Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղոն, Ննջածը, Վիշապն ու էշը

Մայիս 15,2022 15:10

Դպրոցը, ուր աշխատում էր նա, բանուկ փողոցի վրա էր: Քարասյուների մեջ ագուցած տեգաձև մետաղե ճաղաշար պարսպից ներս նրա տիրույթն էր: Առաջին հերթին՝ դա բակն էր, կիսաբանջարանոց այգին, միջանցքները, տղաների պետքարաններն ու բոլոր ծակուռները: Վաղինակը գիշեր-ցերեկ պահակում էր դպրոցում, նաև՝ կնոջ փոխարեն: Կենտ ու մենտ էր գնում տուն. կինն էր կանոնավոր հացուջուր բերում նրան: Նա  դպրոցի ծույլ  ոգին էր, կատակասեր, բարեմիտ: Պատանիներին առինքնել էր իր անպարկեշտ, զվարճախոս բառուբանով ու դարձել անվիճելի հեղինակություն նրանց համար. խոսքը՝ խոսք էր:

-Թողլի՛1, արի՛ ստեղ,-հաճախ էր կանչում նա դասամիջոցներին կետուպուկ անող արբունքահար աշակերտներին ու… սրանք հնազանդ գալիս էին: Տարիների ընթացքում հարյուրավոր պատանիներ լսել ու արձագանքել էին Վաղինակի մոգական կանչին՝ անհաղորդ մնալով բառիմաստին:

Որոշ ժամանակ դպրոցի դաստիարակչության գծով պատասխանատուն էի: Հաղորդեցին, որ ոստիկանության անչափահասների գործերով տեսուչը դպրոցում է ու ինձ է փնտրում: Դուրս եկա միջանցք: Քիչ հեռու, տնօրենի աշխատասենյակի դիմաց,  Վաղինակը լուրջ-լուրջ զրուցում էր ոստիկանական համազգեստով տեսուչի հետ: Ավագ լեյտենանտ էր`գեղեցկադեմ, սլացիկ, կոկիկ: Մոտեցա, քաղաքավարի բարևեցի ու մինչ կհասցնեի ներկայանալ, Վաղինակը թե.

-Պարոն Գևորգյան, ծանոթացիր, հրես՝ մեր թողլիներից է:

Ասաց անխռով, առանց հույզի նշույլի ու դիմախաղի: Կարկամած հայացքիս առաջ սկսեց  շիկնել ոստիկանը…Նա մեր շրջանավարտներից էր ու անցել էր Վաղինակի դպրոցով…

Վաղուց նրան չէի տեսել: Մեկ-մեկ, երբ փողոցում պատահական կհանդիպեր, անպայման կմոտենար, ուրախ սրախոսություններ կաներ: Կարծես, այդ կերպ  ճակատում էր մշտագրոհ կարիքին: Նա վաթսունն անց էր. միջահասակ, չորուկ ու ճաղատ: Պահակությունից զատ՝ երբեք ուրիշ գործ չէր արել: Գիտեի, որ աշխատանք չունի. դպրոցը հիմնանորոգման մեջ էր:

-Վաղո՛, ինչո՞ւ չես աշխատում,-հարցրի: Ուսերը ցնցելով ասաց.

-Ո՞նց աշխատեմ, ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ:

-Դու էլ գարնանն ու աշնանն աշխատիր:

-Լսի՛ր, մոտդ ինժեների տեղ չկա՞, ինձ ընդունիր:

-Ա՛յ անխելք, ես քեզանից եմ փախել, ո՞նց ընդունեմ:

-Լա՜վ-լավ, էլ բան չես ասելու՞:

-Որ ասում եմ՝ ինչ…ասացի են խաղողը քաղիր, փչանում է՝ չարեցիր, դա  հերիք չէ, դեռ նոր տարվա համար էլ արաղ էիր ուզում: Վաղո՛, բա այսքան ժամանակ չգիտե՞ս, որ խաղողից էլ են օղի քաշում: Քաղեիր՝ կխմեիր:

