատեսվում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են, առաջիկայում հնարավոր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով այցելի Հայաստան եւ հարցրինք՝ այս ամենը չի՞ տանում նրան, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն արհեստականորեն արագանա, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, ՌԴ-ն եւ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում են գործադրում, որ արհեստականորեն արագանցնեն այդ գործընթացը, նաեւ  սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները ավարտվեն, խաղաղության պայմանագիր ստորագրվի: Սակայն պետք է նկատել, որ  դա շատ արագ լուծվող հարցերից չէ: ՀՀ-ն եւ Վրաստանն արդեն մոտ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, որեւէ քաղաքական լուրջ խնդիր չունեն, բայց այդքանով հանդերձ, մեր երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներն իրականացվել են 60 տոկոսով: Իսկ ՌԴ-ն ու Ադրբեջանը փորձում են  Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի շատ արագ այդ հարցը լուծվի, խաղաղության պայմանագիր ստորագրվի երկու երկրների միջեւ: Հայաստանը չպետք է ճնշումների տեղիք տա, եւ շատ հանգիստ պայմաններում, նորմալ մթնոլորտում իրականացվի այդ գործընթացը: Միջազգային իրավունքի տեսանկյունից նման ճնշումների ներքո իրականացվող գործընթացները լեգիտիմ չեն համարվում»: Դիտարկմանը՝ ինչքան այս գործընթացն այս պահին երկարի, այնքան դա կբխի ՀՀ շահերի՞ց, քաղաքագետն արձագանքեց. «Այս պահին, այո, քանի որ մենք պատրաստ չենք ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ: Իսկ եթե արագ կերպով գնանք այդ գործընթացի իրականացմանը, այնտեղ ՀՀ շահերը նվազագույն կերպով են հաշվի առնվելու»:

Հետաքրքրվեցինք՝ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ինչպե՞ս կարող է անդրադառնալ սահմանազատման գործընթացի եւ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների վրա, Արմեն Վարդանյանն ի պատասխան ասաց. «Եթե Ռուսաստանը փորձի ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը սրել, լարվածություն ստեղծել, ապա դա կարող է անել առանց Վլադիմիր Պուտինի այցի՝ մեկ հրահանգով, քանի որ այստեղ կան բազմաթիվ ռուսամետ, պրոոռուսական կուսակցություններ, որոնք կարող են մեկ զանգով, կամ մեկ հրահանգով իրականացնել այդ ներքաղաքական իրավիճակի լարումն ու սրումը: Դա անպայման չէ, որ լինի Պուտինի այցի հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031