Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բիֆ Վելինգտոն»՝ տավարի ֆիլեն՝ խմորի մեջ (տեսանյութ)

Մայիս 15,2022 20:30

Ֆրանսիական խոհանոցի յուրահատուկ եւ տոնական ուտեստներից մեկը՝ boeuf en croute, որն ավելի հայտնի է աշխարհում անգլիական անվանումով՝ Beef Wellington, միայն թվում է, թե շատ բարդ է՝ պատրաստման տեսակետից: Իրականում որեւէ բարդություն չկա, միայն մի քիչ ջանքեր եւ ժամանակ, եւ նման գեղեցիկ ու տոնական ուտեստը ձեր սեղանին կլինի:

Անհրաժեշտ մթերքները

Տավարի ֆիլե (սուկի, tenderloin, вырезка)- 0,5-07 կգ

Շերտավոր խմոր- 500 գրամ

Սունկ-1 կգ

Սոխ- 2-3 գլուխ

Սխտոր-3-4 պճեղ

Բուսական յուղ-4-5 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ, չորացրած կանաչիներ-ըստ ճաշակի

Մանանեխ- 3-4 ճաշի գդալ

Խոզապուխտ (բեկոն, грудинка, պրոշուտո կամ որեւէ այլ տեսակի ապխտած միս)- 5-6շերտ

Նրբաբլիթ- 3-4 հատիկ

Հավկիթ-1 հատ

Պատրաստման եղանակը

Մաքրեք, լավ լվացեք սունկը, սոխը եւ սխտորը, դրեք չորանա: Տավարի մաքրած, պատրաստած սուկին տապակեք գրիլ թավայի վրա՝ ամեն կողմից երկու րոպեով: Չանհանգստանաք, թե լավ չի եփվի, որովհետեւ նախ՝ սուկին ամենանուրբ միսն է, որից անգամ հում ճաշատեսակներ են պատաստում, օրինակ՝ կարպաչչո, չի քյուֆթե եւ այլն, նաեւ՝ «արյունոտ» սթեյքերը, եւ երկրորդ, բացի գրիլի վրա արագ տապակվելուց, այն նաեւ մոտ 30-40 րոպե ջեռոցում է մնալու՝ խմորի մեջ: Այդպես պատրաստելու դեպքում միսը գրեթե չի փոխում գույնը, մեջը վարդագույն-կարմիր է մնում, սակայն ամբողջովին ջերմամշակված է լինում, այնքան՝ որքան պետք է:

Միսը դնել մի կողմ, որ սառչի: Բանջարեղենը պետք է շատ մանր կտրատել:

Բուսական յուղի մեջ տապակեք սկզբում սոխը, սխտորը, ապա՝ սունկը: Վերջում ավելացրեք համեմունքները:

Շերտավոր խմորը բացեք: Նրբաբլիթները շարեք իրար կողք այնպես, որ երկար շարք դառնա: Նրբաբլիթների վրա դասավորեք խոզապուխտի կտորներն այնպես, որ ամբողջովին ծածկի այդ շարքը: Դրա վրա էլ լցրեք տապակած սունկը: Միսը պատեք մանանեխով եւ դրեք սնկի վրա: Զգուշությամբ փաթաթեք նրբաբլիթներն այնպես, որ միսը ամբողջությամբ ծածկվի: Այդ ամբողջը տեղափոխեք շերտավոր խմորի վրա: Շերտավոր խմորն էլ փաթաթեք գլանակի տեսքով: Ձվի դեղնուցով պատեք խմորի գլանակը: Կարող եք ձեւավորել խմորի կտորներով կամ պարզապես պատառաքաղով նախշեր անել:

Դրեք նախապես 220 աստիճան տաքացված ջեռոցը 40 րոպեով:

Ջեռոցից հանելուց հետո թողեք առնվազն քսան-երեսուն րոպե, որից հետո կտրատեք եւ մատուցեք:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031