Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում վնասել են այգու գրեթե բոլոր լուսատուները

Մայիս 15,2022 21:15

Վանաձորի Տարոն 4 թաղամասում գտնվող «Մարդու իրավունքների» այգին շահագործման է հանձնվել 2020 թվականին: Այգին ստեղծվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Վանաձորի համայնքապետարանի ու ՀՀ կառավարության միջոցներով:

Այգու կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 50 մլն դրամ. «Այգում նախատեսված էր Վանաձորում առաջին բացօթյա ամֆիթատրոնը, ճեմուղիներ, լուսատուներ, նստարաններ: Այն բոլոր ատրիբուտներն ինչ-որ նախատեսված է լինում բոլոր պուրակների ու այգիների համար: Նաեւ հետաքրքիր լուծում է տրված, ամֆիթատրոնի դիմացը կիսով չափ ջրավազան է, որի մեջ նաեւ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Թեեւ այգին նոր էր կառուցվել ու բարեկարգ վիճակում էր գտնվում, որոշ քաղաքացիների հավանաբար դուր չի եկել եւ որոշել են վնասել այգու լուսատուները. «Ուղղակի վատություն են արել: Ինչ-որ մեկը երեւի խաղ է մտածել, նշան են բռնել լուսատուներին ու քարերով ջարդել: Մի բառով կասեմ, որ բարբարոսություն է: Չի կարելի սեփական տան հանդեպ այդ կարգի վատ վարվել: Չեմ պատկերացնում, այդ ի՞նչ չարությամբ են լցված եղել, որ նման բան են արել: Մի քանի ամիս առաջ անցնելիս նկատեցի մեկ, թե  երկու հատ վնասվել էր, բայց հիմա համատարած բոլորը ջարդել են, ոչ մի հատ ամբողջական չկար»:

Աբովյանի խոսքով՝ վնասված լուսատուները վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչեւ 300 հզ դրամ. «Երկուշաբթի երեւի կքննարկենք, որպեսզի հասկանանք, թե ոնց է լինելու: Ըստ երեւույթին մեր փողոցային լուսավորությունը սպասարկող կազմակերպությունը, երբ որ ունենանք, նաեւ դա կներառենք ու կվերականգնենք: Ծախսն այդքան էական չէ, որքան երեւույթն է շատ վատ: Թաղամասում 30 տարվա մեջ առաջին անգամ այգի է կառուցվել ու նման վերաբերմունքի է արժանանում: Այստեղ հարց է առաջանում, ընդհանրապես ծայրամասերում պե՞տք է շարունակել նման ծրագրերը, թե՞ չէ»:

Առաջիկայում նպատակ կա պուրակ կառուցել նաեւ քաղաքի մեկ այլ ծայրամասային Բազում թաղամասում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Սուրեն Աբովյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031