Տղայիդ չես պսակե՞լ:

-Չէ, չի ուզում: Ձևը չգիտի… երևի:

-Սովորեցրու:

-Ա չէ՜, է, իրա բանը չի…

-Լավ էլ բանն է, փոթեր չդնես, կարգին տղա է. մի պատմիր, թող էս մարդը լսի, թե ինչպես ու ինչու է ծեծել խնամուդ:

Նկատելի աշխուժացավ, աջ ու ձախ ծիկրակեց ու շարունակեց կայտառ.

-Բա չծեծի՝ ի՞նչ անի: Անխելքն  աղջկաս՝ իրա հարսին, մեր է քրֆում: Սամոյիս էլ ականջն է ընկնում. մի լավ քոթակում է: Չասե՞ս՝ ա՛ շան տղա, էդ գործը ես եմ անում, ի՞նչ գործ ունես, հո՞ր ես քիթդ կոխում, որ թակ ուտես:

Ուղեկիցս քահ-քահ ծիծաղեց ու մագնիսացած սևեռվեց անծանոթի վրա: Վաղո, լավ, մի էս մարդու պատվին պատմիր, թե ինչպես խաղացիր են Ծիտիկ մականունով ալևորի հոգու հետ:

-Դու՛ պատմիր, կարող է փակեն, գնում եմ շտաբ՝ տեսնեմ բան է՞ դուրս գալիս: Է՜, է, լավ չէ՞ր առաջ, թագավորի  աղբերը, որ եկել է՜ր…դպրոց՝ հանդիպման, սաղ Մարտիրոս Սարյան էր,-փութով վրա տվեց ու հեռացավ:

-Դե, ծիտիկ-միտիկը պատմի՛ր,- հայացքով ճամփելով հեռացող նորածանոթին, պահանջեց ուղեկիցս: Սեթևեթելու հնար չկար… պատմեցի:

Սեպտեմբերյան արևկա օր էր: Դպրոցի բակում՝ անմիջապես մայթեզրյա ճաղավանդակ պարսպից ներս, զովասուն լորենու շվաքի ցայտաղբյուրի մոտ, զրուցում էինք: Փողոցից անդին, նոսր, հաստաբուն ծառերով պուրակի խորքում, կով էր արածում: Մայթն ի վար ծերունի էր իջնում: Ծիտիկն էր՝ կարճահասակ, քրտնամած, որի տխուր աչքերից խեղճություն էր կաթկթում: Կովը նրանն էր: Հսկում էր հեռվից-հեռու ու ծույլ-ծույլ մայթով վեր ու վար անում: Վաղինակը մեզ հետ էր: Նկատելով նրան՝ մոտ կանչեց: Մարդը հեզորեն մոտեցավ պարսպի ճաղավանդակին, բարևեց: Բոլորիս հայացքները գամվեցին նրան:

Ականջախեցիներին լսողական սարքեր կային: Սառը, ապակեփայլ աչքերով Վաղինակի դեմքին սատանայական ժպիտ ցոլաց: Խանդաղատագին, գորովանական ելևէջով հարցուփորձ արեց վաղո՜ւց-վաղուց կարեկցանքի կարոտ ծերի հետ: Բոցավառելու ունակ կայծեր ցոլացին տարեցի հանգած ակնախորշերում: Կտրուկ, անսպասելի, էս անիծյալի ձայնը չքցավ, թեև, նույն ռիթմով շրթունքները, խոսելու հանգույն, ներդաշնակորեն վեր ու վար էին անում: Ծիտիկի հայացքում խուճապ թպրտաց:

