Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers association, WPTA) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնում նշանակվել է դաշնակահարուհի Անի Առուշանյանը:
WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին՝ պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են աշխարհահռչակ երաժիշտներ:
Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիան արդեն 15 տարեկան է, իսկ WPTA ARMENIA-ն մի քանի ամիս է, ինչ գործում է: Այն ղեկավարում է դաշնակահարուհի, արվեստագիտության թեկնածու Անի Առուշանյանը:
«Նոր ենք սկսում մեր աշխատանքը, բայց հստակ նախագծեր կան արդեն Իտալիայի և Իսպանիայի մասնաճյուղերի հետ՝ կազմակերպելու վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում՝ աշխարհահռչակ և կայացած երաժիշտների հետ: Դա խթանող մեծ քայլ է մերօրյա հայ դաշնակահարների համար»,- նշել է Ա. Առուշանյանը:
Անի Առուշանյանը 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով երաժշտության և կատարողական արվեստի մագիստրոսի կոչում: 2014 թվականին ստացել է արվեստի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Որպես համերգային գործունեություն ծավալող նվագախմբային դաշնակահար, կամերային երաժշտության կատարող՝ Անի Առուշանյանը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Պորտուգալիայի, Իրանի և այլ երկրների համերգասրահներում։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