Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան․ «ՀՀ ոստիկանների մեծ մասը հրապարակի «Հայփոստի»  մոտից գնում են ինչ-որ մի բիզնեսից «պեչենի» են ստանում»

Մայիս 15,2022 19:28

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Շարժման առաջնորդներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ելույթ ունեցավ եւ ներկայացրեց իրենց ծրագրերը՝ իշխանափոխությունից հետո։

«Երեսուն տարիների ընթացքում դատարանները, արդարադատության ոլորտը ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Մենք ունենք դատավորներ, դատարաններ, բայց չունենք արդարադատություն։ Վերջին չորս տարիների ընթացքում դրանում է՛լ  ավելի համոզվեցինք։ Պատկերացրեք, որպես փաստաբան երբ մուտք էի գործում դատարան, արդեն հիմնական դեպքերում գիտեի, թե կոնկրետ դատավորն ինչպիսի դատական ակտ պետք է կայացնի, որովհետեւ, ցավոք սրտի, մենք ունենք դատավորներ, որոնք ունեն մեկ խնդիր, եւ դա ոչ թե օրենքին ծառայելն է, ոչ թե իրավունքը պաշտպանելն է, այլ օրվա իշխանությանը ծառայելն է։ Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում այլեւս երբեք նման դատավորներ չեն լինելու, Հայաստանում լինելու է իրական արդարադատություն, իրական դատավորներով։ Իսկ այն դատավորները, որոնք դատավորի կոչման հետ կապ չունեն, վռնդվելու են, դուրս են շպրտվելու համակարգից»,-ասաց Վարդեւանյանը։

Նա հայտարարեց, որ  ստեղծելու են պայմաններ, որպեսզի քննիչը, դատախազը, դատավորը լինի իսկապես անկախ, անկախ նրանից,թե ով  կլինի իշխանություն, եւ անկախ նրանից, թե այդ իշխանությունը ինչ կցանկանա կոնկրետ գործով․ «Մենք տեսնում ենք իշխանության ներկայացուցիչները խոսում են դաշնակցական մեր երիտասարդ տղերքի մասին ու ասում՝ անպայման պետք է կալանավորվեն։ Դատարաններն էլ կալանավորում են։ Մենք չենք ունենալու այդպիսի դատավորներ։ Մենք չենք ունենալու այդպիսի դատավորներ, դրա  համար պետք է անկախության երաշխիքներ, ու դրա հիմքերն ու  հնարավորությունները կան։ Պետք է ոչ թե պարգեւավճարներ բաժանել ամեն մի պատահածի, այլ դատավորների համար ստեղծել անհրաժեշտ հիմքերը ու մենք դա միասին կանենք»։

Արամ Վարդեւանյանը ոստիկանների մասին մի բան պատմեց, իր խոսքով՝ դաժան պատմություն․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մենք ապրում ենք այն իրականության մեջ, որ Հայաստանի ոստիկանների մեծ մասը հրապարակի Հայփոստի շենքի մոտից գնում են ինչ-որ մի բիզնեսից նվեր, կաշառք, անունն ինչ ուզում եք, դրեք, պեչենի են ստանում։ Այդ հույսին են մնացել։ Հայաստանում չի լինելու ոստիկանություն, որ ինչ-որ մի բիզնեսի պեչենու հույսին լինի, իրենք արժանապատիվ կյանք են ունենալու, ծառայելու են օրենքին, իրավունքին, լինելու են անկախ»։

Իշխանափոխության դեպքում Վարդեւանյանն ասաց, որ արդարադատության մեջ ժողովուրդը պետք է մասնակից լինի գործընթացին։ Նա բերեց աշխարհի փորձը՝  երդվյալ ատենակալների ինստիտուտը․ «Որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին եւ որոշում են անձի մեղավոր կամ անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ, եթե համաձայնեք, միացեք այս գաղափարին, քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում»։

Նա խոստացավ վարորդների բալային համակարգն ու կարմիր գծերը վերացնել,  քննարկել համաներման հարցը, ինչպես նաեւ կասեցնել գույքահարկի բարեփոխումը եւ անել իրական բարեփոխում։

«Այս իշխանությունը ի թիվս այլ մեղքերի,  նաեւ մեր հավատքից էլ են շեղվել, հեռացել, էլ չասեմ ուրիշ ինչեր են արել։ Աստվածաշնչում սեւերի, սպիտակների, իրարից կռվելու, բաժանվելու հետաքրքիր պատմություն կա՝ Կայենի եւ Աբելի պատմությունը։ Աստված հարցնում է Կայենին, ասում է՝ ո՞ւր է քո եղբայրը։ Հնչում է պատասխան՝ չգիտեմ, ի՞նչ է, ես իր պահա՞կն եմ։ Այս իշխանությունները կարողացան հարազատ եղբայրներին, քույրերին բաժանել։ Հիշենք՝ հինգ-տասը տարի առաջ մենք ունեինք տարբեր քաղաքական հայացքներ, բայց մենք երբեք խնդիր չունեինք իրար հետ սեղան նստելու, հաց կիսելու։ Այս  մարդիկ կարողացան պառակտում մտցնել նույնիսկ ընտանիք, նույնիսկ ամենահարազատ ընկերների միջավայր, որովհետեւ իրենք պատկերացնում են, որ իրենք իրենց եղբայրների եւ քույրերի ո՛չ պահակն են, ո՛չ էլ պաշտպանը։ Իսկ մենք ասում ենք՝ մենք մեր եղբայրների, քույրերի, մեր հողի ու ջրի, մեր հայրենիքի պահակն ենք, պաշտպանն ենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031