Ծերունին այլայլված մատնազարկեր հասցրեց դալկացած ականջախեցիներին: Վաղինակը ձայնալարերը կրկին գործի դրեց, կրկին հուսավառ փայլ առավ ծերունու մոմե դեմքը, հետո՝ կրկին ստվեր սահեց: Մարդն այս անգամ էլ ափազարկերով խթանեց ականջախեցիներն ու շողաց շռայլ, ինչպես արևը խավարումից հետո: Այդպես էլ Ծիտիկը գլխի չընկավ, թե ինչ   պատահեց լսասարքի ու մեր հետ, որ հեկեկանքի հանգույն հռհռում էինք Վաղինակի անհաղորդ հայացքին  հանդիման:

-Մի օր, տևական ժամանակ անց, զանգահարեց ու անջատեց: Հետ զանգեցի: Տխուր էր: Մեր ընդհանուր ընկերն էր վախճանվել: Հաջորդ օրը հանդիպեցինք սգո սրահում: Բարևեցինք:

-Է՜,-ասաց,- էն Գաբրիել շան տղան գերանդին փոխարինել է բենզահնձիչով, ջնջելով գալիս է՜, հանգը-հունգը՝ հերթը մերն է, ի՞նչ է դառնալու…

-Նախ քո անունից խոսիր, հետո էլ՝ գերեզմանափոր Երջոն ո՜ղջ կենա, Վաղո: Ու՞մ է թողել տափին՝ որ քեզ թողնի, անհոգ կաց, դու ազատ մեռիր,-ասաց Երեմը, որի  հետ էր նա:

Գերեզմանատանն ենք: Մինչ վարձու դամբանախոսը խղճուկ լեզվով  մեծարանքի գովք կբառկապեր հանգուցյալ ոսուցչապետի անունին, Վաղոն հառաչելով ասաց.

-Մարդը մեռնելուց հետո, գոնե, պիտի բախտ ունենա: Եթե իմանամ, որ սա է խոսելու իմ հոգեհացին՝ չեմ մեռնի: Հը՞, Երեմ, դու՞ ինչ կանես:

-Ես կմեռնեմ:

-Խի՞ :

-Երեսդ տեսնողը կուզի՞ ապրի, համ էլ կենում եմ՝ ի՞նչ անի: Էգուց ոչ էդ ասողն է լինելու, ոչ Երջոն, ոչ էլ ուրիշ մարդ: Երկիրը դատարկվում է: Մեռնենք, էդ գործը ղաթից դուրս գա:

-Մեջքիդ կանգնած եմ, արխային,-հեգնեց Վաղինակը:

-Սարսաղ-սարսաղ դուրս մի տուր, ավելի լավ է՝ ասա, ո՞վ է են թմբին կանգնածը. ասաց ու նշանացի ցույց տվեց շիրմափոսից հանած հողակուտակին կանգնած տրտում մարդուն:

-Վիշապի տղան է՝ Ննջածը:

-Բան ասա՝ բան հասկանաք, ին՞չ Վիշապ, ին՞չ Ննջած,-խեթեց Երեմը:

-Էդ է՞ իմացածդ: Չգիտե՞ս, որ մերոնք փիս փոթ անուն2 դնող են. էլ Սուտ Գյադա, էլ Վիզը Ծոռ, էլ Կանաչ Կով, էլ Գյադա Բալկոն, դե՝ մյուս կենդանունավորների մասին էլ չեմ ասում: Մի օր, էս բեռնաուղևորատար ձեռնարկության բենզալիցքավորողը, որը տեղացի չէր ու նոր էր ընդունվել աշխատանքի, դժգոհում է տնօրենին.

