«Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի»,-այսօր այս մասին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լուրերին, թե՝ Վանեցյանն այս երկու օրը հանրահավաքին չի մասնակցում, շարժումը պառակտվում է։ Վանեցյանն ասաց, որ ուղղակի հիվանդ էր։
Ապա Վանեցյանը շնորհավորեց ընտանիքի օրվա առթիվ ու ասաց․ «Ամուր, ավանդական ընտանիքը ուժեղ պետության հիմքն է, ամուր եւ ավանդական ընտանիք, այլ տարբերակ մենք չենք հանդուրժելու»։
Եվ քանի որ հանրահավաքի մեկնարկից քիչ անց անձրեւ սկսվեց, Վանեցյանն այս թեմայով մի բան պատմեց․ «Հիշեցի մի խոսակցություն, որն ունեցել եմ երկու օր առաջ մեր նահատակված հերոսներից մեկի ծնողի հետ։ Էլի անձրեւ էր գալիս, ասացի՝ մայիսի կեսն է արդեն, Հայաստանում, Երեւանում երբեք այսքան անձրեւ չի եղել, խիա էսքան անձրեւ գալիս։ Ասաց՝ մեր տղերքն են վերեւից լացում, իրենց արցունքներն են։ Ասաց՝ գիտե՞ք խի են լացում, որովհետեւ իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, բայց մենք մինչեւ օրս չենք կարողանում ազատվել իրենց սպանած ու զոհած իշխանություններից»։
Կարդացեք նաև
Վանեցյանը վստահեցրեց՝ շատ կարճ ժամանակ հետո եւ շատ կարճ ժամանակում բոլոր մեղավորները պատժվելու են․ «Բոլորը, ովքեր մեր հազարավոր տղերքին զոհեցին, հետո ասացին, որ կարային նաեւ այդ զոհերը չլինեին։ Բոլորը պատասխան են տալու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