Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի ակադեմիական տասհատորյակի ծանոթագրությունները` նշանակետում

Մայիս 15,2022 16:31

«Գրական թերթի» 2022 թվականի ապրիլի 15-ի համարում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի հեղինակությամբ լույս է տեսել «Մի քանի խոսք Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի և առհասարակ ակադեմիական հրատարակությունների մասին» վերտառությամբ հոդված, որտեղ խոսվում է Թումանյանի ակադեմիական տասհատորյակի նոր, վերախմբագրված հրատարակության և մասնավորապես դրանցում առկա որոշ խնդիրների մասին, ավելի կոնկրետ՝ երկու ծանոթագրությունների:

Հոդվածագիրը նշել է, որ երկրորդ հատորում «կան մի քանի ցավալիորեն աչք ծակող փաստեր»: Եղիազարյանը գրում է Թումանյանի անավարտ «Անբուն կկուն» բալլադի մասին, ապա մեջբերելում ծանոթագրություններում տեղ գտած մի հատված. «Գ­րա­կա­նա­գետ Ս. Մու­րադ­յա­նը, որն այդ ժա­մա­նակ [բալ­լա­դի ձե­ռագ­րի երկ­րորդ մա­սի ա­ռա­ջին հրատ. ժա­մա­նակ] ԲԵՀ-ի [­Բան­բեր Եր­ևա­նի հա­մալ­սա­րա­նի] աշ­խա­տա­կից­նե­րից էր, հի­շում է. «ԲԵՀ-ում տպագր­վել է գլավ­լի­տի կրճա­տում­նե­րով. կռա­հել էին, որ Թու­ման­յա­նի կեր­պա­վո­րած կեն­դա­նի­նե­րը հի­շեց­նում են ժա­մա­նա­կի քա­ղա­քա­կան դեմ­քե­րին. աղ­վե­սը՝ Լե­նի­նին, գայ­լը՝ Նի­կո­լայ ցա­րին և­ այլն: Ան­բուն կկուն հայ­րե­նազրկ­ված հայ ժո­ղո­վուրդն է, իսկ հան­ճա­րե­ղո­րեն մտած­ված դի­պա­շարն այ­լա­բա­նո­րեն ակ­նար­կում է ԽՍՀՄ կազ­մա­վո­րու­մը: Երբ աղ­վե­սը խո­սում է ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մութ­յան մա­սին, կեն­դա­նի­նե­րը համ­բուր­վում են. և «մե­կի գլու­խը մնաց մե­կե­լի բե­րա­նում» (­Թու­ման­յան, ԵԼԺ, հ.2, 2018, էջ 609):

Ազատ Եղիազարյանն այս առումով նշել է, որ «Թումանյանի սևագրին ծանոթ ընթերցողի մեջ անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքեր կան այսպիսի անառարկելի հայտարարություն անելու համար, որտե՞ղ են այն փաստերը, որոնք գայլի մեջ ցուցադրում են Նիկոլայ ցարին, իսկ աղվեսի մեջ այդքան հստակ մատնացույց են անում Լենինին: Չկա՛ն այդպիսի փաստեր»: Այս ամենին զուգահեռ մեջբերվում է բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանի մեկ այլ պնդում՝ «հանճարեղորեն մտածված դիպաշարն այլաբանորեն ակնարկում է ԽՍՀՄ կազմավորումը» և հոդվածագիրն այն որակում է որպես անհիմն հայտարարություն:

«Գրական թերթի» ապրիլի 29-ի համարում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն, անդրադառնալով Ազատ Եղիազարյանի հոդվածին, նշել է, որ «Սամվել Մուրադյանի գրածի հիմնավորվածությունը և ընդհանրացվածությունը ցույց տալու համար հարկավոր է հետադարձ հայացք նետել «Անբուն կկուի» հիմքում գտնվող «Գայլի և աղվեսի» պատմությանը մինչև Թումանյանի նորովի մեկնաբանությունը»:

«Գրական թերթի» մայիսի 6-ի համարում էլ բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանի արձագանքն է տեղ գտել՝ «Ակամա պատասխան» վերագրով:

Սամվել Մուրադյանը հոդվածում Ազատ Եղիազարյանին անվանում է «փաստ» ու «հիմք» պահանջող «դատախազ»: Ազատ Եղիազարյանի հոդվածում տեղ գտած հարցը, թե՝ ի՞նչ հիմքեր կան այդպիսի անառարկելի հայտարարություն անելու համար, որտե՞ղ են այն փաստերը, որոնք գայլի մեջ ցուցադրում են Նիկոլայ ցարին և աղվեսի մեջ՝ Լենինին, Սամվել Մուրադյանը պատասխան հոդվածում անդրադարձել է. «Կան և հենց Թումանյանի ստեղծագործության մեջ: Տեսնել է պետք, և Վ. Դևրիկյանը տեսել է դրանք»:

Մուրադյանն անմասն չի մնացել և անդրադարձել է Ազատ Եղիազարյանի մեկ այլ՝ «Պե՞տք է այսօր գրականագիտությունը» հոդվածին, որը տպագրվել է «Գրական թերթի» փետրվարի 11-ի համարում: «Իր վերջին հոդվածներից մեկում Ա. Եղիազարյանը հանրային քննարկման էր ներկայացրել մի հիմնահարց՝ այսօր պե՞տք է արդյոք գրականագիտությունը: Պատասխանում ենք՝ այո՛, պետք է և հատկապես իր՝ Ա. Եղիազարյանի համար»,-հոդվածում նշել է Սամվել Մուրադյանը:

Նշենք նաև, որ «Գրական թերթի» ուրբաթ օրվա՝ մայիսի 13-ի համարում այս թեմայով պատասխան-արձագանք չի եղել:

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031