-Ես չգիտեմ՝ գազանանոցու՞մ եմ աշխատում. բենզինը լցնում եմ, մեքենայի համարի դիմաց պիտի վարորդի անունը գրեմ, գալիս են թե՝ Աղվես, Լոկ, Օձ, Մուկ ու Մոծակ, Էշ ու Ջորի,-ձեռ ե՞ն առնում ինձ,-գանգատվում է մարդը:

Մինչ շիրմափոսը կլցվեր, Վաղինակը սահուն անցում կատարեց Ննջածի ով լինելուն:

-Էս Ննջողը հանգուցյալի՝ հասակակից ազգականն է: Սրա հայրը երկարաբոյ մարդ էր, լսեցե՛ք,-ցածրաձայն, հրամայական տոնով պահանջեց Վաղոն ու բոթեց մտացրիվ Երեմին,-ճվարանի քամակից չի թափվում. հետաքրքիր է: Արտասովոր վիզ ուներ. գլուխը մարմնի սահուն շարունակությունն է, կարծես՝ առանց պարանոց: Սրանք մի էշ են ունեցել, երկարաոտ ու գեղեցիկ՝ ջորու նման: Երբ դեռ մեքենա չկար, ասում են, դրանով էին քաղաքի հացի խանութին հաց մատակարարում: Պատերազմի ժամանակ սրանց էշին բանակ են տանում. այդպես էր՝ ձիերին, ջորիներին հավաքում էին, նաև՝ լավ էշերին:

-Էս ախմախը մեզ սպանելու է, ծիծաղեցնի, խայտառակ անի,-մտահոգվեց Երեմն ու ոտնաթաթի ծայրով սեղմեց Վաղոյի գունաթափ կոշիկի ոլորուն քիթը:

-Քեզ  էլ կտանեին, Երե՛մ, քացի մի տուր, լսի՛ր,-հորդորեց Վաղոն ու շարունակեց,-հետո հորն են տանում ռազմաճակատ: Մայկոպի կողմերում՝ լեռներում, էս Վիշապը հանդիպում է իրենց էշին՝ փամփուշտի արկղեր բարձած ու ճանաչում: Էշն էլ է ճանաչում ու զռռալով մոտենում: Էս մարդը գրկում է գլուխն ու սկսում հեկեկալով պաչպչել արտասվող ավանակի քիթ ու մռութը,-ասաց ու կարծես, խուզող հայացքով կսմթեց:

Հույզը թախիծ մաղեց Երեմի դալուկ դեմքին: Ու մինչ կսթափվեինք՝ շարունակեց.

-Ննջածի հերը հասնում է Բեռլին, շքանշաններով վերադառնում տուն:

Վարորդ էր: Մի օր վեր է կենում՝ տեսնում՝ քաղաքի խաղադաշտում քառասուն-հիսուն բեռնատար Սուդոբեքքերներ են կանգնած: 1949 թվականն էր, Մեծ աքսորի տարին: Ենթադրություններով, մտքերի մեջ ընկած, գնում է ամենամոտ երկաթուղային կայարան, ինչպես հաճախ էր լինում: Մայրը հարուստի աղջիկ էր եղել: Գալիս, հարցնում են Ննջածի մորը, թե տատիկին ո՞վ է պահում, ասում են՝ մենք, մարթուս մերն է: Ու՝ հայդե, մի բեռնատար կանգնում է դռանը, ժամանակ են տալիս: Ինչ կարողանում՝ բարձում են ու… ընտանիքով նստում. ուղիղ կայարան: Ճանապարհից էլ վերադարձող Վիշապին են բռնում, մեքենան ձեռքից առնում՝ Սիբիր:

Վերջը՝ բարեկամ, մոտիկ նամակ են գրում Ստալինին, մեդալները, Բեռլինը մեջտեղ բերում, աղաչում-պաղատում, ու մի երկու տարի հետո բաց են թողնում խեղճերին:

Երբ Վաղինակն ավարտեց խոսքը, Երջոն արդեն վերջնականապես ծաղիկներով հարդարել էր հանգուցյալի պաղ շիրիմը:

1.Օտարամուտ տերմին. նշանակում  միջնեկ ոչխար. գործածվում է գլխավորապես Սյունիքում և Արցախում:

2.Մականուն

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Ա. Բակունցի տուն-թանգարանի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031