Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Հայաստանի կողմից սահմանազատման հանձնաժողովի ոչ մի անդամի անուն պաշտոնապես չի հնչեցվել»

Մայիս 15,2022 23:25

Մամուլում եւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ արդեն եկող շաբաթ նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ:

Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ  Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե որպես նաեւ ԱԺ պատգամավոր եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար տեղեկություն ունի՞, թե ովքեր են ընդգրկված հայաստանյան հանձնաժողովի կազմում:

«Հայաստանի կողմից դեռեւս ոչ մի անուն չի հնչեցվել եւ անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ է լինելու: Գիտեմ, որ ԱԳՆ-ում կա սահմանազատման եւ  սահմանագծման  գործող հանձնաժողով, որը Վրաստանի հետ է սահմանազատում, սահմանագծում անում: Մենք գիտենք, որ մինչեւ օրս Վրաստանի հետ ճշտված չեն մեր սահմանները: Բայց շատ մեծ տարբերություն կա Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանների միջև: Վրաստանի հետ մենք թշնամական հարաբերություններ չունենք, եւ սահմանն այսօր համատեղ հսկում են, որպեսզի ապօրինի սահմանախախտումներ չլինեն: Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ այդպես լինել չի կարող, եւ խնդրին պետք է շատ լուրջ մոտենալ:

Սահմանագծում, սահմանազատում սկսելուց առաջ պետք է հասկանալ՝ ի վերջո, Արցախի ճակատագիրն ինչ է լինելու: Ադրբեջանն ասում է՝ մենք պետք է ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Ասում է, որ Արցախի հարցը փակվա՞ծ է։ Ադրբեջանի փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանը իրեն տալու է առնվազն ութ գյուղ, որն ըստ իրենց, Ադրբեջանի տարածք է:

Այդ հայտարարությունից անցել է առնվազն յոթ օր եւ հայկական կողմից որեւէ հերքում չկա: Պաշտոնական  տվյալներով, առնվազն այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում առնվազն 40 եւ ավելի կիլոմետր զբաղեցնում են թշնամու զինված ուժերը: Ուստի, այդ հարցերը չլուծելով՝ գնալ սահմանազատման եւ սահմանագծման, նվազագույնը արկածախնդրություն է:

Իսկ ինչ վերաբերում է անգամ ինչ-որ բաներ ստորագրելուն, մենք ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս իրավունք չունի ՀՀ  ժողովրդի համար բանակցել: Եվ իր կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունը եւ առանց Արցախի վերջնական կարգավիճակի, մեր անվտանգությանը, մեր համար անընդունելի է եւ հակասելու է մեր Սահմանադրությանը եւ Արցախի կարգավիճակի հետ կապված օրենքներին: Սահմանադրությամբ հայկական տարածքների զիջումը, ՀՀ տարածքային ամբողջականության փոփոխումը իրականացվում է բացառապես հանրաքվեով»,-պատասխանեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031